ԿարևորՀասարակություն

Երևանը ևս մեկ կարևոր՝ չուբարյանական գործով հարստացավ. Մանկական այգում բացվել է «Սուրբ եղիցի անունը Քո» արձանը

Երևանի Մանկական այգում հանդիսավորությամբ բացվել է հայ մեծանուն քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ, նախկին ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Ղուկաս Չուբարյանի հեղինակած «Սուրբ եղիցի անունը Քո» արձանը: Քանդակը նվիրված է Չուբարյանի անհայտ կորած եղբոր հիշատակին, ով նահատակվել էր 1942թ.՝ Սանկտ-Պետերբուրգի մոտակայքում: Արվեստագետի դուստրը՝ Անուշ Չուբարյանը խոստովանում է. այս քանդակը Չուբարյանն իր ամենալավ աշխատանքն է համարել, այն սիրո ու նվիրումի մասին է և ցանկացած կյանք, որը զոհաբերվում է պատերազմի ժամանակ՝ մատաղ է ու նշանակություն չունի, թե որ պատերազմի ժամանակ է դա տեղի ունեցել:
 
«Հայրս շատ կյանք սիրող մարդ էր, ասում էր, որ աշխարհի ամենաերջանիկ մարդն է, որովհետև իր հայրն այս երկրի ստեղծողներից մեկն է եղել ու միշտ համարում էր, որ Հայաստանի քաղաքացի լինելը մեծ պատիվ է և այդ պատվին պետք է արժանի լինել»,- նշել է Անուշ Չուբարյանը:

Մայրաքաղաքի գողտրիկ այս անկյունն այսուհետ կառանձնանա նաև չուբարյանական շնչով: Արձանը տեղադրվել է Երևանի ավագանու որոշմամբ: Նախաձեռնությունն այս մեծանուն հայ արվեստագետի ստեղծագործական ժառանգության արժևորման և հանրահռչակման յուրովի դրսևորում է:

 «Այսօր շատ նշանավոր օր է. հաճախ չէ, որ մայրաքաղաքում մենք հավաքվում ենք Երևանի կերպարը կերտող անձի 100-ամյակի առթիվ: Մեր քաղաքում Ղուկաս Չուբարյանի շատ գործեր կան. Թումանյանը, Չարենցի կիսանդրին, Մեսրոպ Մաշտոցը, Սպենդիարյանը, այսօր Երևանը ևս մեկ շատ կարևոր՝ չուբարյանական գործով հարստացավ: Շնորհակալ եմ հարազատներին այս նվերի համար»,- նշել է փոխքաղաքապետ Ավինյանը:
«Շատ ուրախ եմ, որ այսօր ունենք այս առիթն ու հնարավորությունը մեր քաղաքի ամենասիրված վայրերից մեկում ունենալու նրա քանդակը, որը գալու է լրացնելու մեր մյուս՝ բոլոր սիրված միջավայրերը, որ արդեն չենք պատկերացնում առանց նրա ստեղծագործությունների»,- նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: 
Արձանի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին և Չուբարյանի հարազատներին: 

Կարդացեք նաև

Back to top button