ԿարևորՔաղաքական

Ինչպես է Փաշինյանը ցանկանում մնալ պատմության մեջ

Դեռ ոչինչ որոշված չէ՝ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Աժ–ում խոսելով Հայաստանի և Ադրբեջանի «անկլավների» մասին։ Խնդիրը սրվել է հատկապես վարչապետի վերջին ասուլիսից հետո, երբ նա հստակեցրել է, թե որ տարածքներն են մտնում «անկլավներ» կոչվածի մեջ։ Վարչապետի ասուլիսից հետո այս թեմայով հանրային քննարկումներն իշխանական թիմը որակում է իբրև շահարկում, իսկ դրանից խուսափելու համար՝ Փաշինյանը որոշեց նորից ճշտել, թե Մյունխենում և Բրյուսելում բանակցային սեղանի շուրջ ինչ քննարկում է եղել անկլավների հարցով։

«Չգիտեմ, բարեբախտաբար, թե դժբախտաբար ոչ մի բան էլ որոշված չէ։ Երբ դե յուրե հաստատվի, վերահաստատվի, իրենց կարգավիճակը լուծելու երկու տարբերակ կա․ որը սահմանից այն կողմ է, մնում է  սահմանից այն կողմ գտնվող երկրի տարածքում, որը սահմանից այս կողմ է, գտնվում է  սահմանից այս կողմ գտնվող երկրի տարածքում։ Կամ եթե կողմերից մեկը չի ուզում… Օրինակ սա էլ է հարց։ Պատկերացնում եք՝ մենք գնանք, ասենք, չենք ուզում Արծվաշենը, մյուսները թող մնան մեր տարածքում։ Ենթադրենք։ Բայց այստեղ էլ իրավական հարցեր, նրբություններ կան, որոնք պարզ չեն։ Որևէ բան որոշված չէ, կան քննարկումներ, և սա քննարկումների գոնե այն կետն է, որտեղ ճկունության մեծ տեղ կա»։

Վարչապետ Փաշինյանն առաջարկում է կողմնորոշվել, թե «անկլավների» հարցը ինչ համատեքստում է ընկալվում կամ քննարկվում։

«Մենք բոլոր մարտահրավերները գիտակցում ենք։ Ճանապարհից են խոսում, հասանելիությունից են խոսում, մենք այդ բոլոր ճանապարհներն էլ գիտենք, պրոբլեմներն էլ գիտենք, դրանց այլընտրանքներն էլ գիտենք, լուծումներն էլ գիտեք։ Մեծ հաշվով հարցը հետևյալի մասին է՝ մենք այդ հարցը դիտում ենք պատերազմի՞ մեջ, թե խաղաղության մեջ։ Եթե խաղաղության մեջ, ապա հարցը այդքան ծանր չի, եթե պատերազմի մեջ, դա ծայրահեղ ծանր հարց է»։

Թիմակիցների պնդմամբ՝ վարչապետը խորհրդարանում հստակեցրել է, թե ինչ նպատակ է հետապնդում տարածքային ամբողջականությունը հստակ տարածքներով նշելը։ Բացի նրանից, որ տարածքային հավակնությունները բացառելու համար՝ տվյալ դեպքում Հայաստանի հանդեպ, Փաշինյանը նշում է նաև, իր կարծիքով, մի պատմական կարևոր քայլ։

«Եթե այն, ինչ մենք ուզում ենք անենք ստացվի, մենք պատմության մեջ առաջին անգամ կստանանք կադաստրի վկայական։ Սեփականատեր կլինենք ոչ միայն դե ֆակտո, այլև՝ դե յուրե։ Հասկանո՞ւմ եք։ Մենք ապրում ենք մի տեղ, որտեղ աշխարհում առնվազն մի քանի պետություն կա, որը մտածում է, որ երբ ուզի, ասի՝ մի հատ հավաքվեք, այստեղից դուրս եկեք։ Եվ այդ ժամանակ մենք չենք կարող ասել, մի րոպե, կադաստրի վկայական կա։ Կասենք, գիտեք, 864 թվին և այլն, և այլն։ Մենք շարունակում ենք մնալ այդ ռեժիմում, առանց կադաստրի վկայականի։ Մենք ուզում ենք հաղթահարենք տնվորի մեր կարգավիճակը։ Մենք ուզում ենք ունենալ կադաստրի վկայական, որի անունն է պետություն՝ միջազգայնորեն ճանաչված, դեմարկացված և դելիմիտացված սահմաններով»։

Մայիսի 25–ին վարչապետը Մոսկվայում է լինելու, ընդունել է ՌԴ նախագահի հրավերը, և ենթադրվում է, որ կազմակերպվելու է եռակողմ հանդիպում նաև Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ; Մոսկովյան հանդիպումից ակնկալինքները, սակայն, հարցուպատասխանի առանցքային մաս չդարձան։   

Կարդացեք նաև

Back to top button