ԿարևորՔաղաքական

Դիվանագիտականից՝ քաղաքական․ Երևանն ու Բուդապեշտը վերականգնում են հարաբերությունները

Հայաստանն ու Հունգարիան դիվանագիտական հարաբերությունների խզումից 10 տարի անց դրանք վերականգնելու փորձեր են անում։ Առաջին քայլն արվեց 2022–ի դեկտեմբերին․ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում տեղի ունեցավ Հայաստանի և Հունգարիայի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց լիարժեք դիվանագիտական շփումները վերակնագնելու մասին։ Դրանք կասեցվել էին 2012-ի օգոստոսին՝ հայ սպային Բուդապեշտում կացնահարած Ռամիլ Սաֆարովին ադրբեջանական կողմին արտահանձնելուց հետո։ Այսօր խորհրդարանում քննարկել ու հավանության են արժանացրել Հայաստան-Հունգարիա բարեկամական խումբ ստեղծելու նախաձեռնությունը։

Հայ–հունգարական դիվանագիտական հարաբերությունների խզումից ուղիղ 10 տարի անց՝ 2022թ․դեկտեմբերի 1-ին, Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում կայացած Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպուման արդյունքում պայմանավորվածություն  ձեռք բերվեց  դիվանագիտական լիարժեք հարաբերությունները վերականգնելու մասին։ Դրանից մի քանի ամիս անց Երևանն ու Բուդապեշտը փոխադարձաբար դեսպաններ նշանակեցին՝ ըստ էության վերականգնելով հարաբերությունները դիվանագիտական մակարդակում։

Քաղաքական հարաբերությունների վերականգնմանն ու խորացմանն ուղղված մի նախաձեռնություն էլ այսօր քննարկվեց խորհրդարանում։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 4 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ քվերակությա արդյունքով հավանություն տվեց Հայաստան-Հունգարիա բարեկամական խումբ ստեղծելու նախաձեռնությանը։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, նախագծի հեղինակ Սարգիս Խանդանյանը  քննարկման մեկնարկին  հիշեցրեց, որ այս տարեսկզբին համանման խումբ Հունգարիայի խորհրդարանում արդեն ձևավորվել է, և դիվանագիտական խողովակներով փոխանցվել է հունգարական կողմի ակնկալիքը, որ Հայաստանի խորհրդարանում ևս բարեկամական խումբ կձևավորվի։

«Ես կարծում եմ, որ այս դիվանագիտական հարաբերությունների հաստատման ֆոնին կարևոր է նաև միջխորհրդարանական կապերի ամրապնդումը։  Հունգարիան այս ընթացքում նաև ակտիվություն է դրսևորել տարածաշրջանային հարցերի վերաբերյալ։ Մասնավորապես, նախորդ տարի Հունգարիայի ջանքերով ռազմագերիներ են Ադրբեջանից վերադարձվել Հայաստան։ Հունգարիայի հետ հարաբերությունները մեզ համար շատ կարևոր են նաև այն հանգամանքից ելնելով, որ Հունգարիան Եվրոպական միության անդամ է։ Եվ, կարծում եմ, մենք պետք է կարողանանք կառուցել նորմալ հարաբերությունների ԵՄ բոլոր անդամ երկրների հետ»։

Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են 10 տարի առաջ՝ քաղաքակիրթ  հանրությանը ցնցած ողբերգության իրավական հանգուցալուծումներից  հետո, երբ այդ երկիրը Ադրբեջանին արտահանձնեց 2004-ին Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովին, որն Ադրբեջան վերադառնալուց անմիջապես հետո հայտնվեց ազատության մեջ և պետական պարգևների արժանացավ։

Մասնագետները գործի քննության մեջ մութ կետեր ու գործարքներ էին տեսնում՝ ընդգծելով, որ Ադրբեջանն ու Հունգարիան անգամ չունեին էստրադիցիայի պայմանագիր, որը թույլ կտար արտահանձնում իրականացնել։

Դեպքից 19, իսկ դիվանագիտական հարաբերությունների խզումից 11 տարի անց ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը նկատում է՝ ժամանակին կայացված որոշումն անհեռատես քայլ էր։

«Այդ ժամանակ էլ կտրուկ դժգոհություն եմ հայտնել այդ որոշման առնչությամբ, որ ինչ կապ ունի Հունգարիայի ժողովուրդն իր ղեկավարի կողմից ընդունված որոշման պատասխանատվության հետ։ Ուզում եք Հայաստանի անունից ցույց տալ մեր բացասական վերաբերմունքն այդ ակտի նկատմամբ, այդ վերաբերմունքը ցուցաբերեք Հունգարիայի ղեկավարի նկատմամբ, ոչ թե Հունգարիայի ժողովրդի։ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների խզումը մի երկրի հետ նշանակում է, որ այդ երկու ժողովուրդների մեջ մտցնում ես անջրպետ»։

Նախորդ տարվա դեկտեմբերին, երբ Հունգարիան միջնորդեց, որ 5 հայ ռազմագերիների վերադարձ տեղի ունենա, երբ օգնեց քովիդ համավարակի ժամանակ Հայաստանին դեղորայքի տրամադրմամբ և երբ Հունգարիայից պատվիարակություն ժամանեց Գուրգեն Մարգարյանի անվան դպրոց՝  պարզ էր արդեն, որ ջանքեր են գործադրվում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար։

ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը,  սակայն,   հարցադրում է անում՝ արդյո՞ք Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին քննարկումներից առաջ անհրաժեշտություն չկար, որ Հունգարիան Ադրբեջանի առջև  հունգարական դատարանի դատավճռի անվերապահ կատարման պահանջ ներկայացներ։

Ի դեպ, Բեռլինում էլ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հետ, քննարկել երկկողմ հարաբերությունների ու համագործակցության խթանման հնարավորություններն ու ուղիները: Կողմերն ընդգծել են հայ և հունգար ժողովուրդների արժեքային և գաղափարախոսական ընդհանրությունները շեշտել հատկապես երկու ժողովուրդների համար քրիստոնեական ու ավանդական արժեքների կարևորությունը: Նախագահները կարևոր են համարել միջազգային հարթակներում փոխգործակցային առկա ներուժի հեռանկարների զարգացումը, ինչպես նաև համագործակցությունը ՍԵՊԱ-ի շրջանակներում։

Կարդացեք նաև

Back to top button