Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»
«Դեպի Չարենց տանող ճանապարհն այսօր էլ կանաչ է, նրան դեռ սիրում ու կարդում են, սակայն ժամանակն է, որ Չարենցին ամբողջությամբ ճանաչենք՝ իր բոլոր դրսևորումներով»,-այսօր ասել է գրականագետ, չարենցագետ Դավիթ Գասպարյանը: Նրա խոսքով այսօր գրականության ու պոեզիայի տոն է, քանի որ նշում ենք ոչ միայն մեծ բանաստեղծի ծննդյան օրը, այլև տարին ինչ որ առումով հոբելյանական է. հարյուր տարի առաջ լույս տեսավ Եղիշե Չարենցի առաջին ժողովածուն՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան»: Նրա ստեղծագործական կյանքը տևեց ընդամենը 25 տարի, բայց այն չափազանց հարուստ էր ու բազմաբովանդակ: Ինչպես ասում էր Վարուժանը՝ սիրում էր փոխել լարերը, մի Չարենցին անընդհատ նոր Չարենց էր հաջորդում. «Չարենցը բարդ կերպար էր»,-ասում է գրականագետ Դավիթ Գասպարյանը:
«Նա որքան դեպի Աստված էր գնում, նույնքան էլ ձգտում էր դեպի երկրի ընդերքը»:
Չարենցագիտությունը մեր գրականագիտության այն ճյուղն է, որն առավել բորբոք է այսօր: Մեր գրական անդաստանում չենք գտնի որևէ այլ հայ հեղինակի, ով ավելի մեծ հետաքրքրություն է առաջացրել հանրության շրջանում և ավելի կենդանի ներգործություն է ունեցել հայ պոեզիայի վրա, որքան նա: «Դեպի Չարենց բերող ճանապարհներն էլ այսօր կանաչ են, աշակերտներն ու ուսանողները սիրում և կարդում են նրան: Այդուհանդերձ ընթերցողը Չարենցին մակերեսորեն գիտի, շատերի համար նրա պոեզիան սահմանափակվում է միայն «Ես իմ անուշ Հայաստան»-ով, բայց ժամանակն է, որ նրան ամբողջությամբ ճանաչենք՝ իր բոլոր դրսևորումներով»,-ասում է գրականագետը:
«Ինքը հանճարն էր, ժամանակի տերն ու պատասխանատուն, ոչ ոքի վրա հույսը չէր դնում, և կռիվն էր ինքը մղում և հաշտության դրոշն էր պարզում»,-ասում Գասպարյանը:
Կենսագրական դրվագներ, որոնք, թերևս, ամենից լավ են բնորոշում Եղիշե Չարենցին. Ըստ գրականագետի դա ընտանեկան խմբանկարն է, որտեղ Չարենցը մոտավորապես 10 տարեկան է, կանգնած է ձիգ, հպարտ, սխրանքի պատրաստ: «Սխրանքի պատրաստ այդ տղան էր, որ կարողացավ 17 տարեկանում գիրք հրատարակել Կարսի պես փոշոտ, կորած քաղաքում, իսկ հաջորդ տարին կամավոր գրվեց ու գնաց հասավ մինչև Վան: Չարենցի կերպարի ամենախրոխտ դրսևորումներից մեկը. 1936 թվականի օգոստոսի 9-ին շատերին ձերբակալեցին, Չարենցին՝ դեռ ոչ: Նրան հետո ձերբակալեցին ու դաժան հարցաքննության ենթարկեցին: Խոսք կորզելու համար նրան ասում էին, որ մտերիմ ընկերներն իր մասին վատ բաներ են ասել: Իսկ Չարենցն ընդդիմանում էր ու ասում՝ սուտ է, այդ դուք եք հորինել: «Այս սխրանքով էլ նա գնաց մինչև մահ»,-ասում է Գասպարյանը, ով այսօր խոսեց նաև Գուրգեն Մահարու մասին, ով ոմանց կարծիքով մասնակցվություն է ունեցել Չարենցի ձերբակալման գործում:
«Մահարին ամենանվիրվածն է եղել Չարենցին»:
«Իր մեծությամբ հանդերձ Չարենցն, այդուամնեայնիվ, մնաց հայ գրականության նեղ սահմաններում ու չդարձավ համաշխարհային գրականության մասը, ինչին իրավամբ արժանի էր, ինչու»,-լրագրողի հարցին ի պատասխան Դավիթ Գասպարյանը հակադարձում է.«Արդյոք Նարեկացին Դանթեին զիջում է, բայց աշխարհը գիտի Դանթեին, իսկ Նարեկացուն ՝ ոչ: Ոչ թե մեր գրողներն են փոքր, այլ այն պատվանդանը, որի վրա նրանք կանգնում են: Այն կոչվում է հայ, Հայաստան , հայություն»: