ԿարևորՀասարակություն

Տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի հերթական նիստը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի
հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ
կառավարությունում տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստը:

Քննարկվել են աշխարհահռչակ շանսոնյեի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական
միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքը, ներկայացված
առաջարկությունները: Նիստի ընթացքում մտքեր են փոխանակվել միջոցառումների
ձևաչափերի, ժամանակացույցի և կազմակերպչական այլ հարցերի շուրջ:

Հանձնաժողովի նիստին ներկայացվել է նաև «Ազնավուր» հիմնադրամի հոբելյանական
միջոցառումների ցանկը: Ինչպես նշել է Շառլ Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի
համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, այն մշակվել է Հայաստանի և Ֆրանսիայի
կառավարություններրի, մշակութային տարբեր կազմակերպությունների, հանրային
կառույցների, ինչպես նաև ընտանիքի մյուս անդամների հետ սերտ համագործակցության
արդյունքում: Նշվել է, որ հոբելյանական միջոցառումները տեղի են ունենալու 2024 թվականին
և արվելու է հնարավորը՝ ողջ տարվա ընթացքում Ազնավուրի արվեստի շունչը զգալու
համար:

Ծրագրի շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ մայրաքաղաքում և
մարզերում, մասնավորապես՝ պաստառների տպագրություն, համերգներ, թատերական
ներկայացում, փոստային նամականիշների մարում, գրքի տպագրություն, ֆիլմերի
ցուցադրություն, ձայնագրություններ, լուսանկարների ցուցադրություն և այլն: Նշվել է նաև, որ
ակնկալվում է ՀՀ կառավարության աջակցությունը միջոցառումները բարձր մակարդակով
անցկացնելու հարցում:

Արայիկ Հարությունյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել առաջիկա
անելիքների վերաբերյալ և ընդգծել Շառլ Ազնավուրի հոբելյանական տարին սահուն, հարթ և
պատշաճ մակարդակով կազմակերպելու կարևորությունը: Այդ համատեքստում Վարչապետի
աշխատակազմի ղեկավարը կարևորել է նաև շահագրգիռ գերատեսչությունների,
համապատասխան կառույցների հետևողական, արդյունավետ, համակարգված աշխատանքը:

Back to top button