
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Անցած ձմռանն արձնագրվեց աննախադեպ մի երևույթ` մայրաքաղաքի ջրամատակարարումը ցուրտ օրերին ավելացվել էր 25 տոկոսով, փաստեց «Երեւան ջուր» ընկերության «Արեւելք» մասնաճյուղի շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանը:
Ջրի ծախսի ավելացումը պայմանավորված էր խողովակների սառձակալման կանխարգելմամբ՝ պարզապես շատ սպառողներ նախընտրում էին բաց թողնել ծորակները, ինչի արդյունքում ջրի հոսքը չէր դադարում և այն չէր հասցնում սառչել: Այնուհանդերձ որոշ տեղեր ջրամատակարարման և կոյուղու համակարգերը տուժեցին ցրտերից:
Բացի խողովակների ջերմամեկուսացումից հատակապես մասնավոր հատվածում պետք է ապահովել խողովակների հողի մեջ անհրաժեշտ խորության ապահովումը, որը կազմում է 70 սանտիմետր: Շատ տեղերում ջագծերն անց էին կացվել 10-15 սանտիմետր խորությամբ: Անցած ձմռանը բարձրադիր գոտիներում հողը սառչել էր նույնիսկ 80 սանտիմետր խորության վրա, նշեց պարոն Օհանյանը:
Նույն ընկերության «Արևմուտք» մասնաճյուղի շահագործման տնօրեն Արամ Սահակյանը իր հերթին նշեց, որ կորուստները ավելի շատ կլինեին, եթե նախորդ շրջանում նախապատրաստական աշխատանքներ չիրականացվեին: Այնուհանդերձ ջրային ցանցը զերծ չէ կորուստներից. դրանց չափը այսօր կազմում է 78 տոկոս, ինչը, ըստ մասնագետների նվազ ցուցանիշ է՝ համեմատած նախկինում 92 տոկոսի հետ, նշեց «Երեւան ջուր» ընկերության իրավաբանական եւ հաճախորդների սպասարակման տնօրեն Արտակ Մալխասյանը:
Այս տարի ընկերությունը վարկային և դրամաշնորհային միջոցներով կվերականգնի շուրջ 150 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ջջրամատակարարման բաշխիչ ցանցի առանձին հատվածներ, ինչպես նաև կկառուցվեն բակային 30 նոր պոմպակայաններ:
Հիշեցնենք, որ «Երեւան ջուրը» վերջերս պատկան մարմին հայտ է ներկայացրել, ըստ որի նախատեսվում է իր կողմից մատուցվող ծառայությունների սակագինը բարձրացնել 7 դրամ 49 լումայով՝ մեկ խորանարդ մետր ջրի դիմաց:




