ԿարևորՔաղաքական

Արցախը չի կարող ճանաչվել Ադրբեջանի մաս․ Արայիկ Հարությունյան

Նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն արտաքին ու ներքին մարտահրավերների վերաբերյալ ծավալուն ուղերձ է հղել՝ ողջունելով ավելի վաղ Արցախի ԱԺ-ի հայտարարությունը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ։ Հարությունյանի խոսքով՝ շրջափակմամբ և արտաքին այլ գործոններով պայմանավորված ռիսկերին ավելանում է նաև Արցախի ներքին կյանքի հիմնախնդիրների սրումը և ներքաղաքական ապակայունությունը։

Արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է՝ Արայիկ Հարությունյանի ուղերձն ուղղված չէ միայն Արցախի հանրությանը։ 

«Այսինքն՝ այն կապված էր ոչ միայն Արցախում տեղի ունեցող ներքաղաքական որոշակի զարգացումների, այլ նաև՝ մի քանի օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունների հետ»։ 

Մայիսի 22-ի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը։ Նույն օրը ԱՀ ԱԺ-ի արտահերթ նիստում միաձայն Հայաստանի վարչապետի այս հայտարարությունը դատապարտող հայտարարություն ընդունվեց։ 

Իր ուղերձում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ չնայած ստեղծված իրավիճակին ու օրեցօր ահագնացող մարտահրավերներին՝ Արցախի ժողովուրդը պայքարում  է սեփական հողում իր հավաքական իրավունքների ու ազատությունների համար։

«Ողջունելով ԱՀ ԱԺ-ի երկվա հայտարարությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված մտքերի վերաբերյալ, ընդգծում եմ, որ մեզ համար անընդունելի է Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող ցանկացած հայտարարություն և փաստաթուղթ»։

Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում, քանի որ, Հարությունյանի ձևակերպմամբ, դա է արցախցու կամքը, որն ունի բավարար վճռականություն իր իրավունքների ու շահերի համար պայքարելու։  

Արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանի խոսքով, այսպիսով, ևս մեկ անգամ Արցախի նախագահը վերահաստատում է Արցախի դիրքորոշումը, որը նաև բխում է 1992 թվականին ընդունված և փաստացի ու իրավաբանորեն ուժի մեջ գտնվող փաստաթղթերիից մեկի տրամաբանությունից։

«ՀՀ ԳԽ կողմից 92 թվականին ընդունված որոշումը, որն անընդունելի է համարում ցանկացած փաստաթուղթ՝ միջազգային, թե ներպետական, որում Լեռնային Ղարաբաղը կճանաչվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս»։     

Այս հարցում, ինչպես ԱՀ ԱԺ-ի ընդունած հայտարարությամբ, այնպես էլ նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձում ակնկալիք կա համայն հայությունից՝ կանգնելու Արցախի կողքին, օժանդակելու, որ թույլ չտրվի Արցախի նկատմամբ իրականացնել անօրեն, ոչ լեգալ ու ոչ լեգիտիմ գործողություն։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ուղերձում նաև հայտարարել է, որ որոշել է ճգնաժամային ծանր պայմաններում սահմանափակել հավաքների ազատությունը, դադարեցնում է արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու շուրջ բոլոր քննարկումները, ինչպես նաև՝ վերջին օրերին ԱԺ նախագահի կողմից առաջարկված վստահության հանրաքվե կազմակերպելու շուրջ մտքերի փոխանակումները։

«Հորդորում եմ վերջ տալ ներքաղաքական այդօրինակ գործընթացներին, որոնք կարող են վտանգել մեր երկրի ներքին կյանքի կայունությունը, կրկին ձևավորել ճամբարներ, ինչը մերօրյա պայմաններում անընդունելի է։ Միաժամանակ վերահաստատում եմ դեռևս 2020 թվականի դեկտեմբեր ամսին հնչեցրած հրապարակային խոստումս՝ բարենպաստ պայմանների առկայության առաջին իսկ դեպքում հրաժարական տալու և նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպելու մասին, որին ես չեմ մասնակցելու»։  

«Անընդունելի եմ համարում հատկապես այսպիսի վտանգների պայմաններում, առանց քաղաքական հավասարակշռման, առանց Արցախի ժողովրդի համար հետևանքներն ու երկրի շահերի վրա ազդեցությունը լիարժեք գնահատելու, այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբերի կողմից գործողություններն ուղղված Արցախի անվտանգության հարցում կարևոր նշանակություն ունեցող սուբյեկտների դե»,– նշում է Արցախի նախագահը։

Անդրադառնալով ուղերձի  ներքաղաքական շեշտադրումներին՝ քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը նկատում է, որ այն ավելի շատ երկրի սահմանադրական կարգի լիարժեք պահպանման անհրաժեշտության մասին հստակ ազդակ է՝ ներքաղաքական վերջին զարգացումների համատեքստում.

«Ներքաղաքական հարցերով, ըստ էության, Արցախի նախագահը կարևորում է գործող Սահմանադրության լիարժեք պահպանումը, այդ թվում՝ բոլոր պետական մարմինների ձևավորումն ու գործունեությունը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը»։

Այսինքն, ստացվում է, որ ըստ էության, մերժվում են վերջին օրերին Արցախի ներքաղաքական դիսկուրսում հայտնված օրակարգ-առաջարկները, այդ թվում՝ պետական պաշտպանության կոմիտե ձևավորելու անհրաժեշտության մասին։

«Ինչ վերաբերում է ՊՊԿ ձևավորելու կամ նմանօրինակ այլ մարմին ձևավորելու առաջարկին. պետք է հասկանանք, որ գոյություն ունի ժողովրդական հանրաքվեով ընդունված Սահմանադրություն և բոլոր պետաական մարմինները պետք է ձևավորվեն ըստ այդ Սահմանադրության։ ՊՊԿ-ի ձևավորումը որոշակի առումով հակասում է այդ տրամաբանությանը»։

Ժիրայր Ազիզյանը կարծում է, որ ներկայումս կարևոր է հասկանալ, որ Արցախում չկա ռեալ հնարավորություն համաժողովրդական ընտրություններ կամ հանրաքվե անցկացնելու համար։ Հենց դրանով էլ պայմանավորված է ներքաղաքական հիշյալ օրակարգի չեղարկումը, ինչը միանգամայն տրամաբանական է՝ կարծում է արցախցի քաղաքագետը։  

Կարդացեք նաև

Back to top button