
Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»
Թբիլիսի
ՄԱԿ հույս ունի, որ Վրաստանի նոր իշխանությունները առավել մեծ ուշադրություն կդարձնեն երկրում մարդու իրավունքներին ու ազգային փոքրամասնություններին առընչվող խնդիրներին: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ավագ խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովը Վիրահայոց թեմին կից գործող «Հայարտուն» կենտրոնում խոսել է Վրաստանում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակի մասին:
Վրաստանում դեռևս մեծ աշխատանք կա մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակը բարելավելու ուղղությամբ: Լինելով բազմազգ երկիր, Վրաստանն ունի բազմաթիվ չլուծված հարցեր, որոնք առընչվում են հենց ազգային փոքրամասնություններին:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ավագ խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովը առանձնացնում է հատկապես փոքրամասնությունների կրթության իրավունքի, մայրենի լեզվի օգտագործման, ինչպես նաև վրացերենին տիրապետելու մասին հարցերը:
«Ակնհայտ է, որ ազգային փոքրամասնությունների դպրոցների թիվը վերջին տարիներին կտրուկ պակասել է. մենք հույս ունենք որ նմանատիպ երևույթներին երկրի կառավարությունը ուշադրություն կդարձնի և մոտ ապագայում հնարավոր է տեսնենք գործուն քայլեր այդ ուղղությամբ»:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ավագ խորհրդականը գտնում է, որ Վրաստանի ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցերի լուծման նպատակով առավել ակտիվ պետք է համագործակցեն համյանքներն ու կառավարությունը: Սակայն, իհարկե, ըստ նրա պաստասխանատվությունն ընկած է կառավարության վրա:
«Մենք անաչառ ուսումնասիրում ենք, թե ինչ խնդիրներ ունեն երկրում ապրող հայերը, ադրբերջանցիները և մյուս փոքրմասնությունները և դրանց մասին հանձնարարականներ ենք թողնում երկրի իշխանություններին»,-ասում է Վ. Շկոլիկնովը, հավելելով որ Վրաստանի նոր իշխանությունները մեծ կամք են դրսևորում դրանց հետևելու ու իրագործելու գործում:
«Ի տարբերություն նախկին իշխանությունների, ներկայիս իշխանությունները մարդու իրավուքնները, այդ թվում փոքրամասնությունների իրավունքները առաջնահերթություն են համարում»:




