
Հայ գիտնականները տարածաշրջանում եզակի մեթոդ են մշակել։ Նրանք կոյուղիների մեխանիկական մաքրմանը այլընտրանք են առաջարկում։ Ավանդական եղանակները միկրոճաքեր, հետևաբար նաև քայքայման օջախներ են առաջացնում։ Արդյունքում ավելի մեծ վնասվածքներ են առաջանում, և անհրաժեշտություն է առաջանում դրանք ավելի մեծ ծախսերով վերանորոգել կամ փոխարինել նորով:
Հնարավո՞ր է արդյոք կոյուղու խցանումը վերացնել ժամանակակից մեթոդներով։ Պարզվում է՝ հնարավոր է։ Ավելին՝ անհրաժեշտ է, քանի որ ավանդական եղանակով՝ խցանումը վերացնելիս անխուսափելիորեն խնդիրներ են առաջանում։
Գիտությունն ու տեխնոլոգիաները զարգանում են, և բոլոր բնագավառները նոր լուծումներ են պահանջում՝ փոքր ծախսերով մեծ արդյունք: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի գիտական հետազոտությունների և ինովացիոն մշակումների կենտրոնի ինովացիոն ծառայության պետ Հովհաննես Չիբուխչյանը պատմում է հայ գիտնականների նոր առաջարկի մասին։
«Մեր ներկայացրած եղանակը ինովացիոն տարբերակ է։ Մեքենաշինության մեջ տարբեր տեխնոլոգիական գործընթացների արդյունավետությունը բարձրացնելու համար շատ են օգտագործվում ուլտրաձայնային տատանումները։ Դրանք կիրառվում են նաև մշակվող մեքենամասերի մակերևույթների ճշտությունը բարձրացնելու, որակի լավացման համար։ Մեր առաջարկած մեթոդի առավելությունն այն է, որ մագնիսաառաձգական կերպափոխիչների օգտագործմամբ խողովակաշարերը մաքրենք համեմատաբար քիչ ծախսումներով՝ ապահովելով մաքրման բարձր որակը և չվնասելով խողովակաշարերը»։


Առավելություն կա․ կախված պատվիրատուի ներկայացրած պահանջներից՝ հնարավոր է սարքը կիրառել նաև ջրատարների, տարբեր էներգակիրների համար նախատեսված խողովակաշարերի մաքրման համար՝ ասում է գիտնականը։
Նախ՝ մաքրման փորձնական սարքը կստանան, կիրականացնեն վիրտուալ, այնուհետև իրական փորձարկումներ։ Գիտեն, թե ինչպես պետք է արհեստական խցանումներ ստեղծեն, հետո դրանք մաքրեն, հետազոտեն, ստացված արդյունքները գնահատեն և վերլուծեն։
Հովհաննես Չիբուխչյանը նշում է, որ փորձարակական ստենդը պատրաստելուց անմիջապես հետո կիրականացնեն լաբորատոր փորձարկումներ։ Արդյունքները ամփոփելուց և գնահատելուց հետո կիրականացնեն իրական փորձարկումներ։ Մինչ լաբորատոր փորձարկումները՝ անհրաժեշտ է իրականացնել վիրտուալ փորձարկումներ, որոնց համար Գրիգոր Չիբուխչյանը ծրագրային փաթեթ է մշակում․
«Իրական պայմաններում մաքրման աշխատանքների սխալանքը նվազեցնելու և մաքրման սարքի արտադրությունը իրականացնելու համար անհրաժեշտ է վիրտուալ տիրույթում փորձարկումներ կատարել, որի արդյունքների հիման վրա կարելի է անցնել իրական փորձարկումների: Բայց դա էլ վերջնական չէ, քանի որ վիրտուալ փորձարկումները վերջնական 100 տոկոսանոց արդյունք չեն տալիս։ Երկու տիրույթները իրար հետ հստակ փոխկապակցված են։ Տարբեր մեծության և բաղադրության խցանումների ու խոչընդոտների ձևավորման և մաքրման արդյունքում կունենանք վերջնական պատկերացում: Այս պահին արդյունքները լավն են, բայց միանաշանակ չէ»։
Այն, ինչ առաջարկում են երիտասարդ գիտնականները, եզակի է Հայաստանի շուկայում։ Միջազգային շուկայում նման մեթոդ կա, բայց այս տեխնոլոգիան եզակի է։ Առաջարկվող մագնիսաստրիկցիոն սարքը մշակել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի գիտնականները՝ պրոֆեսոր Բալասանյանի գլխավորությամբ։ Սարքը կունենա արտաքին չափերի փոփոխման ճկունություն, ինչը հնարավորություն կտա այն կիրառել տարբեր տրամագծերով խողովակների խցանման դեպքում։ Հնարավոր է պատրաստել նաև համեմատաբար փոքր չափերի մաքրման սարքեր և տեղադրել դրանք, օրինակ, խմելու ջրի կամ բնական գազի խողովակներում։ Դրանք կարող են աշխատել երկար ժամանակով և երկար հատվածներում, ասում է Գրիգոր Չիբուխչյանը։
Ծրագիրն իրականցվում է Գիտության կոմիտեի տրամադրած դրամաշնորհով։ Երկու տարվա համար ծրագրին հատկացվել է 17 մլն 400 հազար դրամ։




