ԿարևորՀասարակություն

Բազումում առաջին անգամ ցորեն են ցանել, բայց կարկուտը վնասել է բերքը

Լոռու մարզի բարձրադիր վայրերում գյուղատնտեսական նշանակության հողերի զգալի մասն անջրդի է: Բազում գյուղում խորհրդային տարիներից ի վեր հացահատիկ չի մշակվել: Գյուղատնտեսական աջակցության պետական ծրագրով անցած աշնանը 13 հա-ի վրա առաջին անգամ ցորենի ու գարու ցանքս են կատարել: Անբարենպաստ եղանակների պատճառով, սակայն, հացահատիկը կարկտահարվել է: Գյուղում չկա հակակարկտային կայան:

Երկարատև անձրևների պատճառով Լոռու մարզի բարձր լեռնային շրջաններում հողը չեն կարողանում ժամանակին մշակել: Բազում գյուղի տնամերձ հողամասերում միայն բանջարեղեն են աճեցնում, որը հազիվ տան կարիքներն է բավարարում: Լեռան ստորոտին, թեքության վրա գտնվող փոքր հողակտրում Լյովա Հարությունյանը բահով փորում էր խոնավ ու փխրուն հողը: Շտապում էր գործը շուտ ավարտել, քանի դեռ արև էր ու Մեծ լոռեցու խոսքն էր մեջբերում.

«Ապրում ենք, էլի, ամեն մեռնողին երանի տալով: Մեր ապրուստն ի՞նչ է.- մի կտոր չոր հաց, էն էլ հրեն հա՜- երկնքից կախված: Լոբի եմ ցանելու, մյուս կողմում ազնվամորի է: Նոր ենք սկսել մշակել, անձրևներ են, ուշացավ, չկարողացանք ժամանակին անել: Մի քիչ ուշ է, բայց, ոնց էլ լինի՝ կհասցնի բերք տալ: Մեր տան հողամասում շվաք է՝ ստվերոտ, արևն ուշ է հասնում , ինչ ցանում ենք՝ լավ չի լինում: Մեր հողերը հիմնականում հեռուներում են»:

Տնամերձ հողամասերը, որտեղ լոբի, կարտոֆիլ, վարունգ, կանաչի են մշակում, գյուղից 500 մ հեռավորություն վրա են։ Մրգատու տարբեր ծառեր էլ ունեն: Բազումի 4200 հա ընդհանուր տարածքից գյուղատնտեսական նշանակության հողերը 210 հա են։ Այն էլ՝ դրանց քիչ մասն է միայն օգտագործվում, մնացածը խոտհարքեր են: Տեղանքն անջրդի է: Գյուղի միջով հոսող Բազումթառի ջուրը չի բավարարում.

«Մեզ մոտ ջուր չկա, վերացավ, ջուրը շատ է պակասել: Բնությունից է, էլի, անցած տարիներին անձրև չկար, այս տարի կա, բայց մի ամիս հետո կցամաքի ու կկորչի. Ո՛չ ծտերի երգը կլսենք, ո՛չ էլ ջրի ձայնը»:

Գրեթե 30 տարվա ընդմիջումից հետո Բազում գյուղում անցած տարի առաջին անգամ 13 հա-ի վրա ցորեն են ցանել: Վարուժան Պլուզյանը օգտվել է գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրերից։ Նախ՝ անտոկոս վարկ է վերցրել, խոզեր գնել, հետո օգտվել է հացահատիկի սերմի փոխհատուցվող ծրագրից.

«4 մլն դրամ անտոկոս վարկ եմ ստացել, գոմ եմ սարքել, խոզեր առել, մնացել է 1 մլն դրամը վերադարձնեմ: 30 գլուխ խոզ եմ առել, հետո մայր խոզեր պահեցի: Հիմա 3 գլուխ մայր խոզ ունեմ, 10 գլուխ մորթելու խոզեր: Էդ գումարով նաև ցորեն ու գարի եմ ցանել: Աշնանն եմ ցորենն առել, հողը վարել ու ցանել, հիմա էլ սպասում եմ բերքին:

Երկու հեկտարի վրա եմ ցանել, 600 կգ սերմ եմ առել՝ 1 կգ 300 դրամով: Մեկ հեկտարի հաշվարկով պետությունը 120 հազար դրամ վերադարձրել է»:

Պետությունը նոր գործիքակազմ է կիրառում աշնանացան ցորենի ցանքատարածքներն ու արտադրական ծավալն ընդլայնելու համար. 1հա-ի հաշվով հավաստագրված էլիտար կամ 1-ին վերարտադրության սերմերով ցանքի դեպքում փոխհատուցում է 120 000 դրամ, իսկ չհավաստագրված սերմերով ցանքի դեպքում՝ 70 000 դրամ՝ գնահատված ծախսի կեսը: Վերջերս տեղացած խոշոր կարկուտը վնասել էր Բազումի ցանքատարածքները.

«Շատ ահավոր չի, բայց մի 30 տոկոս փչացրել է: Ցանքատարածքները չեմ ապահովագրել, փորձնական էի ցանել, որ տեսնեի ի՞նչ կլինի: Ցորենն արդեն հասկ էր տվել, եթե նորից կարկուտ չլինի՝ բերք կունենամ»:

Կարկուտը կրկնակի վնասել էր նաև պտուղն ու նոր տնկած բանջարեղենի սածիլները: Գյուղում հակակարկտային կայան չկա և ամեն տարի բերքը վնասվում է կարկտահարութունից: Գյուղի վարչական ղեկավար Արթուր Ծատուրյանն ասում է՝ գյուղի խնդիրները փորձում են լուծել ոչ միայն սուբվենցիոն ծրագրերով, այլև համագյուղացիների օժանդակությամբ՝ գյուղի զարգացման հիմնադրամ են բացել.

«Երեք-չորս տարի անընդմեջ կարկուտը մեծ ծավալով վնաս է հասցնում, գրեթե 80-100 տոկոս: Պետական աջակցություն չկա, որովհետև կա գյուղապահովագրություն, կան հակակրկտային ցանցեր, որոնց մասին ես պարբերաբար իրազեկում եմ բնակիչներին, բայց տեսնում եմ, որ ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարող օգտվել: Իրենց առաջարկել եմ՝ մեր հիմնադրամի միջոցով ու համայնքի օգնությամբ հակակարկտային կայան տեղադրել»:

Հակակրկտային կայանի արժեքը 2 մլն 300 հազար դրամ է։ Գյուղապետը բարեգործներից աջակցություն է ակնկալում: Բազումի հողերը երկար տարիներ չեն մշակվել նաև գյուղտեխնիկա չունենալու պատճառով, չեն կարողացել խոտը ժամանակին հնձել: Խոշորացումից հետո համայնքին օգնության է հասել Փամբակի «Ձորի հասկ» կոոպերատիվը՝ ասում է Արթուր Ծատուրյանը.

«Տեխնիկան երբ հասանելի է ու ավելի էժան՝ մարդիկ սկսեցին ցանել ու մշակել: Իսկ մինչ այդ տեխնիկան հարևան համայնքներից էին բերում, որն ուշ էր գալիս, խոտը փչանում էր, դրա համար էլ հիմնականում չէին մշակում հողերը»:

Այս տարի օգտագործվել է Բազումի գյուղատնտեսական նշանակության հողերի 30 տոկոսը։ Ցորենից բացի, նաև վարսակ են ցանել ու հույս ունեն, որ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված փոփոխությունները կնպաստեն հողերի նպատակային օգտագործմանը:

Կարդացեք նաև

Back to top button