
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
ԿԳ նախարարության պատվերով 2013 թվականի հոկտեմբեր -դեկտեմբեր ամիսներին «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը իրականացրել է «Հայաստանի պետական բուհերի ուսանողների սոցիալական աջակցության կարիքի ուսումնասիրություն»: Հետազոտության հիմնական նպատակն է գնահատել Հայաստանի պետական բուհերի ուսանողների սոցիալական աջակցության կարիքները`ըստ բարեկեցության մակարդակի:
Ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում ուսանողությունը մշտապես դիտվել է որպես սոցիալապես խոցելի մի խավ: Դա է պատճառը, որ տվյալ պետությունն ընդգծված ուշադրություն է հատկացնում ուսանողների սոցիալական խնդիրների լուծմանը և այս առումով բացառություն չէ նաև Հայաստանը: Հայաստանի պետական բուհերի ուսանողների սոցիալական աջակցության կարիքները գնահատելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դեռ 2013 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտին պատվիրել է իրականացնել համապատասխան ուսումնասիրություն։
Քաղաքական և սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտի վերլուծաբան Սամվել Մանուկյանը, ներկայացնելով այդ հետազոտության արդյունքները, նշեց, որ ներկայումս պետական բուհերի առկա ուսուցմամբ սովորող 53 808 ուսանողիներից վճարովի համակարգում սովորում են 34 686-ը: Պարզվել է, որ վճարովի համակարգում սովորող ուսանողների կեսն ունի նույնպիսի բարեկեցություն, ինչպիսին զեղչային համակարգում ընդգրկված սոցիալապես անապահով ուսանողները:
Այդ իսկ պատճառով որպես ուսանողներին աջակցության արդյունավետ ուղղություն Սամվել Մանուկյանն առանձնացնում է հանրակացարանների տրամադրումը, քաղաքային տրանսպորտի ուսանողական աբոնեմենտների ներմուծումը` այդ թվում այլ բնակավայրերից համալսարան հասնելու և վերադառնալու համար ուսանողական տրանսպորտի հատկացումը: Սամվել Մանուկյանը նաև նշեց, որ վճարովի համակարգում սովորող ուսանողների աջակցության տեսակ է նաև ուսման վարձի վճարման ժամկետների բազմազանեցումը, մասնավորապես` թույլատրել ուսման վարձի վճարում ամսական կտրվածքով կամ ուսումնական կիսամյակի ընթացքում: Իր հ երթին անդրադառնալով այս բոլոր խնդիրներին`ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ թեև անելիքները շատ են և Կառավարությունն առավել մեծ ջանքեր պետք է կիրառի, որպեսզի մեղմացնի ուսանողների սոցիալական բեռը:
«Կա նպատակ ` կառուցելու ուսանողական ավան, եւ ուսման վարձը թույլ ենք տալու վճարել ավելի ճկուն սխեմաներով»:
Այսպիսով` ԿԳ նախարարը գտնում է, որ պետություն ճիշտ քաղաքականություն է իրականացնում և ճիշտ ճանապարհի վրա է՝ ուսանողների խնդիրները վեր հանելու և նրանց աջակցելու գործում:




