Հասարակություն

Մեր լռությամբ մեղքի բաժին ունենք. Հայոց ցեղասպանությանը նվիրված ստամբուլյան համաժողովը

Ստամբուլի «Իսմայիլ Բեշիքչի» հիմնադրամում երեկ տեղի է ունեցել  «2015 թից 1 պակաս. մեր անցյալն ու ապագան» խորագրով համաժողովը։ Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին ընդառաջ այս համաժողովը կազմակերպել էլ Թուրքիայի լրագրողներից, փաստաբաններից և իրավապաշտպաններից կազմված նախաձեռնող խումբը, հաղորդում է Akunq-ը։

Նիստի ժամանակ բանախոսներից Գայուշ Չալըքման Գավրիլովը իր ընտանիքի պատմության օրինակով անդրադարձել է Հայոց ցեղասպանության ժամանակ հայ կանանց ու աղջիկների կրած տառապանքներին՝ նշելով, որ այս կանայք վախի կամ ամոթի զգացումից դրդված խուսափում էին խոսել իրենց անցյալի, արմատների մասին: Ցեղասպանության այս վերքերը նրանցից ոմանք կարողացան հաղթահարել և իրենց թոռներին կամ երեխաներին պատմեցին իրենց ապրած ողբերգության մասին։

«Երբ այսօր Ստամբուլի փողոցներ ենք դուրս գալիս և պաշտպանում բռնաբարված երեխաների ու կանանց, երիտասարդ տարիքում բռնի ամուսնացված աղջնակների իրավունքը, ես այս պայքարի շրջանակներում բարձրաձայնում եմ նաև բռնության ենթարկված այդ հայ կանանց բողոքը»,- ասել է բանախոսը։

Նա հետաքրքիր դիտարկում է կատարել նաև ցեղասպանությունը վերապրած երեխաների գենետիկ հիշողության, հայկական սովորույթներն ու ավանդույթները ենթագիտակցական մակարդակով պահպանելու և առօրյայում ծածուկ կիրառելու մասին։ «Շատ եմ մտածել, թե 6 տարեկան երեխան ինչպե՞ս կարող էր հիշել և հետագայում, մոր պես, չյորեք (զատիկի խմորեղեն- Ակունքի խմբ.) պատրաստել: Կարծում եմ` հայ ընտանիքները, վտանգված գոյության ենթագիտակցական բնազդով, շատ վաղ տարիքից իրենց երեխաներին փոխանցում են շատ մեծ գենետիկ ինֆորմացիա մեր սովորույթների, մշակույթի մասին»,- նշել է Գայուշ Չալըքմանը։

Գյուլչիչեք Գյունել Թեքինն էլ անդրադառնալով ցեղասպանության ժամանակ քրդական գործոնին՝ նշել է, որ Մարդինում, Բաթմանում, Դերսիմում և մյուս հայաբնակ վայրերում քրդերը կազմակերպված կամ ոչ համակարգված մասակցել են հայերի կոտորածին, և այս փաստն այսօր ընդունում են նաև քրդերը, որի համար ներողություն են խնդրում: Ըստ բանախոսի` սակայն չպետք է մոռանալ, որ բազմաթիվ քրդեր, թուրքեր, արաբներ և այլ մահմեդականներ նաև փրկել ու տեր են կանգնել այդ երեխաներին ու կանանց, հետևաբար չպետք է կատարածի համար մեղադրել և դատապարտել մի ողջ ժողովրդի: Ի պատասխան բանախոսի դիտարկմանը՝ լսարանից մեկը  նկատել է, որ եթե անգամ այս երեխաներին ու կանանց փրկել են, միևնույն է` նրանք ալևիացվել, քրդացվել և թրքացվել են, այսինքն՝ հայկական արմատներից պոկվել են, ինչն արդեն իսկ համարվում է ցեղասպնություն:

Լրագրող Էրգյուն Բաբահանն իր զեկույցում նշել է, որ Հայոց ցեղասպանւթյան մասին թուրքական մամուլում անհավատալի լռություն է տիրում, որովհետև համատեղ մեղք է գործվել. «Ոչ ոք չի ուզում ասել, որ սպանել է իր հարևանին, գողացել նրա աղջկան: Սա հասարակական վնասվածքի արդյունք է: Թուրքիայի միակ խնդիրն այն է, որ իր հասարակությանը մեծացնում է վախի մթնոլորտում, թերարժեքության բարդույթով: Գոյություն ունեցող առերեսման վախի տաբուն կարող է ջարդել սոցիալական մեդիան: Սա աստիճանաբար պետք է տեղի ունենա, մինգամից չես կարող ասել` այո՛, սպանել ու բռնաբարել ենք: Կարծում եմ` պետք է վավերագրական ֆիլմերի, նման գիտաժողովների միջոցով ժողովրդին պատրաստել»,- ասել է նա։

«Մեր լռությամբ մենք էլ մեր մեղքի բաժինն ունենք: Անգամ հակահայ կեցվածքով հայտնի Դողու Փերինչեքի ազատ արձակման փաստը մեր օրակարգ չբարձրացրեցինք, նախընտրեցինք լռել »,- համաժողովի արդյունքները ամփոփելով՝ հայտարարել է թուրք հայտնի իրավապաշտպան Էրեն Քեսքինը։

Կարդացեք նաև

Back to top button