
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում անդրադարձել է քննադատություններին, որ 44-օրյա պատերազմի ընթացքում բանակցությունների ժամանակ եղել է հնարավորություն Շուշին հայկական վերահսկողության ներքո մնալու պայմաններում կանգնեցնել պատերազմը, բայց ինքն այն բաց է թողել։
«Հոկտեմբերի 19–ին ՌԴ նախագահն ինձ ասաց, որ ադրբեջանական կողմը ունի ևս մեկ պայման` նա ակնկալում է երաշխիքներ, որ ադրբեջանցի փախստականները, որոնք ըստ ադրբեջանական կողմի, կազմել են Շուշիի բնակչության 90 տոկոսը, կվերադառնան Շուշի։ Ռուսական կողմի համար սա ընկալելի առաջարկ էր, որովհետև նրանք ասում էին, որ ԼՂՀ հակամարտության կարգավորման պլանի մեջ, որը սեղանին է եղել դեռ տարիներ առաջ, փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի հարցը եղել է»,– ասել է վարչապետը։
«Փորձեցի պարզել, թե ըստ առաջարկվող տարբերակի՝ ինչ տեսք պետք է ունենան ադրբեջանի առաջարկած երաշխիքները։ Պարզվեց, որ ես պետք է հայտարարեմ, թե համաձայն եմ, որ ադրբեջանցի փախստականները վերադառնան Շուշի»,– նշել է Փաշինյանը։
Ռուսաստանի նախագահն առաջարկել է, որ այդ հարցը փոխկապակցվածության մեջ դրվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ։ Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ ադրբեջանցիների վերադարձի հարցը լուծվում է Ղարաբաղի կարգավիճակի հարցի համատեքստում, դրա վերաբերյալ ենթադրյալ որոշման հետ միաժամանակ։
«Ես այս ձևակերպմանը համաձայնեցի, բայց ադրբեջանական կողմը, ինչպես նախկինում, մերժել էր դա, ասելով, որ ինքը կարգավիճակի հետ կապված որևէ հարց պատրաստ չէ քննարկել։ Ավելին, այդ պահին արվող առաջարկի համաձայն ոչ միայն Շուշիում ապրող, այլև բոլոր ադրբեջանցիները պետք է ուղիղ և անարգել հասանելիություն ունենային դեպի Շուշի։ Օրինակ՝ 50 հազար ադրբեջանցի կարող էր հյուր գնալ Շուշիում ապրող հայտնի չէ, թե ինչքան ադրբեջանցու և այստեղ որևէ սահմանափակում չէր կարող լինել։ Ընդհուպ, կարող էին գնալ և մնալ։
Բայց ամենակարևոր հարցը։ Ինչպե՞ս է ապահովվելու նրանց տեղաշարժը։ Պարզվեց, որ, օրինակ, Շուշին Ադրբեջանին կապող նոր ճանապարհ պետք է կառուցվի, որպեսզի ադրբեջանցիները Շուշի հասնելու համար Լաչինի միջանցքից կամ որևէ այլ գոյություն ունեցող ճանապարհից օգտվելու անհրաժեշտություն չունենան։ Այդ ճանապարհը կարող է լինել, օրինակ, Կուբաթլիով։ Այսինքն՝ ըստ Ադրբեջանի այդ պահի առաջարկի, Շուշիում պետք է լիներ առնվազն 95 տոկոս ադրբեջանական բնակչություն, ըստ էության, առանց հետագա ավելացման սահմանափակման կամ վերահսկման, նրանք պետք է Շուշին Ադրբեջանին կապող առաձնին ճանապարհ ունենային, որը պետք է դուրս լիներ Լաչինի միջանցքից և լիներ իրենց վերահսկողության ներքո։ Սա նշանակում է, որ այնտեղ կարող էին լինել նաև ադրբեջանական զինված ստորաբաժանումներ։ Սա էլ նշանակում է, որ խոսքն առանց չափազանցության Շուշին Ադրբեջանին հանձնելու մասին էր։ Այն ժամանակ այս առաջարկը չընդունելու պրակտիկ հիմնավորումներից մեկը, սակայն, հետևյալն էր․ դա նշանակում էր, որ Լաչինի միջանցքը չի գործելու, որովհետև ադրբեջանցիները ցանկացած պահի կարող էին այն փակել, որովհետև Շուշին Լաչինի միջանցքի մեջ չէր մտնելու, իսկ Լաչինի միջանցքն անցնելու էր Շուշիից մի քանի մետր այն կողմ։ Վերջին շրջանի իրադարձությունները այն ժամանակվա իմ կանխատեսումը ապացուցեցին բոլորիդ հայտնի հանգամանքներով»,- ասել է Փաշինյանը։




