
Այս միջոցառմանը զգայարաններից միայն լսողությունն անելիք ունի։ Եվ դա բավական է ամեն բան զգալու համար։
Աչքերը փակելու ջանք գործադրել պետք չէ․ միևնույն է՝ մոմի մի թրթռացող լույսից բացի ոչինչ չեք տեսնի։
Չարենցը կդառնա ձայն, ձայնը՝ էմոցիա, էմոցիան կստիպի մի խումբ մարդկանց 30 րոպե լուռ նստել, նայել մոմի մի թրթռացող լույսի։
Ռադիոներկայացումների մութ ունկընդրումը Հանրային Ռադիոյի ստեղծագործական ավանդույթներից է։ Այս փակ արարողակարգը տեղի է ունենում մինչև պատրաստի արտադրանքի եթերում և էլեկտրոնային հարթակներում հայտնվելը։
Արսեն Ղազարյանի բեմադրած «Իմ լերան աղոթքը» ռադիոներկայացման հիմքում Եղիշե Չարենցի երեք ստեղծագործություններն են՝ «Վերջին աղոթքը», «Ի խորոց սրտի խոսք ընդ Աստուծո» և «Իմ լերան աղոթքը»։ Երեք երկերն առաջին անգամ են ներկայացվում որպես մեկ ամբողջական կտավ։




