
Հունիսի 23-ից հուլիսի 9-ը Հայաստանում 10-րդ անգամ կանցկացվի արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի «Ֆրեսկո» միջազգային փառատոնը։ 10-րդ տարին անընդմեջ փառատոնի շրջանակներում կազմակերպվում են հանդիպումներ հանրահայտ արվեստագետների հետ, ֆիլմերի դիտում-քննարիկումներ, վարպետության դասեր և, իհարկե, համերգային ծրագրեր։ Այս տարի փառատոնի շրջանակում Հայաստան կժամանի կինոռեժիսոր Կշիշտոֆ Զանուսին։
Արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի «Ֆրեսկո» միջազգային փառատոնն այս տարի մեկնարկելու է Վանաձորից։ Ցուցադրվելու են անցած տասը տարիների մրցանակային ֆիլմերը։ Փառատոնի կազմակերպիչ Շահեն Նազարենկոն խոստովանում է, որ ի սկզբանե փառատոնի մեկնարկը շատ դժվար է եղել, ոչ բոլորն են ընկալել՝ ինչ ասել է հոգևոր ֆիլմերի փառատոն։ Շատերի մոտ այն կարծքին է եղել, որ այդ ֆիլմերը պետք է պատմեն կրոնների մասին։ Բայց իրականում ֆիլմերը հոգևոր արժեքների ու մշակութային երկխոսության մասին են։
ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը նկատում է, որ փառատոնն ապացուցել է իր կենսունակությունը, որովհետև այն մարդասիրական արժեքների՝ բարության, հանդուրժողականության, սիրո գաղափարների դրսևորման լավագույն հարթակներից մեկն է դարձել․
«Երբ կրթության, մշակույթի պետական քաղաքականության մեջ հստակ ձևակերպված չէր ներառականության քաղաքականությունը, «Ֆրեսկոն» վարում էր նման քաղաքականություն: Կարևոր հանգամանք է այն, որ ներառականությունն այս փառատոնի բրենդը չէ, և «Ֆրեսկոն» չի «զարդարվում» այդ բնագավառում կատարած աշխատանքով, իսկ փառատոնի կազմակերպիչներն ամբողջ տարվա ընթացքում սերտ կապ ունեն մանկատների երեխաների, զարգացման առանձնահատկություններ ունեցող պատանիների հետ»:
Հոգևոր ու մշակութային երկխոսության միջոցով պետք է նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը, նկատում է փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանը․
«Արվեստը կոտրում է բոլոր կարծարատիպերը ու համախմբում բոլորիս։ Մեզ մոտ մի հետաքրքիր լուսանկար ստեղծվեց ,երբ Սաղմոսավանքի տարածքում իրանցին ու իսրայելցին ծնկաչոք սկսեցին խաղաղության համար աղոթել։ Իսկ փառատոնի ընթացքում ցուցադրվում են ֆիլմեր, որոնք քարոզում են խաղաղություն, մարդասիրություն, հայրենասիրություն, մերժում են պատերազմները, էկոլոգիական աղետները, բռնությունը, անդրադառնում են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին, ներկայացնում նրանց կարողությունները, արարելու և աշխատելու ներուժը»:
Փառատոնի ժամանակ կցուցադրվեն 30-ից ավելի ֆիլմեր Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Պարսկաստանից, Իսպանիայից, Իտալիայից, Լեհաստանից և այլ երկրներից:
Փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյան․
«Երբեմն բնության մեջ ապրող մարդիկ ավելի խորն են նկատում շատ երևույթներ, քանի որ ինքը ֆիլմերի քննարկման փառատոն է, ասեմ, որ մարզերում շատ ավելի հետաքրքիր են անցնում քննարկումները, քանի որ զրույցները լինում են խարույկի շուրջ, վանքի պատերին ֆիլմերի ցուցադրությունը, ու այնպիսի մասեր են ֆիլմերում քննարկում և նկատում, որոնք մայրաքաղաքում չեն տեսնում։ Մայրաքաղաքում ավելի ժամանցային իրավիճակներ են»։
«Ֆրեսկոն» կհյուրընկալի նաև այլ միջազգային փառատոների կազմակերպիչների: Վանաձորում տեղի կունենա նաև ստեղծագործական հանդիպում կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի դափնեկիր Կշիշտոֆ Զանուսիի հետ, իսկ վարպետության դաս կանցկացնի իսրայելցի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանը:




