ԿարևորՔաղաքական

Երևանում և Բաքվում խոսել են «Խաղաղության պայմանագրից»․ ստորագրման ժամկետ է նշվել տարեվերջը

Հայաստանը չի բանակցում Ղարաբաղի կարգավիճակի հարցով․ այս հայտարարությունը խորհրդարանում արել է Հայաստանի արտգործնախարարը։  Թեև Արարատ Միրոյանը  խորհրդարան է գնացել նախորդ տարվա բյուջեի կատարման մասին հաշվետվություն ներկայացնելու, բայց ժամեր շարունակ ստիպված է եղել պատասխանել արտաքին դիվանագիտությանն ու Հայաստան–Ադրբեջան բանակցություններին առնչվող հարցերին։ Այս քննարկումը խորհրդարանական ընդդիմությունը չի բոյկոտել և հարցեր է ուղղել արտգործնախարարին։  

Պաշտոնական Երևանն ու Բաքուն արձանագրում են, որ խաղաղության օրակարգի իրացումը շատ հեռու չէ։ Թեև պատրաստի փաստաթուղթը դեռ չկա, բայց կա հավանականություն մինչև տարեվերջ ստորագրել այն, հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նշված ժամկետն իրականություն կդառնա, եթե պահպանվի բանակցային ինտենսիվությունը և  շարունակվի միջազգային հանրության ուժեղ աջակցությունը՝ Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է պաշտոնյան։

«Մենք տրամադրված ենք այսպես, որ հնարավորինս շուտ։ Այդ հնարավորինս շուտը կարող է օրինակ լինել տարվա ընթացքում, կարող է մինչև տարեվերջ ձգվել, բայց մեր տրամադրվածությունը այնպիսին է, որ գտնենք լուծումներ և այդ լուծումների շրջանակներում առաջ տանենք խաղաղության օրակարգը և խաղաղության համաձայնագիր ունենանք»։

Բաքվում այս թեմայով խոսել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ Հայաստանի հետ Խաղաղության պայմանագրի ստորագրումն անխուսափելի է։ Պայմանագրի չհամաձայնեցված կետերի շուրջ առաջիկա բանակցությունները արտգործնախարարների մակարդակով հունիսին են՝ մեկ շաբաթից, Վաշինգտոնում։

«Խաղաղության պայմանագրի» առանցքային կետերից մեկը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումն է։ Վերջին շրջանում տարբեր առիթներով նշվել է, թե գործընթացը  հիմնվելու է  1975 թվականի քարտեզների վրա, մինչդեռ Հայաստանի արտգործնախծարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում հստակեցրել է․

«Ցայսօր մենք վերջնական համաձայնություն չունենք 75 թվականի քարտեզի վերաբերյալ։ Համենայնդեպս, Ադրբեջանը մշտապես առարկել է այս քարտեզի հիմքով սահմանազատումը սկսել։ Եթե չառարկեն, թերևս արդեն սկսված կլիներ, համաձայնությունը ձեռքբերված կլիներ։ Կարծում եմ, թե վերջին հանդիպման ժամանակ Քիշնևում Ադրբեջանի նախագահը ասել է, որ դեմ չէ»։    

Վերջին շրջանում ակտիվորեն շրջանառվող հարցերից մյուսն առնչվում է «անկլավ» կոչվածներին։ Մինչ հանրությունը սուր է ընկալում թեման և լուծման տարբերակներ առաջարկում, Հայաստանի արտգործնախարարը հստակեցնում է՝ այս պահին շրջանառվող փաստաթղթի  նախագծում անկլավների մասին հիշատակում չկա, իսկ թեման բանակցություններում  սկսել է արծարծվել ինչ-որ պահից։ Թե ինչ պահի մասին է խոսքը, արտգործնախարարը չի մանրամասնել․

«Ես տեղյակ եմ և քաղաքական պնդում եմ անում, որ եղել են ադրբեջանական անկլավներ, բայց թող մասնագետները որոշեն՝ այդ անկլավները ինչի՞ հիման վրա են գոյություն ունեցել, իրավունք ունեի՞ն գոյություն ունենալ, թե՞ ոչ, թե իներցիայով բոլորը սկսել են ասել «անկլավ», բայց չկա։ Եվ խնդրում եմ անկլավների մասին խոսելիս չմոռանալ մի կարևոր դետալ․ մենք ունեինք հայկական անկլավ Ադրբեջանի ԽՍՀՄ-ում՝ Արծվաշենը, որի ստեղծման և գոյության իրավական հիմքերը ոչ մեկն առնվազն  չի վիճարկում։ Դեռ ինձ հայտնի չէ, և, կարծում եմ, ուսումնասիրման կարիք ունեն անկլավների ծագման իրավական հիմքերը։ Սա այն հարցն է, որով պետք է զբաղվի հենց սահմանազատման հանձնաժողովը և արդեն հանձնաժողովում քննարկվեն տարբեր լուծումներ»։

Ըստ պաշտոնական Երևանի՝ «Խաղաղության պայմանագրի» բաղկացուցիչ մաս պետք է լինի տարածքային ամբողջականության ճանաչումը հստակ թվային արտացոլմամբ։ Հակառակ Հայաստանի իշխանությունների, Ադրբեջանի նախագահը երբևէ հրապարակավ չի հայտարարել, որ ճանաչում է Հայաստանի 29 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը։  Հայաստանի դեպքում նման սահմանման անհրաժեշտությունը արտգործնախարար Միրզոյանը հստակ օրինակով է ներկայացրել։

«Հրապարակային հաստատման կարիք կա թերևս։ Հակառակ դեպքում մենք շարունակում ենք մտահոգություն ունենալ այն մասին, որ Ադրբեջանն իր քաղաքականությամբ փորձում է տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ին։ Սրա մասին էին և՛ 2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ագրեսիան, ներխուժումը ՀՀ տարածք, և՛ մինչ այդ տեղի ունեցած ներխուժումները, ինչու չէ, վերջերս Տեղ գյուղի հատվածում տեղի ունեցած միջադեպը։ Ահա այսպիսի բաները վերացնելու համար է, որ ՀՀ-ն շահագրգիռ է, որ օր առաջ գոնե պարամետրերը, սահմանազատման աշխատանքի հիմքերը որքան հնարավոր է հստակ և ավելի քիչ մեկնաբանությունների տեղ թողնող ձևակերպումներով սահմանվեն։ Սրան հասնելը  մեզ համար առաջնահերթ է»։

Ադրբեջանի դեպքում կիրառվող 86 600 քառակուսի կիլոմետրի սահմանման վտանգի մասին խոսում են ընդդիմադիրները։ ԼՂ ապագան վճռելու իրավունքի մասին հարցերը «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Արթուր Խաչատրյանը ուղղեց արտգործնախարարին։   

«Երբ դուք արդեն 86 600 քառակուսի կիլոմետրի մասին եք խոսում, դա նշանակում է՝ դուք արդեն կանխորոշել եք ձեր համար Ղարաբաղի կարգավիճակը։ Արդյո՞ք դուք ստացել եք Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից այդ լիազորությունը Արցախի նկատմամբ վերահաստատել Ադրբեջանի գերիշխանությունը։

«Եթե հիշողությունս չի դավաճանում ՀՀ-ն իր հիմնադրումից հետո մշտապես ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում և այն տարիներին, երբ ձեր ներկայացրած կուսակցությունը եղել է իշխանության մաս։ ԼՂ ո՛չ ժողովուրդը, ո՛չ նրանց ընտրած իշխանությունները և կառավարման մարմինները մեզ չեն լիազորել բանակցել իրենց կարգավիճակի շուրջ, և մենք էլ չենք բանակցում այդ կարգավիճակի շուրջ։ ՀՀ–ն, ինչպես և նախկինում ճանաչել է և այժմ էլ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։  

Որպեսզի խաղաղությունը լինի կայուն ու երկարատև, պետք է առկա խնդիրները հասցեագրվեն, իսկ այդ խնդիրները կան՝ նշել է արտգործնախարարը։ Նա շեշտել է, որ որևէ մեկն աշխարհում չի կարող ժխտել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հետ կապված կան բազմաթիվ բաց հարցեր՝ բլոկադա, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակում, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանում։ Ասում է՝ այս հարցերը ոչ թե մենք պետք է քննարկենք, այլ Լեռնային Ղարաբաղի ընտրված մարմինները։ Իսկ Հայաստանը, ըստ արտգործնախարար Միրզոյանի, պետք է փորձի ապահովել այդ երկխոսության սկիզբը։

Back to top button