ԿարևորՔաղաքական

«Զսպված» դժգոհություն՝ ռուս խաղաղապահներից․ կպահանջվի՞ պատասխան ադրբեջանական սադրանքին աջակցելու համար

Հակարիի կամրջով ադրբեջանցիների առաջխաղացումը կանխելուց հետո նոր իրավիճակ, ըստ էության, չկա, այսօր խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանը։ Այս նստաշրջանի վերջին լիագումար նիստերին հաջորդող վերջին ճեպազրույցների զգալի մասն այսօր հատկացվել է արտաքին քաղաքական խնդիրներին՝ բանակցություններ և դրանց զուգահեռ հաճախակի դարձած սադրանքներ Ադրբեջանի կողմից։ Այս թեմաներով քաղաքական ուժերը բազմիցս ներկայացրել են իրենց մոտեցումները։ Նորությունն այս քննարկումներում վերաբերում էր ռուս խաղաղապահների վերջին գործողություններին, որոնք այդպես էլ պատճառ չդարձան, օրինակ, Հայաստանում ՌԴ դեսպանին դժգոհության նոտա հանձնելու համար։ Խորհրդարանական ուժերը տարբեր կերպ են մեկնաբանել, թե ինչն է զսպում հայկական կողմին ռուսական անգամ ակնհայտ կողմնակալության դեպքում արտահայտել կուտակվող դժգոհությունը։

Հայաստան–Ռուսաստան դաշնակցային հարաբերություններում նոր փորձաքար դարձավ Հակարիի կամուրջը։ Ռուս գործընկերների հետ խոսակցություն կա և կլինի՝ խորհրդարանում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանը․

«Տեղի ունեցածը շատ մեծ ծավալի խնդիր է, կարելի է արձանագրել և, բնականաբար, խոսակցություն մեր ռուս գործընկերների հետ տեղի ունենում է։ Թե ի՞նչ կոնտեքստում և ի՞նչ արդյունքներով, սրա մասին կխոսի Արտաքին գործերի նախարարությունը»։

Համացանցում շրջանառվող տեսանյութը Հակարիի կամրջին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, հայկական կողմի մոտ առնվազն տարակուսանք է առաջացրել։ Տեսագրության մեջ երևում է, որ ադրբեջանցիների կողմից ՀՀ  տարածքում դրոշ տեղադրելու պահին կամրջին է մոտենում ռուս խաղաղապահների հրամանատար Ալեքսանդր Լենցովը։ Նրա ժամանումից հետո էլ խաղաղապահները ոչ միայն չեն փորձում խոչընդոտել ադրբեջանցիներին, այլև առերևույթ աջակցում են նրանց։

Ի՞նչ քայլեր է ձեռնարկել պաշտոնական Երևանը խաղաղպահների այս գործելաոճի առիթով, պետական կառույցները դեռ չեն հաղորդում։ Համենայնդեպս, անգամ հայտնի չէ՝ արտգործնախարարությունը Հայաստանում Ռուսաստանի դեսպանին կանչե՞լ է պարզաբանումների կամ դժգոհության նոտա հանձնելու համար։ Աժ մեծմասնության ներկայացուցիչ Բաբկեն Թունյանի համար հայկական կողմի զգուշավորությունը բացատրություն ունի․

«Հայաստանն արդեն իսկ արձագանքել է այդ միջադեպին, և այդ արձագանքը եղել է ամենատարբեր խողովակներով։ Ըստ անհրաժեշտության, եթե կարիքը լինի, լրացուցիչ պարզաբանումներ կտրվեն։ Բայց պետք է հասկանանք, որ ՀՀ ցանկացած տիպի արձագանք կամ գործողություն նման քայլերին, կամ նման իրավիճակներին ի պատասխան, պետք է հաշվի առնվի նաև դրա հետևանքների տեսանկյունից։ Մենք պետք է հասկանանք՝ նման ամեն միջադեպին մեր կոնկրետ արձագանքն իրավիճակը ավելի շատ բարդացնո՞ւմ է, թե՞ չի բարդացնում։ Այստեղ այն հարցը չի՝ ում համարձակությունը ավելի շատ է, կամ ով ավելի հեռուն գնացող հայտարարություններ կանի։ Ցանկացած արձագանք պետք է լինի ՀՀ պետական շահերին չվնասող՝ մեր կողմից»։ 

Ամեն դեպքում, կամրջին տեղի ունեցած սադրանքը ևս մեկ առիթ է ռուսական կողմին հիշեցնելու, որ Լաչինի միջանցքում պետք է վերահսկողություն իրականացնի բացառապես ռուսական խաղաղապահ զորախումբը։

Տեսանյութում արձանագրված փաստից դժգոհ է նաև խորհրդարանական ընդդիմությունը։ Բայց ռուսական կողմից պատշաճ պարզաբանումներ չպահանջելու համար, օրինակ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի համար այլ հիմնավորումներ կան․

«Ես գիտակցում եմ, որ միշտ չէ, որ ես կարող եմ տալ այն գնահատականները, որոնք կուզենայի տալ։ Արդյո՞ք ես 100%–ով գոհ եմ մեր ռազմավարական դաշնակցի, մեր անվտանգային «հովանոցի» գործելաոճից, ինչպես և ՀՀ ցանկացած քաղաքացի՝ ոչ, իհարկե։ Բայց գիտակցում եմ, որ այնտեղ կանգնած ռուս խաղաղապահը իմ եղբայրների և քույրերի անվտանգության երաշխավորն է այս պահին, որովհետև Նիկոլ Վովայի Փաշինյանը ձեռքերը լվացել է Արցախից»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի արձագանքը նույնպես երկու մասից է բաղկացած՝ դժգոհություն և բացատրություն–հիմնավորում։

«Իհարկե, միանշանակ դատապարտելի և անընդունելի է, ով ինչ ուզում է՝ ասի։ Նման վարքագիծը մերժելի է։ Փառք ու պատիվ մեր սահմանապահ ուժերին, որոնք փորձում էին կանխարգելել։ Բայց այս բոլոր հարցերի պատասխանը մենք պետք է փնտրենք այն հիմնական օրակարգի մեջ, որը առաջ է մղում Հայաստանի գործող իշխանությունը իր քաղաքական, դիվանագիտական, միջազգային հարթության մեջ»։

Հակարիի կամրջին տեղի ունեցածը Հայաստանը գնահատում է որպես հերթական սադրանք Ադրբեջանի կողմից՝ խաթարելու գործընթացները։ Բայց հայկական կողմը շարժվելու է իր քաղաքականությամբ և ամեն բան անելու է՝ զսպելու էսկալացիոն բոլոր ռիսկերը նաև միջազգային բոլոր գործընկերների ճնշման միջոցով, հայտարարում են ՔՊ ներկայացուցիչները։ Նրանք հավաստիացնում են, որ ադրբեջանական կողմի առաջխաղացումը կանխելուց հետո նոր իրավիճակ, ըստ էության, չկա։

Սա Ադրբեջանի հերթական փորձն է՝ խորանալ Հայաստանի տարածք։ Արդյո՞ք Հայաստանը այլևս չի՞ սպասում մեկ այլ դաշնակցի՝ ՀԱՊԿ–ի արձագանքին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանը հիշեցնում է՝ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ․

«Էլի պետք է նշեմ, որ ոչ մեկ անգամ արձանագրել ենք այն խնդիրները, որոնք գոյություն ունեն ՀԱՊԿ կառույցում՝ կապված ՀՀ սուվերեն տարածքների օկուպացիայի հետ ադրբեջանական ԶՈՒ կողմից, ինչպես նաև ՀՀ սուվերեն տարածքում գտնվող օբյեկտների վրա կրակահերթերի հետ կապված։ Ներողություն եմ խնդրում, բայց հարցին պատասխանել այս պահին չեմ կարող և նպատակահարմար էլ չեմ համարում։ ՊՆ–ն, արտաքին դիվանագիտական մեր կառույցները բոլոր նշված հարցերի վրա իրենց պաշտոնական գնահատականները տալիս են։ ՄԵնք ամեն ինչ անում ենք, որպեսզի ապահովենք Բաքու–Ստեփանակերտ խոսակցությունը միջազգային երաշխիքների ներքո, որպեսզի Ադրբեջանը չկարողանա էթնիկ զտման իր քաղաքականությունը իրականացնել։ Այդպիսով, մենք փորձում ենք ամեն բան անել զսպելու էսկալացիոն յուրաքանչյուր ռիսկ Հայաստանի և Արցախի շուրջ։ Սա է ՀՀ քաղաքականությունը»։

Հետպատերազմյան ժամանակահատվածում տարբեր ուղղություններով ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի շուրջ 150 քառակուսի կիլոմետր տարածք և դեռ շարունակում է ամենաբարձր մակարդակի հայտարարություններով տարածքային նկտումներ դրսևորել Հայաստանի Հանրապետության նկատմամբ։

Կարդացեք նաև

Back to top button