ԿարևորՀասարակություն

Ուզիմ խաղաղություն լինի, որ խոխեքը կապույտ երկնքի տակ մեծանան․ ի՞նչ են երազում արցախցի մանուկները

Այսօր, երբ աշխարհի տարբեր երկրներում  նշվում է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Արցախի 30 հազար երեխաները արդեն 6 ամիս է՝ ապրում են իրենց հիմնարար իրավունքներից զրկված, մշտական վտանգի և պատերազմի սպառնալիքի ներքո։ Արցախցի մանուկների երազանքը մեկն է՝ապրել խաղաղ երկնքի տակ, իրենց հայրենիքում։

2020 թ․-ի սեպտեմբերի 27-ին Անահիտն ու Իգորը վաղ առավոտյան արթնացան կրակոցների ձայնից։ Հասկացան, որ պատերազմ է սկսվել, պետք էր երեխաներին անվտանգ տեղ տանել։ Հանկարծ փոքրիկ Վիկան դուրս է վազում՝ «երկաթե թռչուններին», այսինքն՝ ԱԹՍ–ներին տեսնելու։ Ավաղ … 8 ամյա Վիկտորյան  44-օրյա պատերազմի առաջին զոհը դարձավ։

Տարին մեկ անգամ՝ հունիսի մեկին բոլորս խոսում ենք երեխաների իրավունքների մասին։ Մինչդեռ այսօր, երբ աշխարհի շատ երկրներում  նշում են երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, զուգահեռ իրականությունում` Արցախում, արդեն 6 ամիս 30 հազար երեխա ապրում է իր հիմնարար իրավունքներից զրկված, մշտական վտանգի և պատերազմի սպառնալիքի ներքո։

Նարեկ Թումանյանը սովորում է  Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի 8-րդ դասարանում։ Նարեկի երազանքները շատ են, բայց այսօր մի բանի մասին է միայն երազում՝ երբ  է բացվելու կյանքի ճանպարհը․ «Իմ երազանքն է,որ Արցախում միշտ տիրի խաղաղություն,երեխաների իրավուքները պաշտպանված լինեն»։

Աշխարհի բոլոր երեխաներն ունեն հավասար իրավունքներ՝ այս կարգախոսն այսօր շատ է հնչելու տարբեր պաշտոնյաների, քաղաքական ու հասարակական գործիչների շուրթերից։ Նարեկն ասում է՝ շրջափակված Արցախում դժվարություններ շատ կան, բայց արցախցիներին դրանցով չես վախեցնի․

«Շրջափակված Արցախում մի քիչ դժվար է կյանքը։բայց ես գիտեմ,ամեն դժվարությունից հետո մի հատ լավ լույս է բացվում։Դա էլ լինելու է մեր պայծառ սերնդի ապագան»։

Արցախցի իննամյա Լյուսյան էլ ասում է, որ այս օրը իրենն է ու բոլոր երեխաներինը։ Նրա երազանքն էլ նույնն է․ «Շատ ուրախ եմ, որ այս օրը Արցախում եմ տոնում, թեկուզ, որ մենք շրջափակված ենք։ Ես ուզում եմ, որ ճանապարհը բացվի, տատիկս վերադառնա Արցախ»։

Արցախում էլ այսօր փորձել են տոնական տրամադրություն փոխանցել մանուկներին։

Ինչպես արցախցին կասեր՝ «Հունիսի մեկը խոխոնցը պրազդնիկնա»։ 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միության նախագահ Արմեն Ասրյանը պատմում է՝ մի քանի րոպեով երեխաներին ժպիտ են պարգևել։ Մեծ դժվարությամբ, բայց նրանց նվերները տեղ են հասել․

 «Դժվար է ամեն ինչ, բայց մենք նայում ենք առաջ, ոչ-ոք իրավունք չունի մեր բալիկների երջանկությունը, ժպիտը խլել, ու ամեն ինչի պատրաստ ենք,  որպեսզի պահպանենք նրանց խաղաղ կյանքը։ Ապահովենք նրանց անհոգ մանկությունը» ։

Մեր երեխաները վերջին վեց ամսում մեծացան մի քանի տարով։ Ու այսօր, երեխաների իրավունքների մասին խոսելուց առաջ, պետք է հիշենք, որ Արցախում երեխաները զրկված են իրենց մանկության իրավունքից, շեշտում է Արմեն Ասրյանը․ «Ի՞նչու են լռել, ի՞նչու են աչք փակում։ Սա շատ ցավալի է։ Շատ հաճախ երեխաներն այս բլոկադայի հետևանքներն են քննարկում։ Բալիկները շատ լավ հասկանում են ամեն ինչ։ Առաջներում, երբ ինչ որ միրգ պակասում էր, կամ քաղցրավենիք, լացում ուզում էին, հիմա հասկանում են, որ ծնողը մեղավոր չի , որ իրենց սրտի ուզածը չկա»։

Իսկ արցախցի երեխաների ուզածն այսօր շատ քիչ բան է՝ մի քանի խաղալիք ու մի քիչ էլ՝ քաղցրավենիք․

«Արցախը իմ հայրենիքս ա, որ պապան գա, մենք քինալու ենք ռեստորան, գուլյատ անինք»։

«Ուզիմ խաղաղություն լինի, որ խոխեքը կապույտ երկնքի տակ մեծանան»։

Back to top button