ԿարևորՀասարակություն

Հայաստանը մշակում է հակակոռուպցիոն նոր ռազմավարություն, մինչդեռ կոռուպցիայի ընկալման համաթվում նահանջում է

Հայաստանի հակակոռուպցիոն նոր ռազմավարության հիմնական, բովանդակային մասն արդեն պատրաստ է, իսկ դրա հիմնքում նախորդ՝ 2019-2022թթ ռազմավարության իրականացման ընթացքում վերհանված խնդիրներն են։ Ոլորտային կազմակերպությունները, ի դեմս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, շեշտում են՝ դաշտում բազմաթիվ օրենսդրական փոփոխությունների կարքի կա, որոնք կընդլայնեն կոռուպցիայի կանխարգելմամբ զբաղվող մարմինների լիազորությունները ու գործիքակազմը։ Մասնագետները շեշտում են՝ առավել արդյունավետ արդյունքի հասնելու համար հակակոռուպցիոն պայքարում ոլորտային առանձնացված մոտեցում է պետք։

Հայաստանը շարունակում է հակակոռուպցիոն նոր ռազմավարություն մշակել, մինչդեռ միջազգային կազմակերպությունների՝ մասնավորապես Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպության տվյալներով նախորդ տարի զիջել է իր դիրքերը կոռուպցիայի ընկալման համաթվում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչ Նարինե Ավետիսյանն ասում է՝ նախորդ տարվա հետընթացը նոր մշակվող ռազմավարության անկյունաքարերից մեկն է, սակայն պետք չէ այս հետընթացը ուղիղ պետության զարգացման հետ կապել․

«Այս համաթիվը մի քանի գործակիցներից է կազմված և այս գործակիցները միշտ չէ, որ ունեն թիրախային կոնկրետ խնդիր, և այդ խնդրի հետևանքով է, որ պետությունը հետընթաց է ապրել։ Ես ևս մեկ անգամ պետք է ասեմ, որ մենք ունեցել ենք բարդ ժամանակահատված, և այդ համաթիվը բարձրացնելը շատ բարդ էր․ քովիդից ու պատերազմից հետո մենք ունեինք քաղաքական շատ բարդ ժամանակաշրջան»,– ասում է Ավետիսյանը։

20219-2022թթ հակակոռուպցիոն ռազմավարության ամենակարևոր ձեռքբերումներից հենց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ու համապատասխան մյուս մարմինների ստեղծումն էր։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Նարինե Ավետիսյանն ասում է՝ այս ընթացքում արել են բոլոր հնարավոր քայլերը երկրում հակակոռուպցիոն պայքարն ուժեղացնելու ու կոռուպցիան կանխելու համար, սակայն դեռ բազմաթիվ թերություններ ու բացթողումներ կան․

«Կարողությունների ու ինստիտուցիոնալ տեսանկյունից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իսկապես նաև զարգացման ու ռեսուրսի կարիք ունի։ Եթե մենք համեմատում ենք այն ռեսուրը, որ ունենք ու այն պատասխանատվությունները, որ մեր առաջ դրված են, դրանք բոլորովին համաչափ չեն, և հանձնաժողովը այս խնդիրները ևս բարձրաձայնել է»։

Ըստ Նարինե Ավետիսյանի, բազմաթիվ օրենսդրական խնդիրներ կան, փոփոխությունների ու օրենսդրական կարգավորումների կարիք կա, որոնք թույլ կտան մեծացնել հանձնաժողովի լիազորություններն ու ընդլայնել գործիքակազմը․

«Մենք ունենք այնպիսի լիազորություններ, որոնց իրականացման ու նյութականացման համար հանձնաժողովը նույնիսկ օրենսդրական լիազորություններ չունի»,– ասում է Նարինե Ավետիսյանը։

Ոլորտում օրենսդրական փոփոխությունները ևս նախատեսում են ընդգրկել ռազմավարության մեջ։ Իրավաբան Վաղարշ Աղաբեկյանի կարծիքով, ավելի համակարգային լուծումների հասնելու համար պետք է ավելի առանձնացված պայքար մղել․ հակակոռուպցիոն ռազմավարությունը կարող է ու պետք է տարբեր լինի՝ կախված ոլորտներից ու նույնիսկ տարածաշրջանից, ընդգծում է իրավաբանը․

«Օրինակ, Սյունիքի մարզում, կախված տեղի անվտանգային կամ քաղաքական տարբեր շահերից, կոռուպցիոն երևույթները կարող են ունենալ այլ դրսևորումներ, քան, օրինակ, Կոտայքի մարզում, որտեղ, օրինակ, տուրիզմի կամ տուրիզմի ոլորտի հետ կապված ռիսկեր կարող են լինել»,– ասում է Աղաբեկյանը։

Տարիներ շարունակ կաշառքների, համատարած կոռուպցիոն երևույթների մասին խոսելիս շատերը հիշատակում էին դատական իշխանությունը։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձարի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը այս խնդրի մեջ նաև սահմանադրական բաղադրիչ է տեսնում․

«Մեր առկա սահմանադրությունը հենց կոռուպցիայի մեխանիզմ է իրենից ենթադրում։ Եթե Մայր օրենքի համաձայն քաղաքական ուժը ընտրում է դատավորներ՝ ձայների մեծամասնությամբ, դա ինքնին դատական իշխանության ձևավորման համակարգում քաղաքական իշխանության չվերահսկվող իշխանության ու կոռուպցիան ռիսկեր կան»,– ասում է Սաքունցը։

Սա նշանակում է, որ առաջիկա հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում պետք է ավելի շատ շեշտադրումներ ունենալ ինստիտուցիոնալ համակարգերի նկատմամբ՝  ասում է Սաքունցը։ Ըստ ուսումնասիրությունների՝ վերջին 5 տարիներին փոխվել է նաև հասարակության ընկալումը կոռուպցիայի նկատմամբ։ Եթե նախկինում, օրինակ,  քաղաքացիները որպես կոռուպցիա դիտարկում էին կաշառքը, հիմա կաշառքը, որպես կոռուպցիոն դրսևորում, էականորեն զիջել է այնպիսի ընկալման, ինչպիսին հովանավորչությունն է։

Կարդացեք նաև
Close
Back to top button