
2021-ի հունիսին ուժի մեջ մտած՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 9-րդ հոդվածն ասում է՝ Կառավարությունը պետք է հաստատի համալիր ծրագիր։ 2 տարի անց՝ 2023-ի հունիսին, ծրագիրը հաստատվել է։ Այս փաստաթղթի համաձայն է իրականացվելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտում պետական քաղաքականությունը։
Երկար սպասված ծրագիրը, սակայն, միանշանակ չի ընդունվել հենց շահառուների կողմից։
***
Փաստաթուղթը հիացմունք առաջացնում է, վստահություն՝ ոչ։ Այս բնորոշումն է տալիս «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թվականների համալիր ծրագրին։
Հաշմանդամություն ունեցող անձանց և շահագրգիռ կողմերին առաջինը հետաքրքրում է ծրագրի ընդունման՝ այսքան երկար հապաղումը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը «Ռադիոլուր»-ին ներկայացնում է պատճառները․
«Քննարկումներ եղան շատ նախարարությունների հետ։ Մենք փորձում էինք նրանց հետ հանդիպումներով համոզել նոր ծրագրեր ունենալ, ավելի լայն թափով խթանել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման դաշտը։ Մեր հանդիպումները երկար, շատ երկար տևեցին, որ կարողանայինք համալիր ծրագիրը վերջնական տեսքի բերել։ Խնդիրը դա էր։ Օրենքով համալիր ծրագրի մշակման համար սահմանված ժամկետ չունենք, պարզապես մշակման ընթացքը երկար տևեց»։
Աննա Հակոբյանի խոսքով՝ հիմնական խնդիրն առնչվում էր ֆինանսական հաշվարկներին։ Համացանցային քննարկումներում հաշմանդամություն ունեցող անձինք հենց այս մասով վերապահումներ են հայտնում։ Համալիր ծրագրի նախնական տարբերակում, որը հրապարակվել էր e-draft հարթակում, որոշ միջոցառումների համար ենթադրվում էր պետական բյուջեից միջոցների ներգրավում։ Ընդունված ծրագրով այդ միջոցառումների իրականացման համար ռեսուրսները «գտնվելու են» «օրենքով չարգելված այլ աղբյուրներից»։

Մուշեղ Հովսեփյանի ֆեյսբուքյան ամբողջական գրառումը՝ այստեղ։
«Միգուցե որոշ չափով միջոցառումները քչացել են, բայց դրանք դարձել են կոնկրետ, այդ թվում՝ իրենց ֆինանսական ցուցանիշներով։ Եվ որտեղ դժվարացել ենք կոնկրետ ֆինանսական հաշվարկներ անել, թողել ենք ճկուն մի տեղ, որ հետագայում, երբ մենք կկարողանանք այդ հաշվարկներն անել, ներկայացնենք միջնաժամկետ ծախսային ծրագրում ու ի կատար ածվի։ Նույն համալիր ծրագրում կետ ունենք, որ բոլոր միջոցառումները յուրաքանչյուր տարի պիտի քննարկվեն բյուջետային հայտերի մշակման ժամանակ։ Չի բացառվում, որ միայն «օրենքով չարգելված աղբյուրներով» իրականացվելու կետերը հենց բյուջետային համակարգ բերենք, երբ կունենաք կոնկրետ ֆինանսական հաշվարկները»,- պարզաբանում է նախարարության ներկայացուցիչը։
***

Յուրաքանչյուր կետի ապահովման համար միջոցառումների ծրագիր է մշակված։ Դրանց համար պատասխանատու է ոչ թե միայն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, այլ նաև մյուս բոլոր գերատեսչությունները՝ ոլորտային ներգրավվածությամբ․
«Համալիր ծրագրում սահմանված են ժամկետներ, պատասխանատուներ և համակատարողներ և բոլորը պետք է այդ ժամկետներում միջոցառումը կատարած լինեն։ Նաև մոնիթորինգի մեխանիզմներով է ամրագրված, որ նախարարությունը բոլոր գերատեսչություններից պետք է ստանա հաշվետվություն կատարված աշխատանքների մասին և դրանք հրապարակի նախարարության կայքէջում»,- ասում է Աննա Հակոբյանը։
Ծրագրի ընդունումից հետո եռամսյա ժամկետում ձևավորվելու է մոնիթորինգ իրականացնող աշխատանքային խումբ, որը գնահատելու է բոլոր ոլորտներում իրականացվող աշխատանքները և ներկայացնելու է դրանք հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովին։
***
Սակայն շահառուներին հետաքրքրում է ոչ միայն երբ, ֆինանսական ինչ միջոցներով և ում պատասխանատվությամբ են իրականացվելու միջոցառումները, այլ նաև այն, թե ինչու են ընտրվել իրենց խնդիրների լուծման հենց այս ճանապարհները։ Արմեն Ալավերդյանը ծանոթացել է ընդունված ծրագրին և «Ռադիոլուր»-ին շահառուի կարգավիճակով ներկայացրել՝ ինչ խնդիրներ կարող են առաջանալ։
- Մատչելիություն՝ ապագայի ինչ-որ անորոշ պահին
«Մատչելիության վերաբերյալ արդեն 30 տարի խոսում ենք, բարձրաձայնում ենք, ակցիաներ ենք անում։ Հիմա նորից կարդում եմ՝ մինչև 27 թվականը պետք է մատչելիությունը հնարավորինս ապահովված լինի և այդ նպատակով կմշակվի պլան-ժամանակացույց հասարակական արտադրական նշանակության շենք-շինությունների հարմարությունն ապահովելու համար։ Է, մշակեիք, ախր, ինչքա՞ն կարելի է սպասել ու հետաձգել էդ պլան-ժամանակացույցը։ Կարծում եմ՝ հենց նման ծրագիր, որը կոնկրետ ժամկետներ ունի, կոնկրետ բյուջե ունի, հենց իսկական տեղն է, որ այդ պլան-ժամանակացույցը ներառված լինի և ոչ թե նշվի որպես բարի ցանկություն»,- ասում է Արմեն Ալավերդյանը։
Նախարարությունից «Ռադիոլուր»-ին փոխանցում են՝ այս պահին աշխատանքներ են ընթանում Քաղաքաշինության կոմիտեի, ՏԿԵ նախարարության հետ։ Դրանք տեղի են ունենում վարչապետի աշխատակազմի ներգրավվածությամբ և պլան-ժամանակացույցը շուտով վերջնական տեսքի կբերվի։
- Ապաինստիտուցիոնալացում․ մեծի փոխարեն խնամքի փոքր հաստատություններ

- Անկախ կյանք՝ ուրիշի օգնությամբ
«Անկախ կյանքի ծառայությունը ո՞րն է, դու պետք է ապահովես բոլոր հիմնարար կարիքների բավարարումը․ վերականգնում, վերականգնողական պարագաներ, անկախ կյանքի հմտություններ և այլն։ Իսկ ի՞նչ է նշանակում անկախ կյանքի ծառայություն։ Եթե պետք է ինչ–որ տեղ էդ ծառայությունը ստանամ, արդեն անկախ չեղա»։
- Դեպի արժանապատիվ աշխատանք
«Զբաղվածության մասին շատ ճիշտ վերնագիր կա՝ հաշմանդամություն ունեցող անձնաց արդյունավետ զբաղվածության և արժանապատիվ աշխատանքի ապահովում։ Հրաշալի է, ո՞վ կարող է դրա հետ վիճել։ Բայց միջոցառումների ցանկում մենք ի՞նչ ենք տեսնում․ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների համար հաշմանդամություն ունեցող աշխատողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ վերապատրաստումների կազմակերպում։ Չէ լու՞րջ։ Այսինքն, դա՞ է ամենահրատապ ու արդյունավետ քայլը, որ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքով ապահովեն»,- ասում է Արմեն Ալավերդյանը։
Նա առանց առարկությունների համաձայն է՝ համալիր ծրագրում կարևոր շեշտադրումներ են արված։ Նշում է, օրինակ, որ հրաշալի գաղափար է հաշմանդամություն ունեցող անձանց համար աջակցող միջոցների արտադրությամբ զբաղվող ընկերությունների աջակցությունը։ Սակայն տարակուսում է՝ արդյո՞ք սա է հաշմանդամություն ունեցողին աշխատաշուկա հասցնելու լավագույն տարբերակը․
«Պետք է օրենսդրական դաշտը այնպիսին լինի, որը խթանի հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքը։ Որ գործատուներին ձեռնտու լինի մեզ գործի ընդունելը, որ հարկային բեռը նվազեցվի գոնե որոշակի ժամանակով, մինչև հաշմանդամություն ունեցող անձը փորձ ձեռք բերի ու դառնա անփոխարինելի աշխատակից տվյալ կամ այլ ընկերության համար։ Կամ քվոտաների համակարգ, որը մենք օրենքում ունենք, բայց չի գործում։ Մի խոսքով՝ պետք չի միշտ հորինել նոր-նոր բաներ, պետք է նաև եղածը քայլ առ քայլ կիրառել»։
***
Առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությունից փոխանցում են՝ համալիր ծրագիրը հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված միջոցառումներ ենթադրող միակ փաստաթուղթը չէ։
«Դրանք բազմաթիվ են․ և՛ օրենքներ, և՛ ենթաօրենսդրական շատ ակտեր ունենք, որոնց միջոցով մենք քաղաքականությունը պետք է զարգացնենք։ Երբևէ որևէ պահի կանգ չենք առնելու, որովհետև նախարարությունը նույնպես շահագրգռված է այս ոլորտում բարեփոխումներ անելու և դրանք շատ ուղղություններով են՝ և՛ անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրումը, անձնական օգնականի ծառայությունը, որ սկսել ենք պիլոտը ու մյուս տարվանից կգործարկենք, խելամիտ հարմարությունների կարգը․․․ այս ամենը, կարծում եմ, վկան են, որ նախարարությունը նույնպես գնում է այդ քայլերով, որ մատչելի հնարավորություններ ու հավասար պայմաններ ապահովենք հաշմանդամություն ունեցող անձանց համար»։




