ԿարևորՔաղաքական

Մենք պայքարում ենք մեր հայրենիքում ապրելու իրավունքի համար, և դա մեզ ահռելի ուժ է տալիս․ Ռուբեն Վարդանյան

Հարավային Կովկասում մեծ շահերի բախում կա և խոշոր երկրների միջև մեծ խաղ է ընթանում, «Дождь» հեռուստաընկերության «Здесь и сейчас» ծրագրին տված հարցազրուցում ասել է Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ խոսելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, բանակցային գործընթացների մասին։ Սակայն, նրա խոսքով, արցախցիները վաղուց որոշել են՝ ապրելու են Ադրբեջանի հետ կողք կողքի, բայց ոչ միասին բանաձևով։

«Մենք չենք տիրապետում ամբողջական տեղեկատվությանը, բայց համոզված եմ, որ շատ բան կախված է հենց մեզանից, թե մենք որքան հստակորեն ու պարզորոշ կհասկացնենք բոլորին, բոլոր խոշոր խաղացողներին, այդ թվում՝ Ռուսաստանին, որ Արցախի ժողովուրդը չի համաձայնելու Ադրբեջանի կողմից այս տարածքի օկուպացիայի մոդելին, և այստեղ հայեր չեն ապրելու, քանի որ այն հռետորաբանության, այն քարոզչության պարագայում, որը հնչում է Ադրբեջանից, շատ դժվար է պատկերացնել, թե ոնց են ապրելու էթնիկ փոքրամասնությունները մի երկրում, որտեղ ոտնահարվում են մարդու իրավունքները, որտեղ չկա խոսքի ազատություն, որտեղ առօրյա հսկայական խնդիրներ կան։ Մենք վաղուց որոշել ենք ու ասել, որ ապրելու ենք կողք կողքի, բայց ոչ միասին բանաձևով։

Մենք հասկանում ենք, որ մենք հարևաններ ենք լինելու, բայց սա միակ մոդելն է, որը մենք տեսնում ենք որպես հնարավոր մոդել, եւ դրա համար տարիներ, տասնամյակներ կպահանջվեն, որ փոխադարձ պահանջները, փոխադարձ կուտակված, այդ թվում՝ բացասական հարաբերությունները հարթվեն։ Սակայն անել այնպես, ինչպես հիմա, այսինքն՝ ատրճանակի փողի ներքո, երբ քեզ ստիպում են ինչ-որ բանի մաս դառնալ, դա ոչ մի լավ բանի չի բերելու»։

Բայց հավանական է, որ կարող է կրկին սկսվել պատերազմի թեժ փուլը։ Պարզ է, որ Ադրբեջանն ավելի մեծ ուժ ունի, ավելի շատ ֆինանսական միջոցներ, «Дождь» հեռուստաընկերության լրագրողի հարցին ի պատասխան նա որպես օրինակ բերել է 1940 թվականի ֆիննական պատերազմը, Վիետնամի ու Ամերիկայի միջև պատերազմը, Կուբայի ու Ամերիկայի հակամարտությունը․

«Միշտ, երբ ունես ոգի, ունես կամք և պատրաստ ես գնալու մինչև վերջ, մարդկության պատմության մեջ եղել են տասնյակ օրինակներ, երբ փոքր երկրները կամ տարածքները պաշտպանել են իրենց անկախ գոյության իրավունքը՝ ի հեճուկս ուժերի հսկայական գերազանցության։ Մենք այստեղ պայքարում ենք մեր հողում, մեր հայրենիքում ապրելու իրավունքի համար, և այս առումով դա մեզ ահռելի ուժ է տալիս»։

Back to top button