ԿարևորՔաղաքական

Ինչպե՞ս է լուծվելու «անկլավների» խնդիրը․ հեռանկարը՝ ըստ ներկա ու նախկին նախարարների

Մայիսի 22-ի ասուլիսում վարչապետ Փաշինյանն այսպես կոչված անկլավների հետ կապված նշել էր, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում ի սկզբանե եղել են կետեր, որոնք հայկական կողմի համար անընդունելի են եղել։ Նրա խոսքով՝ կետերից մեկը վերաբերել է անկլավներին։ Ինչպես հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, եղել են գործընկերներ, որոնք իր այդ դիրքորոշումը չեն կիսել։ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ զինված ուժերի գխավոր շտաբն ասել է, որ «անկլավներով ստորագրի»: Այս հայտարարությանն արձագանքել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ շեշտելով, որ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի վերջնական տարբերակն առանց «անկլավների» հիշատակման է ներկայացվել վարչապետին։ Անկլավների հարցին այսօր անդրադարձել է նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Եթե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքվի անկլավները հանձնելու, կամ զիջելու, կամ փոխանակելու տարբերակով, ապա կստացվի, որ Հայաստանի Հանրապետության տարածքից կարևոր հատվածներ են անցնելու Ադրբեջանին։ Լրագրողները հետաքրքրվում են՝ արդյո՞ք դա ընդունելի է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի համար, չէ՞ որ նրա ղեկավարած գերատեսչության ենթակայությանն առնչվող տարածքների մասին է խոսքը։  Բանակցություններում անկլավների հետ կապված տարբեր քննարկումներ և սցենարներ կան՝ ասում է նախարարը.

«Ակնհայտ է, որ երբ որ այդ պրոցեսը հասունանա, կարևոր դերակատարում կունենան այդտեղ իրավական փաստաթղթերը։ Այսինքն` որևէ տարածք, որևէ կարգավիճակ ունենալու համար գոյություն ունեն իրավական հիմքեր։ Կարծում եմ` այդ ժամանակ գործընկերները կտեսնեն` որ տարածքն ինչ իրավական հիմք ունի»:

Սանոսյանի խոսքով` մի բան ակնհայտ է, որ նման տարածքներ երկու կողմում էլ կան, այսինքն, Սանոսյանի ձևակերպմամբ, Հայաստանն էլ ունի այդպիսի բազմաթիվ հատվածներ, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են։

«Մենք նույնպես ունենք բազմաթիվ այդպիսի հատվածներ, ինչպես նաև 1990–ականների պատերազմից հետո հատկապես Տավուշի մարզում ունենք տարածքներ, որոնք գտնվում են հիմա Ադրբեջանի տիրապետության տակ։ Կարծում եմ` այդ ամենը մեկ ընդհանուր փաթեթի մեջ կդիտարկվի»։

Դրանց հետ կապված տարբեր սցենարներ կան, բայց չի կարող մանրամասնել, ասում է նախարարը։ Սանոսյանը համաձայն չէ լրագրողների դիտարկման հետ, որ անկլավները հանձնվում են։ Հանձնելն ու փոխանակելը տարբեր բաներ են. ինչո՞ւ եք գիշեր–ցերեկ հանձնելուց խոսում՝ լրագրողներին  հակադարձ հարց է ուղղում նախարարը։

Դիտարկմանը, որ վիճահարույց տարածքները Ադրբեջանին վերադարձնելու դեպքում հնարավոր է պետական նշանակության ճանապարհներ հայտնվեն թշնամու վերահսկողության տակ, Սանոսյանը նշեց, որ բոլոր սցենարների դեպքում պետք է գտնեն լուծումներ, և ինչպես Սյունիքում գտան լուծումներ` փոխարինող ճանապարհներով, այս դեպքում էլ ելքեր կմտածեն։ Նախարարը հորդորեց դեպքերից առաջ չընկնել և համբերել․

«Բոլոր սցենարների դեպքում կգտնենք լուծումներ։ Այսինքն, կան քննարկումներ, կան բանակցություններ, ինչպիսի իրավիճակ կլինի՝ դրանից էլ մեր ենթադրություններն ու անելիքները կորոշենք»։

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն է հայտարարություն տարածել՝ նշելով, որ անկլավների թեման նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված չի եղել։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի վերջնական տարբերակն առանց «անկլավների» հիշատակման է ներկայացվել վարչապետին՝ նշել է Տոնոյանը, արձագանքելով վարչապետ Փաշինյանի՝ վերջին ասուլիսում արած այն հայտարարությանը, որ չի համաձայնել ստորագրել եռակողմ հայտարարության այն տարբերակը, որտեղ հիշատակվում էին, այսպես կոչված, «անկլավները»։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում ի սկզբանե եղել են կետեր, որոնք հայկական կողմի համար անընդունելի են եղել։ Նրա խոսքով՝ կետերից մեկը վերաբերել է անկլավներին, 2-րդը՝ ՀՀ տարածքով միջանցքին: Ինչպես հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, եղել են գործընկերներ, այդ թվում՝ ՀՀ զինված ուժերի գխավոր շտաբում, որոնք իր այդ դիրքորոշումը չեն կիսել, պնդել են, որ «անկլավներով» ստորագրի։ Հենց այս հայտարարությանն անդրադառնալով, պաշտպանության նախկին նախարարը հայտարարում է.

 «Հաշվի առնելով, որ դրանից հետո տարբեր մեկնաբանություններ են արվել այդ կապակցությամբ, ցանկանում եմ հայտարարել, որ ես ժամանակին չեմ անդրադարձել դրան՝ ելնելով ՀՀ ազգային անվտանգության շահերից և դաշնակից պետությունների հետ հարաբերություններին չնվնասելու նկատառումներից»:

Ըստ Տոնոյանի՝ Ադրբեջանի կողմից ռուսական ուղղաթիռի խոցվելուց հետո, ինքը ռուսաստանցի գործընկերոջ հետ մոտ 4 ժամ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում քննարկել են հակամարտության գոտուց հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող «անկլավների», խաղաղապահ ուժերի տեղակայման, հրադադարի ուժի մեջ մտնելու պահին հայկական ուժերի` այդ պահի դրությամբ իրենց զբաղեցրած դիրքերում մնալու, Լաչինի միջանցքի լայնության և այլ կարևոր հարցեր․

 «Համաձայնեցված փաստաթղթի վերջնական տարբերակը՝ առանց «անկլավների» հիշատակման, ներկայացվել է ՀՀ վարչապետին: Իսկ ԱԺ պատգամավորների և լրագրողների կողմից պարբերաբար բարձրացվող այն հարցին, որ եթե համաձայնեցվել է, որ հայկական զորքերը մնում են 2020 թ․ նոյեմբերի 9-ի դրությամբ զբաղեցված դիրքերում, ինչո՞ւ այդ կետը չկատարվեց և ինչո՞ւ «անկլավների» հարցը չփակվեց, շեշտում եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել 2020 թ. նոյեմբերի 20-ից՝ իմ պաշտոնանկությունից հետո, մասնավորապես, Սյունիքում մեր ստորաբաժանումների ետ քաշվելը զբաղեցրած դիրքերից, ինչպես նաև անկլավների հարցի վերադարձը օրակարգ, աղերս չունի իմ՝ որպես ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հետ»:

Դավիթ Տոնոյանը հայտնել է նաև, որ այլ մանրամասներ կարող է հայտնել միայն ԱԺ քննիչ հանձնաժողովում, այն էլ՝ թույլատրելիության սահմաններում՝ բաց, հրապարակային նիստին ՀՀ վարչապետի մասնակցության պայմանով:

Back to top button