ԿարևորՀասարակություն

Կողբավանը դարձել է ամառանոց. բնակիչները ոռոգման ջրի հետ գալիս են, ջրի հետ` գնում

Արմավիրի մարզի սահմանամերձ Կողբավան գյուղում մշտական բնակվողները քիչ են. ամռանը գալիս հող են մշակում, աշնանը՝ վերադառնում: Գյուղում զարգացած է անասնապահությունը, բայց հողերի օտարումից հետո կրճատվել են արոտավայրերը: Սահմանամերձ գյուղում կյանքի որակը փոխելու համար նոր միջոցներ են ձեռնարկվում։

Հայ-թուրքական սահմանից 4 կմ հեռավորության վրա, Կողբասարի ստորոտին 1986թ-ին կառուցված Կողբավան գյուղը ընդամենը մեկ փողոց ունի, որի երկարությամբ էլ շարված են գյուղացիների տները: Գյուղի զարգացման ծրագրերն անավարտ մնացին 88-ի երկրաշարժից հետո, իսկ հաշվառված բնակիչների թիվը այդպես էլ չգերազանցեց 200-ը:

Սոցիալական դժվարություններից ելնելով, տեղացիները գյուղում չեն մնում՝ ասում է Կողբավանի բնակիչ Ասադ Սլոյանը. «Այստեղ ձմռանը քիչ մարդ է մնում, ովքեր հող ունեն, ամռանը գալիս են, հողը մշակում, աշնանը գնում»:

Սահմանամերձ այս գյուղում բնակվողները Արմավիրի մարզի տարբեր բնակավայրերից են, բայց բնակիչների հիմնական մասը հովեկներ են։ Նրանց տան դռները բացվում են միայն գյուղատնտեսական սեզոնին:

Կողբավանի վարչական ղեկավար Սերոբ Սերոբյանի խոսքով՝ 34 տնտեսությունից 16-ը սեզոնային են․ «Մոտ 18 տուն է մշտապես ապրում, մնացածը՝ սեզոնային են. ոռոգման ջրի հետ գալիս են, ոռոգման ջրի հետ՝ գնում: Գյուղում 3000 հա ընդհանուր տարծքով հողեր կան, որից 2000 հեկտարը արոտավայրեր են, մնացածը՝ մշակովի հողեր»:

Գյուղացիները վարելահողերում անասնակեր ու բանջարեղեն մշակում, ծիրանի այգիները քիչ են, եղածն էլ այս տարի ամբողջությամբ ցրտահարվել է: Հողերի մեծ մասն օտարվել է և կրճատվել են արոտավայրերը։ Դրանից դժգոհ են անասնապահները: Կողբավանում շուրջ 6000 գլուխ մանր և 150 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է հաշվառված:

Ասադ Սլոյանը 300 գլուխ ոչխար ունի. «Անասուն պահելու պայմաններն են դժվարացել, արոտավայրը խնդիր է՝ չկա: բոլոր հողերը վաճառվել են, և դժվարությամբ ենք անասուն պահում: Այս կանաչ տարածքները բոլորը վաճառված են ու գյուղին շատ չնչին մաս է մնացել»:

Մնացած պահուստային ֆոնդի հողերը քարքարուտներ են, որից՝ 300-400 հա-ը վարձակալված են:
Վերջին տարիներին սահմանամերձ գյուղում ոռոգման ներքին ցանց է կառուցվել, խմելու ջրագիծ անցկացվել, բայց ձմռանը խմելու ջուր գրեթե չի լինում, քանի որ ջուրը մատակարավում է արևային մարտկոցներով:

«Խմելու ջուրն անցած տարի են քաշել: Արևից էներգիա են ստանում, որի հզորությունը չի բավարարում, որպեսզի ջուրը ձորից մղի վերև ու իջնի գյուղ, եթե մի քիչ էլ ամպամած է լինում՝ էներգիա չի ապահովում: Էլեկտրական հենասյուները տեղադրվել են, էլեկտրական լարեր պետք է բերվի, հոսանքի խնդիրը լուծվի և մի երկու տրանսֆորմատոր տեղադրվի: Ջրի աղբյուրը Արաքս գետի մոտ է, այնտեղ է նաև ջրավազանը, որտեղից էլ ջուրը մղվում է վերև ու ինքահոս հասնում գյուղ»:

Խմելու ջրի աղբյուրն ու ջրավազանը սահմանապահների կողմից պահպանվող տարածքում են, որտեղ մուտքը միայն անցաթղթերով է: Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանն ասում է, որ այս տարի համայնքի միջոցներով նախատեսել են արևային էներգիայով աշխատող պոմպը միացնել հիմնական էլեկտրացանցին, որ գյուղն անխափան շուրջօրյա խմելու ջուր ունենա:

«Կողբավանից մինչև սահման 4 կմ-ոց հատվածում էլեկտրական հենասյուներ ենք տեղադրելու, էլեկտրական հոսանք ենք տանելու, որպեսզի խմելաջուրը լինի ոչ թե արևային համակարգով, այլ էլեկտրական հոսանքով: Ձմռանը ձյան տեղումներից հետո արևային պանելները ծածկվում են ձյունով ու արտադրված թույլ էներգիան չի հասցնում ջուրը մղել, պոմպի հզորությունը չի բավարարում ու դա խնդիր է: Տարածքը բավականին հեռու է և տարածք մտնել-դուրս գալու խնդիր կա. ամեն անգամ չենք կարող մտնել սահմանի ներս ու դուրս գալ»:

Գյուղում մշտական չբնակվելու պատճառներից է նաև կրթամշակութային ու կենցաղ-սպասարկման հաստատությունների բացակայությունը։ Գյուղում չկա դպրոց, մանկապարտեզ, խանութ, դեղատուն: Կողբավանցի դպրոցականները Վանանդի դպրոց են հասնում հատուկ այդ նպատակով ձեռք բերված միկրովտոբուսով։

Սևակն ու Մարիամը այդ մեքենայով են ամեն օր դպրոց գնում. «Վանանդի դպրոցում ենք սովորում, 8 հոգի ենք ու այս «Ֆորդ» մակնիշի մեքենայով ենք գնում-գալիս: Ես վեցերորդ դասարանում եմ սովորում, 11 տարեկան եմ»:
«Ես էլ երկրորդ դասարանում եմ սովորում: Մեր դպրոցը լավն է, Մայրենի լեզու և Մաթեմատիկա եմ սովորում: Ձմռանը մնում ենք գյուղում, բայց գնացող ու եկողներ էլ կան»:

Կողբավանում երիտասարդ ընտանիքներ քիչ կան, ծնունդների թիվն էլ է քիչ. անցած տարի 3 երեխա է ծնվել: Գյուղում բնական գազ չկա, օգտվում են հեղուկ գազից, տները ջեռուցում են աթարով: Սահմանամերձ երեք գյուղերի՝ Կողբավանի, Բագարանի ու Երվանդաշատի բնական գազի խնդիրը փորձելու են լուծել 2024թ-ին, ասում է համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը.

«Հոսանք ու ինտերնետ ունեն, միայն գազ չունեն, որի հարցը կփորձենք լուծել, որովհետև դա 1 միլիոն դրամի, կամ 10 մլն. ու 20 մլն. դրամի խնդիր չի, շատ-շատ մեծ գումարի մասին է խոսքը: Փորձելու ենք այս տարի նախագիծ պատվիրել, գոնե տեսնենք, թե մեր ուժերը կբավականացնի, թե կառավարություն ու այլ դոնոր կազմակերպությունների դիմենք»:


Կողբավանում խոշոր հողատերեր կան, որոնք վերջին տարիներին սկսել են հիմնել ընդավոր, կորիզավոր պտղի ու խաղողի այգիներ: Բայց գյուղի ամայի տարածքներում գյուղատնտեսական նշանակության հողերը մշակովի դարձնելու համար մեծ ներդրումներ են պահանջվում։

Back to top button