ԿարևորՔաղաքական

ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը՝ առանց նախարարի․ ՔՊ–ն հորդորում է քաղաքական ենթատեքստ չփնտրել

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ՝ մասնակցելու ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Նրա փոխարեն Բելառուսի մայրաքաղաք է մեկնել կազմակերպության միացյալ շտաբում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արտակ Տոնոյանը։ Մինչ փորձագիտական շրջանակներում քննարկում են չմասնակցելու դրդապատճառներն ու հետևանքները, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները շտապում են վստահեցնել՝ ՀՀ պաշտպանության նախարարի Բելառուսի մայրաքաղաք չմեկնելը կապ չունի Հայաստան–ՀԱՊԿ հարաբերությունների հետ։

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները  հորդորում են ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելու մեջ քաղաքական  ենթատեքստ չփնտրել։  ՀՀ պաշտպանության նախարարի Բելառուսի մայրաքաղաք չմեկնելը կապ չունի Հայաստան–ՀԱՊԿ հարաբերությունների հետ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը` անդրադառնալով հարցին, արդյոք սրանք ՀԱՊԿ–ից դուրս գալու նախանշաննե՞ր չեն։

«Մանրամասներին չեմ տիրապետում, վստահ եմ, որ քաղաքական մեկնաբանություն չկա այս հարցի վերաբերյալ։ Կարծում եմ` դրանք կապ ունեն պաշտպանության նախարարի այլ գործերի, այլ տեխնիկական հարցերի հետ»։

ՔՊ-ական պատգամավորը վստահեցրել է, որ նիստին չմասնակցելու ենթատեքստը քաղաքական չէ և շեշտել, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց գոյություն չունի։

Վերջերս Հայաստանի ԱԽ քարտուղարն էր հարցազրույցներից մեկում հաստատել, որ Հայաստանը ինչ-որ պահի քննարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու տարբերակը։ Դրանից հետո փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանն հստակեցրել էր՝ նման քննարկում եղել է նախորդ տարվա սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ։  

«Որոշում է ընդունվել չանել այդ քայլը, շարունակել աշխատանքները, որովհետև կան հարցեր, որոնք հետագայում քննարկվեցին ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում, և այս աշխատանքները շարունակվում են։ Այդ մասին հայտարարել ենք։ Շուտով կլինեն նաև քննարկումներ Հարավային Կովկասում իրավիճակի հետ կապված»։

Հայտնի է, որ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի այսօրվա նիստին մասնակցում  են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։ Ավելի վաղ նշվել էր, որ նիստի մասնակիցները քննարկելու են ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգության տարածաշրջաններում, ինչպես նաև ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցերը։

Մինսկում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում ՌԴ պաշտպանության նախարարը կարևորել է հայկական կողմի մասնակցությունը կազմակերպության օպերատիվ և մարտավարական պատրաստության համատեղ միջոցառումներին։   

«Հայաստանը մեր կազմակերպության անդամ է, մեր դաշնակիցը։ Մենք հետաքրքրված ենք խաղաղության հաստատմամբ և անում ենք հնարավորը Անդրկովկասում իրավիճակը կայունացնելու համար։ Բայց միևնույն ժամանակ կարևոր է հայկական կողմի մասնակցությունը օպերատիվ մարտական պատրաստության համատեղ միջոցառումներին»,-ասել է ՌԴ Պ նախարարը՝ ըստ էության ակնարկելով այն, որ Հայաստանը վերջին շրջանում հրաժարվում է մասնակցել կամ ընդունել ՀԱՊԿ զորախաղերը։   

Տարեսկզբին Հայաստանը հրաժարվել էր հյուրընկալել ՀԱՊԿ զորավարժությունները՝ վկայակոչելով Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային քաղաքական հստակ գնահատական չտալու հանգամանքը։ Դրանից երկու ամիս առաջ նույն պատճառով Երևանում չէր ստորագրվել ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին փաստաթուղթը։   

Ակնհայտ է, որ կառույցի հետ Հայաստանը խնդիրներ ունի՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Փորձագետը նկատում է, որ պաշտոնական Երևանը պարբերաբար ցույց է տալիս իր դժգոհությունը ՀԱՊԿ–ից, ինչն արտացոլում է իշխանությունների հետևողականությունը ՀԱՊԿ-ի վերաբերյալ դիրքորոշումներում։ 

«Հայաստանի իշխանությունները, կարծես թե, խուսափում են ռեալ քայլեր իրականացնել։ Դրա փոխարեն կիսաքայլեր են իրականացնում։ Հուսանք, որ գոնե այդ կիսաքայլերի միջոցով, ի վերջո, ինչ-որ մի հանգուցալուծման կգանք»։

Քաղաքագետը կարծում է, որ առանց ՀԱՊԿ-ի Հայաստանը շատ ավելի մեծ հնարավորություններ կստանա առաջին հերթին բանակի արդիականացման ու բարեփոխումների հարցում։  

«ՀԱՊԿ-ը Հայաստանի համար, փաստացի, չգործող կառույց է։ Եթե այն չի գործում և միաժամանակ, այսպես ասեմ, Հայաստանի հնարավորությունները սահմանափակել է, ապա նրանից պետք է ազատվել»։

Քաղաքագետը չի կիսում այն գնահատականը, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հետևանքները Հայաստանի համար կարող են անդառնալի լինել։ Դրանք չեն կարող ավելի ծանր  լինել,  քան եղել են մինչև հիմա ՝ ասում է։

ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները բարդացել են նախորդ  տարվա սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայից հետո, երբ  Հայաստանը պահանջեց, որ կառույցը քաղաքական գնահատական տա Ադրբեջանի գործողություններին։ Սեպտեմբերյան իրադարձությունների վերաբերյալ ՀԱՊԿ-ից ակնկալվող քաղաքական գնահատականը մինչ օրս չկա, սակայն, ինչպես լրագրողների հետ զրույցում փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանն էր հայտնել՝

«Շարունակում ենք հույս ունենալ, որ մեր քայլերը, աշխատանքները կբերեն որոշակի արդյունքների։ Դեռևս այդ հույսը կա»։ 

Որոշվել է, լինելով ՀԱՊԿ-ի անդամ և ունենալով նաև պարտավորություններ, աշխատանքները շարունակել, քանի որ իրավիճակը բարդ է՝ պարզաբանել էր փոխարտգործնախարարը։

Back to top button