ԿարևորՀասարակություն

Քարից՝ ջութակ, հանքանյութից՝ սեղան. Գյումրիում փորձարարական արհեստանոց է բացվել

Փայտի, պղնձի, մետաղի ու պոլիմերի համակցությամբ գյումրեցի հնագետ Նորայր Պողոսյանը տարբեր զարդանախշերով կահույք և հուշանվերներ է պատրաստում: Հնագետի մասնագիտությունն օգնում  է հասկանալ հանքանյութերի բաղադրությունն ու դրանք կիրառել կենցաղում՝  օգտագործելով նաև թանկարժեք ու կիսաթանկարժեք քարեր: Փորձարարական արհեստանոցը մի քանի ամիս առաջ է բացվել և արդեն աշխատողների կարիք ունի:

Հնագետի մասնագիտությունն ու ստեղծագործական միտքը Նորայր Պողոսյանին նոր մտահղացում են տվել: Թողնելով գիտական աշխատանքը՝ արվեստի ու արհեստների քաղաքում որոշել է փորձարարական արտադրամաս հիմնել, որտեղ մետաղի, փայտի, կիսաթանկարժեք քարերի համակցությամբ յուրահատուկ կենցաղային իրեր ու հուշանվերներ է ստեղծում: Ասում է՝ հանքանյութերին նոր կյանք է տալիս։

«Հայաստանի վանակատն (օբսիդիան) ու Իջևանի ագաթը ամբողջ աշխարհում եզակի քարեր են․ ես դրսում եմ ապրել և գիտեմ դրանց արժեքը: Օրինակ՝ հիմա ինձ պատվիրել են կիսաթանկարժեք քարերից  5 հատ դուդուկ պատրաստել: Սնամեջ քարից ես ջութակ էլ եմ պատրաստել,  որի քաշը 3 կգ է եղել: Հիմա  այդ ամբողջ նյութերը՝ քարը, փայտը, մետաղն ու պոլիմերը, միացնում եմ և փորձում արտադրել եզակի նմուշի  արտադրանք՝ նույնանման երկրորդը չենք պատրաստում»:

Քարից պատրաստված երաժշտական նվագարանները գործնականում կիրառելի չեն, պարզապես հուշանվերներ են, որոնց պահանջարկը մեծ է: Մասնագիտության բերումով Նորայր Պողոսյանը տարբեր երկրներում է եղել, մի քանի տարի ընտանիքով ապրել Գերմանիայում, հետո վերադարձել հայրենի քաղաք ու սկսել զբաղվել հոգեհարազատ աշխատանքով: Արհեստանոցում տարբեր հաստոցներ են, սարքավորումներ, նյութեր: Աշխատանքային սեղանին նոր ստեղծվող արտադրանքն է։

«Այս սեղանի վրա մենք օգտագործել ենք ընկուզենի, բնական մարգարիտի փոշի, ոսկու փոշի, էպօքսիդային խեժ, պոլիմեր. դա թափանցիկ նյութ է: Վերջնական փուլում երեք շերտ կերամիկական լաքով ենք պատում, որպեսզի  պաշտպանիչ շերտն ավելի  ամուր լինի: Օրինակ՝ մենք հանքանյութերով սեղան ենք արտադրել՝ պելասիդ, որի կտրվածքում թափանցիկ բյուրեղներ են: Օգտագործել էի հայկական թափանցիկ օբսիդիանը և ֆոսֆորներ, որոնք ցերեկը էներգիա են հավաքում, գիշերը՝  թույլ լուսավորում»:

Փորձարարական արհեստանոցի ստեղծմանն աջակցել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը՝ «ԵՄ–ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագրի շրջանակում: Ծրագրի նպատակն է օգնել վերադարձած միգրանտներին ու նրանց ընտանիքի անդամներին բիզնես հիմնելու զարգացնելու գործում՝ ասում է  Միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի հաղորդակցման գծով պատասպանատու Իննա Գալոյանը.

«Եթե մարդը երեք տարվա ընթացքում առնվազն մեկ տարի ժամանակով գտնվել է երկրից դուրս, այսինքն՝ աշխատել է արտերկրում, այնտեղ վաստակած գումարները հայրենի հողում կարող է ուղղել բիզնես կամ որևէ  գործ սկսելու համար: Մենք, մի  կողմից, սա դիտարկում ենք որպես օգնություն հայրենադարձներին, մարդկանց, որոնք ցանկանում են վերադառնալ և աշխատելու նպատակով չմեկնել արտերկիր,  մյուս կողմից՝ աշխատած գումարներն ուղղակի չծախսեն, այլ ուղղեն երկրի զարգացմանն ու իրենց ընտանիքների բարօրությանը»:

Իննա Գալոյանն ասում է, որ շահառուները տարբեր բիզնես գաղափարներ են ներկայացրել գյուղատնտեսության, արդյունաբերության, ծառայությունների մատուցման ոլորտներում, հիմնել են ջերմոցներ, հյուրատներ, երեխաների զարգացման ստեղծագործական կենտրոն, տարբեր արտադրություններ: Ծրագրի պարտադիր բաղադրիչ է երկուստեք հավասարաչափ ֆինանսավորումը՝ 2000 -10000 եվրոյին համարժեք դրամի չափով: Դրամաշնորհը նախատեսված է անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար: Միգրանտները մասնակցել են «Իրիս բիզնես ինկուբատոր» հիմնադրամի կողմից կազմակերպված բիզնեսի կառավարման առցանց դասընթացին: Իննա Գալոյան.

«Հայտը ներկայացնելուց հետո միգրանտները երկամսյա վերապատրաստման դասընթացների են մասնակցում, սովորում բիզնես պլաններ կազմել, ինչպես վարել իրենց բիզնեսը, ձեռք են բերում ֆինանասական ու շուկայական գրագիտություն, այսինքն՝ այն ամենն, ինչն իրենց հարկավոր է նախնական փուլում  գործը սկսելու համար: Դասընթացից հետո գրում են բիզնես պլաններն ու ընտրվում մրցութային կարգով»:

Նորայր Պողոսյանը նոր գործ հիմնելու համար 12000 եվրոյին համարժեք դրամ է ծախսել, իսկ ԵՄ դրամաշնորհը 4մլն 600 հազար դրամ է, որով տարբեր գործիքներ և  հումք է ձեռք բերել.

«Սա քար կտրող մեքենա է, որի վրա հիմա քարացած ծառ է կտրված, դա Սարիարի հանքավայրից են բերել, սրանք կտրող-փայլեցնող  հաստոցներ են՝ իրենց ամբողջ նյութերով: Հղկող հաստոցն ամբողջական հավաքածու է։ Ամենակարևորը  հումքի տրամադրումն էր, որը շատ մեծ աջակցություն էր մեզ համար»:

Փորձարարական արհեստանոցում դեռ 3 հոգով են աշխատում, արտադրանքն իրացնում են ռուսական շուկայում:  Արտադրության ընդլանմամբ, հույս ունեն, ավելացնել աշխատողների թիվը:  Նորայր Պողոսյանն ասում է՝ հիմա քանդակագործի կարիք ունեն.  դիմել են միասնական  սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոն, բայց առաջարկ դեռ չեն ստացել:

Կարդացեք նաև

Back to top button