ԿարևորՀասարակություն

Բազում գյուղում բազում խնդիրներ կան, բայց ամենաբարդը խմելու ջրի հարցն է

Լոռու մարզում այդպես էլ չի լուծվում Բազում գյուղի խմելու ջրի հարցը: Գյուղացիներն օգտվում են բնական աղբյուրներից, որոնց ջրի բնական հոսքը ամռան կեսին նվազում է, իսկ հորդառատ անձրևներից՝ պղտորվում: Ջրագծի կառուցման համար մեծ ծախսեր են պահանջվում, որոնք համայնքային բյուջեով հնարավոր չէ իրականացնել։ Այդ խնդիրը լուծելու համար հովանավորներ են փնտրում:

Բազումի լեռների ստորոտին փռված Բազում գյուղի հիմնական հոգսը խմելու ջուրն է: Գյուղացիները խնդրին մասնակի լուծում են տվել. սարերից հոսող բնական աղբյուրների ջուրն ուղիղ գծով հասցրել են տուն:

Գյուղի կենտրոնում հավաքված գյուղացիներն այսպես են ներկայացնում ջրի խնդիրը․

«Գյուղը ջրի պահանջ ունի, խմելու ջրի պահանջ։ Սարերից եկած ջուրն ու գետի ջուրն ենք օգտագործում: Գետի ջուրը խմելու համար էլ ենք օգտագործում՝ մառլյայով զտում ենք, խմում, որովհետև ժողովուրդը գյուղում խմելու ջուր չունի, գետի ջուրն են վերցնում, օգտագործում: Պահանջը կա, բայց դեռ չի լուծվում»:

Գետի ջուրը հիմնականում կենցաղային նպատակներով են օգտագործում, ծայրահեղ դեպքում՝ նաև սննդում: Երկար տարիներ հարցը բարձրացվել է, բայց խնդրին հիմնական լուծում չի տրվել:

Աննա Պլուզյան. «Գյուղացիները մեծամասամբ սեփական ուժերով են սարերից եկող ջուրը բերել, մի թաղամասն է միայն գյուղապետարանը ջրաֆիկացրել, մյուս թաղամասը սպասարկող ջրագիծը համայնքապետարանի միջոցներով է վերանորոգվել, բայց գյուղի 80 տոկոսը ջուրն իրենք են բերել: Ջրի պաշար չկա, որպեսզի գյուղապետարանը մի խողովակով ջուրը հասցնի գյուղ ու մի քանի թաղամասի ջրամատակարարումն ապահովի»։

Լեռնային գյուղի տները տարբեր թեքությունների վրա են կառուցվել և 450 տնտեսություն ինքնուրույն է հոգացել խմելու ջրի հարցը՝ անտեսելով սարերի բնական աղբյուրների ջրի որակը․

«Սեզոնային անձրևներով պայմանավորված ջուրը շատ է պղտորվում, սարերից եկող ջրերը չմաքրվող հոսող ջրեր են, չի ֆիլտրվում, բայց մենք հետևողական ենք. խոհանոցում ջուրը միայն եռացնելուց հետո ենք օգտագործում»:

Բազումցիների խմելու ջուրը բնության հույսին է թողնված. լեռներում ջրի պաշարը սակավ է, խմելու ջրի հիմնական աղբյուր չկա, որ կարողանան հավաքել ավազանում: Կլիմայով պայմանավորված՝ ջրի քանակը նվազում է, հատկապես ամռանը․

«Ջրերը պակասել են, բնությունն է փոխվել, ձմռանը քիչ է ձյուն գալիս, սարերում ձյուն չկա: Այս տարի շատ ձյուն չի եկել, դրանից էլ խմելու ու ոռոգման ջրի խնդիր ունենք»:

Բազումի համայնքային կենտրոնում երկու  մանկական հաստատություն է գործում. 20 երեխայով մանկապարտեզն ու մանկան զարգացման յուրահատուկ սենյակը: Այստեղ ավելի զգոն են և ուշադիր, գյուղի խմելու ջուրն օգտագործում են միայն կենցաղում:

Աննա Պլուզյան. « Մի ժամանակ մանկապարտեզի ջուրը գնում էինք Վեոլիա Ջրից, բերում էինք ավտոմեքենաներով, իսկ հիմա մանկապարտեզի համար մաքուր ջուր ենք գնում, կամ ծնողներն են բերում մաքուր աղբյուրներից: Ժողովուրդն իրենց մեքենաներով են ջուր բերում»:

Բազումի վարչական ղեկավար Արթուր Ծատուրյանն ասում է, որ խոշորացումից հետո համայնքը փորձում է գյուղի խմելու ջրի հարցը լուծել։ Բայց դա շատ ծախսատար է, և միայն համայնքի բյուջով ու սուբվենցիոն ծրագրով չեն կարող ջրագիծ անցկացնել․

«Մոտավոր հաշվարկներով խմելու ջրագծի ծրագիրը 500 հազար ԱՄՆ դոլար է կազմում: Մենք նախատեսել ենք ջրագիծն անցկացնել թունելի մոտից, որտեղ խմելու ջրի ակունք կա: Ընդհանուր երկարությունը շուրջ 10 կմ է»:

Խմելու ջրի խնդիրը լուծելու համար համայնքը որոշել է դիմել բարերարների աջակցությանը: Վարչական ղեկավարի խոսքով ՝ համայնքն այդ փորձն արդեն ունի. «Հովանավորները կամ բարեգործական կազմակերպությունները, եթե մի ծրագիր են անում, ապա  համայնքը պարտադիր որոշակի ներդրում պետք է ունենա: Այսինքն՝ եթե բարերաները որոշեն ու հաստատեն այս ծրագիրը, բնականաբար, խոշորացված համայնքը պետք է իր բյուջեից ներդրում կատարի, մասնաբաժին ունենա»:

Մինչև խոշորացումը Բազումի համայնքային բյուջեն 80 մլն դրամ է կազմել: Արթուր Ծատուրյանն ասում է, որ գյուղացիները գիտակցաբար սկսել են կատարել հարկային պարտավորությունները, քանի որ տեսնում են գյուղում իրականացվող աշխատանքները:

Back to top button