
Հանրային քննարկման է ներկայացվել Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցը թիվ 1–ին միավորելու նախագիծը: Առաջարկը միանշանակ չի ընդունվել, աշխատակազմն այս մասին տեղեկացել է մամուլի հրապարակումներից։ Մանկավարժների մտահոգությունները տեղում լսել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցում արդեն մի քանի օր անհանգիստ տրամադրություններ են. մանկավարժներն օրերս մամուլից են տեղեկացել քաղաքի երկու ավագ դպրոցները միավորելու որոշման մասին: Ասում են՝ դպրոցի փակման մասին լուրեր շրջանառվել են դեռ 2017թ-ից, երբ տնօրեն Անի Քալաշյանը նոր էր ընտրվել:
«Խոսակցություններ կային, որ փակվում էր, էլի շենքը պետք էր ինչ-որ մեկին, մենք պայքարեցինք կոլեկտիվով, ուսումնական գործընթացը խաթարել էինք ու զբաղված էինք գոյատևման պայքարով: Հեղափոխությունից հետո հայտարարվեց, որ այլևս ոչ մի դպրոց չի օպտիմալացվելու, և չի փակվելու: Եվ մինչև օրս պաշտոնական անձանց կողմից պաշտոնապես հնչում է՝ մենք դպրոց փակող իշխանություն չենք, մենք դպրոց կառուցող իշխանություն ենք»:
Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ զբոսայգու դիմաց, հիվանդանոցի հարևանությամբ: Ըստ մանկավարժների՝ դպրոցի դիրքը գրավիչ է։ Նախկինում քննարկվել է այն բժշկական կենտրոն դարձնելու տարբերակը, հիմա շրջանառվում է քոլեջների միավորման հարցը:
Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցը շահագործվել է 1983թ-ին, տարիների ընթացքում հիմնանորոգման չի ենթարկվել. բոլոր հայտերը մերժվել են: Ավագ դպրոցը ԿԳՄՍ նախարարության ենթակա կառույց է:
Օրերս դպրոց է այցելել ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը, հանդիպել կոլեկտիվի անդամների հետ, լսել նրանց մտահոգությունները։
Նախարարի տեղակալն ափսոսանք է հայտնել, որ վերջին զանգը հին պատերի ներքո է անցել։
«Ես ափսոսում եմ, որ մեր որևէ երեխա սովորում է այս պայմաններում, և ես երազում եմ, որ մեր երկիրը մի օր կհասնի այն վիճակին, որ մեր բոլոր դպրոցները կլինեն պատշաճ պայմաններում, ու մեր բոլոր երեխաները կսովորեն շատ լավ պայմաններում: Վստահեցնում եմ ձեզ, որ ամեն ինչ արվում է, որ մեր երեխաներն առավել լավ պայմաններում կրթություն ստանան»:
Սովորողներին չեն հուզում դպրոցի հնացած պատերը։ Նրանք այլ արժեքներ են կարևորում, ասում են՝ դպրոցը հիշեցնում է պատերազմում զոհված իրենց շրջանավարտներին։
«Ես Գերասի պուրակը չեմ թողնելու, Ես Դավիթի հուշարձանը չեմ թողնելու ու դուրս չենք գալու այս դպրոցից», «Իմ մանկական ընկերոջ խաչքարն է, այդ խաչքարի հիմքը ես եմ փորել, մաքրել», «Աշակերտական խորհրդի ընտրությունների ժամանակ Գերասն իր ծրագրում նշել էր, որ իր դպրոցն ունենալու է վարդերի պուրակ: Գերասից հետո մենք ստեղծել ենք վարդերի պուրակ: Մենք ամեն անգամ խոնարհվում ենք ու մեր աչքի լույսի պես պահում ենք այդ վարդերը: Մեզնով պետք չի հպարտանալ, մենք նախարարությունից ոսկի պատեր չենք խնդրում, չենք էլ խնդրելու», «Ես ոչ թե պատերն եմ ընտրել, այլ դպրոցի ներքին մշակույթը»:
Դպրոցի միավորմանը դեմ են նաև ծնողները։
«Եթե ես իմ երեխաներին բերել եմ այս դպրոց, ուրեմն մի բան հաշվի եմ առել, հիմա ինչու պետք է նրանց տանեմ ուրիշ դպրոց: 4-դ դպրոց էլ չի լինելու, այն չի շարունակելու իր գործունեությունը: Ես իմ ընտրությունն արել եմ ու ինձ նման շատ-շատերը՝ հաշվի առնելով թե ուսուցչական կոլեկտիվը, թե դպրոցի տեղն ու դիրքը: Ինչու պետք է երեխայիս հիմա տեղափոխեմ»:
Արմավիրի երկու ավագ դպրոցների միավորմամբ թիվ 4 դպրոցի ուսուցիչները կարծում են, որ կկորցնեն աշխատանքը: Աշխատակազմը 44 հոգի է, նրանցից 33-ը ուսուցիչներն են: Պատմության ուսուցչուհի Նարինե Սարգսյան.
«Միավորման ընթացքում պարզ չէ կոլեկտիվի մեծ մասի ճակատագիրը, ունենալու ենք աշխատանքի խնդիր: Ըստ փոխնախարարի՝ աշխատակազմը կպահպանվի որոշ քանակով: Դեռ հարց է՝ մեզ կընդունեն աշխատանքի, թե ոչ: Հիմնական դպրոցներ են առաջարկում, բայց հիմնական դպրոցները ծանրաբեռնված են, չկա համապատասխան աշխատանք: Հիմա այս կոլեկտիվի անդամները գնան գյուղե՞ր»:
Կենսաբանության ուսուցչուհի Աիդա Պողոսյան. «2010թ-ին, ամռանը, մեր արձակուրդների հաշվին, ուղիղ 40 օր գնացել ենք Երևան, վերապատրաստվել ենք, ձեռք ենք բերել հավաստագիր, որ իրավունք ունենանք դասավանդելու ավագ դպրոցում: Հիմա ինչու են մեզ առաջարկում հիմնական դպրոցները, գյուղական համայնքների դպրոցները»:
ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը նշում է՝ որակյալ կրթության համար պատշաճ պայմաններ են հարկավոր. լաբորատորիա, հագեցած գրադարան: Կրթության համակարգում բարեփոխումներն անհրաժեշտություն են.
«Մեր երկրի 1400 դպրոցների մեծամասնությունն աշխատում է թերբեռնված, որի արդյունքում մենք չենք կարողանում լուրջ բարեփոխումներ ունենալ կրթական համակարգում»:
Հունիսի 2-ից ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայցրել Արմավիրի թիվ 4 դպրոցը թիվ 1 ավագ դպրոցին միացման ձևով վերակազմակերպելու նախագիծը: Թիվ 4 դպրոցը համեմատաբար թերբեռնված է: Հիմնավորման մեջ որպես խնդիրներ նշվում են 2022-2023 ուսումնական տարվա սովորողների թվաքանակը, շենքի նախագծային հզորությունը, ուսուցիչների որակավորումը և կամավոր ատեստավորման մասնակցած ուսուցիչների քանակը: Արմավիրի թիվ 1 ավագ դպրոցն ավելի ընդարձակ է՝ 1000 աշակերտական նստարանով, 7 ուսուցչի շնորհվել է որակավորման առաջին աստիճանի տարակարգ, 18 ուսուցիչ հաջողությամբ մասնակցել է կամավոր ատեստավորման գործընթացին: Աշակերտների թիվը 44-ով ավելի է թիվ 4 դպրոցից: Արմավիրի թիվ 4 դպրոցը 680 աշակերտի հզորություն ունի, երկու ուսուցչի շնորհվել է առաջին աստիճանի տարակարգ:
Միավորվող դպրոցի մանկավարժները դիմել են մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին:
«Նախարարության տրամաբանությունն ավելի ռացիոնալ ու ռեսուրսների ճիշտ օգտագործումն է, որն իմ կողմից ընդունելի է: Այլ հարց է, թե ինչու միավորման ընթացքում թիվ 4 դպրոցն է միավորվում առաջինին: Ես այս պահին դժվարանում եմ հետևություն անել, բայց համոզված եմ, որ թվային վերլուծության տակ հիմնավորումներ կան: Նաև անձնակազմի խնդիրը կա։ Ամեն դեպքում կփորձեմ ևս մեկ անգամ անդրադառնալ այս հարցին»:
Հանրային քննարկման ներկայացված նախագծին e-draft հարթակում դեմ է արտահայտվել քվեարկողների 84 տոկոսը։















