ԿարևորՔաղաքական

Ընդդիմությունն ընդդիմությանը 5-6 ամիս ժամանակ է տալիս․ ԱԺ-ում մթնոլորտը թեժ է եղել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները դժգոհության նոր ալիք են բարձրացրել խորհրդարանի  ընդդիմադիր հատվածում։ ԱԺ լիագումար նիստը սկսվել է պահանջով՝  առանձին քննարկում նախաձեռնել վարչապետի վերջին հայտարարությունների առնչությամբ և հանդես գալ գնահատականով։

Նախօրեին վարչապետն իր ասուլիսում անդրադարձել էր Հայաստան-Ադրբեջան բանակցություններին և արցախյան հիմնախնդրին՝ հայտարարելով, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86 600 քառակուսի կիլոմետր տարածքով, որը ներառում է նաև Արցախը։      

Վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարություններն ու  բանակցությունների ինտենսիվությունը  վերլուծելով՝ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իրավիճակի զարգացման ժամանակացույց է հրապարակում։

«Ինձ թվում է՝ մայիսի 25-ին հանդես կգան ինչ-որ եռակողմ նոր հայտարարությամբ, որից հետո այդ ամեն ինչը կշարունակվի Ժնևում, այնուհետև Բրյուսելում կփորձի պայմանավորվել կապիտուլյացիայի պայմանագրի նոր սկզբունքների շուրջ, հոկտեմբերի հանդիպման մասին ևս հայտարարվել է։ Այսինքն՝ ըստ էության Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, մտահոգ քաղաքացիները ունեն ընդամենը 5-6 ամիս ժամանակ երկիրը «հանձնելու» գործընթացը կասեցնելու համար»։  

Ժամկետների մասով գործընկերոջ ենթադրություններին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը չի անդրադառնում, բայց նույնպես ակնկալում է, որ վարչապետի ասուլիսը ընդդիմադիրների պայքարին նոր շունչ կհաղորդի․ «Յուրաքանչյուր հայ պետք է ինքը իր համար որոշում կայացնի՝ պատմության որ կողմում է՝ ճիշտ, թե սխալ։ Եվ յուրաքանչյուրը, յուրաքանչյուր անհատ իր տեղում անելիք ունի դրա հետ կապված»։

Վարչապետի ասուլիսից հետո խորհրդարանական ընդդիմությունը շտապում է հայտարարել, որ պայքարը չի դադարեցրել և անգամ այս փուլում մշակում է պայքարի նոր ծրագրեր ու գործիքակազմեր։ Ընդհանուր ծրագրերի մասին դեռ չեն խոսում։ Կոնկրետ անելիքները դեռ պետք է քննարկեն։

Որպես առաջին քայլ  մտահոգիչ հայտարարություններն առաջարկում են  քննարկել ԱԺ–ում։ Ընդդիմադիրները գիտակցում են, որ իրենց հրավիրած արտահերթ նիստը կամ քննարկումը խորհրդարանական մեծամասնությունը կարող է տապալել։ Այդ իսկ պատճառով ակնկալիքներ ունեն ԱԺ նախագահից, որ նա կնախաձեռնի քննարկումը, իսկ ԱԺ-ն՝ որպես խորհրդարանական երկրի առաջնային մանդատով օժտված ինստիտուտ,  հանդես կգա գնահատականով։

Ընդդիմադիրների ակնկալիքներին ի պատասխան ԱԺ նախագահը հստակեցնում է․ «Ներկայացրեք ձեր նախաձեռնությունը, մենք կքննարկենք։ Եթե ձեզ հետաքրքրում է իմ անձնական կարծիքը, ես ամբողջությամբ կիսում եմ վարչապետի երեկ հնչեցրած կարծիքները»։

Ալեն Սիմոնյանն այլ մեկնաբանություն նիստերի դահլիճում չտվեց, ԱԺ միջանցքում էլ չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին․ «Պարո՛ն Սիմոնյան, ինչ-որ բան կա՞, որ չեք ուզում խոսել»։

Խորհրդարանի անելիքը կարևորելով՝ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հիշեցնում է 2 հիմնարար փաստաթուղթ։ Հայաստանի անկախության մասին հռչակագրով ամրագրվել է, որ ՀՀ ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես ՀՀ Գերագույն խորհրդին։ Իսկ Գերագույն խորհուրդը 1992 թվականի հուլիսի 8-ին կայացրել է որոշում, ըստ որի՝

«ՀՀ-ն կպաշտպանի Արցախի հարցի այն լուծումը, որը կընդունի ԼՂՀ-ն, հետևողականորեն սատար կկանգնի ԼՂ-ին և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը։ Անընդունելի կհամարվի միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում։ Սա ՀՀ ժողովրդի անունից հրապարակված և առ այսօր առկա միակ լեգիտիմ հայտարարությունն է։ Հետևաբար՝ ի՞նչ իրավասությամբ է Նիկոլ Փաշինյանը կատարում հայտարարություններ»։

Վարչապետի հայտարարություններից առաջացած հանրային դժգոհություններին անդրադառնալով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանը հայտարարում է, որ, մասնավորապես, անկլավների մասին քննարկում  չկա անգամ բանակցային սեղանի շուրջ․ թեման իրավական ճշգրտումների կարիք ունի, բանակցությունների ընթացքում չեն բացառվում նաև այլ սցենարներ։ Բայց հստակեցնում է՝ Հայաստանի տարածքային ամբողջականության 29 800 քառակուսի կիլոմետրում հաշվարկված է նաև Արծվաշենը, իսկ Ադրբեջանի 86 600 քառակուսի կիլոմետրում հաշվարկված են Հայաստանի տարածքում գտնվող «անկլավ» կոչվածները։

Արցախին առնչվող քննարկումների և արտահայտվող դժգոհությունների մասին նշում է․ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին թեզը ունի շարունակություն։  

«Այդ նախադասության շարունակությունը նրա մասին է, որ սա որևէ կերպ չի կարող խոչընդոտել Արցախի հայ ժողովրդի իրավունքների և անվտանգության իրացմանը։ Ես ամբողջությամբ հասկանում եմ էմոցիոնալ ֆոնը ու նաև այն ռիսկերն ու մարտահրավերները, որոնք առաջացած են Արցախի մեր հայրենակիցների առաջ և շատ կարևոր է նաև այս ամեն ինչը հասկանալ։ Մեր անելիքը հետևյալն է․ մեր հայրենաիկցները պետք է ապրեն իրենց հողում անվտանգ և իրենց իրավունքները իրացրած։ Այս ճանապարհը մենք պատկերացնում ենք Բաքու-Ստեփանակերտ խոսակցության միջոցով միջազգային մեխանիզմների միջոցով, որտեղ Արցախի ժողովուրդը կարող են իրացնել թե իրենց ինքնորոշման, թե այլ բոլոր իրավունքները։ ՀՀ-ն իր բոլոր դիվանագիտական խողովակներով աջակցելու է Արցախի մեր հայրենակիցներին այս գործում»։

Իրականում ո՞րն է այն միջազգային երաշխիքը, որի առկայության պայմաններում Արցախի հայությունը կմնա Ադրբեջանի կազմում, առայժմ հայտնի չէ։ Որքանով է Արթուր Հովհաննիսյանը վստահելի համարում միջազգային այն երաշխիքը, որով, օրինակ, ամիսներ առաջ պարտադրվեց Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, ինչն այդպես էլ իրականություն դեռ չի դարձել։  

«Այդ միջազգային երաշխիքներով մենք երբեք արցախցիներին չենք կարող նման բան ասել։ Երբ կլինեն միջազգային երաշխիքներ, որոնք մենք և Արցախի մեր ժողովուրդը կհամարենք անվտանգ, ապահով և գործուն, այդ ժամանակ նոր հնարավոր կլինի քայլ առաջ անել։ Ներողություն, այս խոսակցությունների կոնտեքստը ինձ ընդհանրապես դուր չի գալիս, թող որևէ մեկին չթվա, որ ՀՀ այսօրվա իշխանությունները կարող են մեկ քայլ անգամ անել, որը կփակի հնարավորությունը Արցախում ապրող հայ ժողովրդի իրավունքների և անվտանգության իրացման։

Ու երբ Արցախից հնչում են հայտարարություններ, որ փակվում է դուռը ինքնորոշման իրավունքի կամ թեկուզ անկախության համար պայքարի, չէ։ Ես կարծում եմ, մեր Արցախի գործընկերներից ոմանք էլի սխալ են հասկացել մեր հայտարարությունները։ Այս իրավիճակով էլ ավելի մեծ է հնարավորությունը Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության իրացման և ավելի քիչ են ռիսկերը Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքների և ԼՂ ժողովրդի շուրջ»։

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչն անթույլատրելի է համարում միջազգային հարթակներում այն խոսույթը, որն ընկալելի է միայն հայերի համար։ Ասում է՝ նաև սա է տարածքային ամբողջականության մասին խոսելու պատճառներից մեկը ՝ հարևանների նկատմամբ տարածքային հավակնությունների բացակայությունն ընդգծելու համար։

Կարդացեք նաև

Back to top button