ԿարևորՀասարակություն

Ազգային ժողովում ծեծկռտուքով դատավոր են ընտրում

Ազգային ժողովն այսօր քննարկել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի ընտրության հարցը։ Քննարկումը թեժ մթնոլորտում է անցել, ուղեկցվել ծեծկռտուքով։ Ընդդիմադիր պատգամավորներից մեկի ելույթից հետո նիստերի դահլիճում քաշքշուկ ու վիճաբանություն է սկսվել։ Դատավորի թափուր հաստիքի համար առաջադրված 3 թեկնածուներից մեկին օրենսդիրը կընտրի վաղը ու կշարունակի քննարկել Վճռաբեկ դատարանի մյուս պալատների դատավորների թեկնածուների ընտրության հարցը։

Ազգային ժողովը հրմշտոցով, գոռգոռոցներով ու փոխադարձ մեղադրանքներով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր է ընտրում։ ԱԺ–ում կրքերը բորբոքվեցին, երբ ամբիոնի մոտ էր «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանը։ 2021-ին ընդդիմադիր պատգամավորին կալանավորելու որոշում կայացրած դատավորն այսօր հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածուներից մեկն է․ պատգամավոր Արթուր Սարգսյանը ամբիոնին  է մոտեցել թեկնածու դատավորին իր աչքերի մեջ նայելու հնարավորություն տալու համար։

«2021թ նոյեմբերի 15-ին իմ լսելու իրավունքը խախտելով՝ դուք կալանավորել եք ինձ, այդ ժամանակ ես գտնվել եմ Ազգային ժողովում։ Դուք նման կերպ շատ ճակատագրեր եք խառնել, բայց այդ մարդիկ հնարավորություն չունեն այս ամբիոնից խոսելու, ես իրենց տեղն եմ խոսում։ Շատ եմ մտածել ու հասկացել եմ՝ դուք իմ լսելու իրավունքը չեք ապահովել, քանի որ տղամարդկություն չեք ունեցել նայել իմ աչքերի մեջ ու կալանավորել»,– ասում է Արթուր Սարգսյանը։

Նիստը վարող ԱԺ նախագահը դիմեց անվտանգության աշխատակիցների օգնությանը։ Նրանք ուժով դուրս տարան ընդդիմադիր պատգամավորին։ Ալեն Սիմոնյանը 20 րոպեով ընդմիջեց նիստը։  Ընդմիջումից  հետո ընդդիմադիրները այդպես էլ դահլիճ չվերադարձան, իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով միջադեպին, այն կազմակերպված սադրանք որակեց։

«Ես շատ ուրախ եմ, որ մենք այդ սադրանքին չտրվեցինք։ Ինչո՞ւ սադրանք, քանի որ հենց այդ ժամանակ դահլիճում հայտնվեց մի պատգամավոր՝ Իշխան Սաղաթելյանը, որը վերջերս առհասարակ դահլիճում չի հայտնվում։ Նա Ազգային ժողովի մասին ասում էր՝ սա Ալեն Սիմոնյանի «բիսեդկեն» չի, այո՛, սա Ալեն Սիմոնյանի «բիսեդկեն» չի, բայց սա նաև ձեր «դուքյանը» չի, ձեր հյուրանոցը չի, կամ ձեր հիմնարկները չեն, սա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն է»,– ասում է Ալեն Սիմոնյանը։

Կրքերն այսքան թեժացել էին, երբ Ազգային ժողովը քննարկում էր Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության հարցը։

Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի, նույն դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի ու Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Էլիզավետա Դանիելյանի թեկնածությունները։

Հարցը քննարկելիս ընդդիմությունը հետաքրքրվում է՝ ինչ սկզբունքով է Բարձրագույն դատական խորհուրդը հենց այս դատավորների թեկնածությունն առաջադրում։ ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Վիգեն Քոչարյանը պատասխանում է․

«Շատ բաց դատողություններ այս կամ այն թեկնածուի վերաբերյալ որոշման կայացման մասին մենք այստեղ չենք կարող անել, քանի որ գիտենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը կոլեկտիվ մարմին է՝ բաղկացած անկախ անդամներից,  և յուրաքանչյուր դեպքում համապատասխան որոշում է ընդունում։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ չափանիշներ են հաշվի առնվում, բնականաբար ԲԴԽ յուրաքանչյուր անդամ որոշում ընդունելիս հաշվի է առնում այն տեղեկությունները, որոնք հասանելի են տվյալ թեկնածուի վերաբերյալ»,– ասում ԲԴԽ ներկայացուցիչը։

Ընդդիմությունն առիթն օգտագործելով Ազգային ժողովի ամբիոնից խոսում է դատական իշխանության խնդիրների մասին, մեջբերում հետազոտություն, ըստ որի՝ հասարակությունը չի վստահում դատարաններին,  նաև՝ Բարձրագույն դատական խորհրդին։ Ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը շեշտում է՝ ամենամեծ խնդիրն այսօր դատական համակարգը, իր ձևակերպմամբ, հաշվեհարդարի գործիք դարձնելն է։

«Այս կոնտեքստում ես երկու հարցի շուրջ կուզեի հրավիրել հասարակության ու թեկնածուների ուշադրությունը՝ ազատության իրավունքը, գրավի ինստիտուտը և կալանքը, որպես պատժիչ միջոց գործադրելը։ Մեր ընդդիմադիր գործունեության 2-3 տարիների ընթացքում 50–ը գերազանցող կալանավորումների ենք ականատես եղել, որոնք հետագայում դատական վճիռներով բեկանվեցին։ Ազատության իրավունքը մարդու իրավունքների կոնտեքստում գերակա իրավունք է, իսկ մեր դատարանները այնքան հեշտությամբ են մարդուն զրկում այդ իրավունքից»,– ասում է ընդդիմադիր պատգամավորը։  

Ազգային ժողովում թեժ քննարկումների առիթ  դարձավ հենց Արմեն Դանիելյանի թեկնածությունը․ ընդդիմությունն անընդունելի է համարում նրա թեկնածությունը՝ Դանիելյանին անվանելով «իշխանության սրտի դատավոր» ու մեջբերում Դանիելյանի դատական գործունեությունից որոշակի մանրամասնել։

«Ես ուզում էի մտաբերել 20 տարուց ավելի դատական համակարգում եղած Արմեն Դանիելյանի վերաբերյալ մի որևէ դրական մեկնաբանություն, բայց այդպես էլ չկարողացա։ Ես կարծում եմ՝ Արմեն Դանիելյանը այն դատավորն է եղել, որ երբեք էլ չի վայելել մասնագիտական հանրության սերն ու հարգանքը»,– ասում է Ագնեսա Խամոյանը։

Ընդդիմության քննադատություններին պատասխանելու գայթակղությունը մեծ է, սակայն դատավորների վարքագծի կանոնները ստիպում են լռել՝ ի պատասխան շեշտում է դատավոր Արմեն Դանիելյանը։

Քննարկումը կարող էր ավելի առարկայական ու բովանդակալի լիներ, եթե ընդդիմությունը չկենտրոնանար Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ առնչվող մի քանի դատական գործեր վարած Արմեն Դանիելյանի վրա՝ ասում է իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Ի՞նչ տեսանք մենք այս քննարկումների ընթացքում։ Առաջադրված թեկնածուների մեջ կան երկու դատավորներ, որոնցից մեկը կոնկրետ գործի շրջանակում ամբաստանյալ Քոչարյանին կալանքի որոշում է տվել և կա մեկ ուրիշը, որ կալանքի որոշումը փոխարինել է գրավով և մեր ընդդիմադիր գործընկերները ամեն ինչ արեցին, որ ցույց տան ինչ լավն է կալանքի որոշումը գրավով փոխարինած դատավորը և ինչ վատն է մյուս դատավորը»,– ասում է պատգամավորը։

Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության հարցը կշարունակի քննարկել վաղը․ օրակարգում նաև Վճռաբեկ դատարանի նույն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի և Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի ընտրության հարցն է։

Back to top button