ԿարևորՀասարակություն

Մեկ տոննա կոկաինի հասցեատերը ԱԺ նախկին պատգամավոր է․ վարչապետ

Մեկ տոննա կոկաինի հասցեատերը կարծես թե բանանի ներկրմամբ զբաղվող ընկերությունն է, որի սեփանակատերը ԱԺ նախկին պատգամավոր է՝ Ազգային Ժողովում հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը խորհրդարանում անուն չի տվել․ «ԱԱԾ–ն իրականցրել է առաջին ձերբակալությունը, այդ 1 տոննա կոկաինի հասցեատերը կարծես թե  բանանի ներկրմամբ զբաղվող ընկերությունն է, որի սեփանակատերը ԱԺ նախկին պատգամավոր է, այժմ հետախուզման մեջ գտնվող ՀՀԿ խմբակցության անդամ, չեմ կարող որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել։ Ցավոք, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը ՀՀ–ում և աշխարհում մեծ ծավալների է հասել։ ԱԱԾ խորհրդում դրվել են հստակ խնդիրներ իրավապահ մարմինների առջև, կատարման համար սահմանելով հստակ ժամկետներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության տարածման հետ կապված, և նշվել, որևէ մեկի կուսակցական պատկանելիությունը ոչ հօգուտ, ոչ ընդդեմ չի կարող աշխատել»։

Հայաստան ներմուծված մոտ 250 միլիոն եվրո արժողությամբ 1 տոննա կոկաինի դեպքի մասին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր մայիսի 17-ին։ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունում ասվում էր, որ 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «կոկաին» տեսակի շուրջ 1 տոննա քաշով թմրամիջոց, որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:

Back to top button