ԿարևորՀասարակություն

Կենսաբազմազանության օր․ որքանո՞վ են դպրոցականներին «գերում»  բնագիտական առարկաները

Մայիսի 22–ին աշխարհը նշեց կենսաբազմազանության օրը։ Մայրաքաղաքի տարբեր դպրոցների աշակերտներին օրվա խորհուրդը ներկայացնելու գործն իր վրա էր վերցրել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական թանգարանը։ Դպրոցականների էքսկուրսիան «Ջրվեժ» անտառ–պուրակում էր։

«Կենսաբազմազանության մեջ մտնում են տարբեր ոլորտներ՝ քարոլորտի վերին շերտը, մթնոլորտի վերին շերտը և ջրոլորտն ու կենսոլորտը»։

Կենսաբազմազանության բնութագիրը ներկայացնող 12–ամյա Սուրենը Երևանի թիվ 45 դպրոցում հիմնական դասերին զուգահեռ մասնակցում է էներգաիրազեկների ակումբի միջոցառումներին։

Նրա ուսուցիչ Աննա Մկրտումյանն անկեղծանում է՝ թվային տեխնոլոգիաներ սիրող սերնդին բնագիտական առարկաներով հետաքրքրելու համար շեշտը դնում են գործնական պարապմունքների վրա։

«Միայն դասագրքով չես կարող բավարվել և զարմացնել այսօրվա աշակերտին։ Դրա համար պահանջվում են մեծ ջանքեր և նոր մեթոդների ներդրում, որպեսզի կարողանանք իրենց ներգրավել դասապրոցեսին և արթնացնենք իրենց մեջ բնագիտական առարկաների հանդեպ սերը»։

Երկրաբանական թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը բնագիտական առարկաների նկատմամբ երեխաների հետաքրքրությունը «բնական միջավայրում» բարձրացնելուն ուղղված մեթոդները կարևոր է համարում։

«Վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ դպրոցականին պետք է կարողանալ ինչ որ բան տալ։ Թանգարանը ունի սոցիալական էջ, որտեղ հայտարարություն է դրվում առաջիկայում սպասվող տարբեր տոների վերաբերյալ։ Եվ ահա դպրոցականները, դպրոցի մանկավարժները և տնօրենները էջին հետևում են և արձագանքում են»։

«Բնագիտական առարկաները կրթության հիմքն են»,–«Ջրվեժ» անտառ պուրակում սաներին  կենսաբազմազանության պահպանման դասեր տալուն զուգահեռ ասում է Երևանի Միսաք Մեծարենցի անվան 146 հիմնական դպրոցի քիմիայի ուսուցչուհի Անահիտ Հարությունյանը։

«Գիտեք, որ բնագիտական առարկաների հանդեպ սերը նվազում է, ես հնարավորինս ամեն ինչ անում եմ, առարկաները հետաքրքիր դասավանդելու համար և կարծում եմ, որ հաջողել եմ, որովհետև իմ երեխաները շատ են սիրում քիմիա առարկան։ Ես այս տարի արդեն 5 ամիս քիմիա առարկան դասավանդում եմ գիտսերունդ ծրագրի ռեսուրսներով։ Ինքս հանդիսանում եմ այդ ծրագրի մշակող ուսուցիչ։ Սկզբից աշխատել եմ, մշակել եմ, այնուհետև  մեր դասապլանները բերեցինք դպրոց, սկզբից քիմիան, հիմա և՛ ֆիզիկա, և՛ կենսաբանություն, ինֆորմատիկա, մաթեմատիկա։ Բոլոր առարկաները մենք դասավանդում ենք ակտիվ ուսումնառության մեթոդով, խմբային աշխատանք ենք հիմանականում կազմակերպում, ամեն մի դասը մի սցենար է »։

–Նախկինում հետաքրքրում էին բնագիտական առարկաները երեխաներին, հիմա դուք ջանքեր եք գործադրում, որպեսզի ընկղմվեն դասապրոցեսին,–/ հեղ․/։

-Դա ոչ միայն մեր դպրոցում է, այլ հանրապետության մասշտաբով, որ նայում ենք, միայն այն փաստը, որ քիմիական ֆակուլտետում, ֆիզիկայի ֆակուլտետում դիմորդների քանակը նվազում է, չեն գնում երեխաները այդ ֆակուլտետներում սովորելու, դա արդեն խոսում է այն մասին, որ մենք բաց ունենք։

Կենսաբազմազանության օրը «Ջրվեժ» անտառ–պուրակում անցկացրեց նաև Թիվ 86 դպրոցի պատանի բնապահպանների խումբը։ Քիմիայի ուսուցչուհի Աննա Համբարձումյանի դիտարկմամբ՝ ի տարբերություն նախորդ տարիների 9–րդ դասարանցիների, նոր 9–րդցիների մոտ բնական գիտությունների նկատմամբ հետաքրքրությունը բարձր է։

«Նոր բացված խմբակ է, հիմնական նպատակը կապված է բնապահպանության հետ՝ ինչպես պահպանել մեր երկիր մոլորակը, ինչպես պահպանել աղտոտվածությունից։ Ակտիվ են, սովորում են։ Հետաքրքիր էքսկուրսիա են գնացել պետական համալսարան, փորձեր են տեսել։ Ես նունպես հնարավորության սահմաններում դպրոցում իրենց փորձեր եմ ցույց տալիս»։

Բնագիտական թեքումով  Արամայիս Երզնկյանի անվան 118 ավագ դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Սոնյա Հակոբյանը կենսաբազմազանության օրվա միջոցառմանը ներկա էր 10,11 և 12–րդ դասարանցիների հետ։ Նշում է՝ դպրոցի մասնագիտացումն է օգնում, որ երեխաները բավարար գիտելիքներ ունենան կենսաբազմազանության պահպանման մասով։

Ուսուցչուհին հպարտանում է, որ երեխաները մասնակցում են միջազգային գիտական մրցույթների՝ ներկայացնելով հետազոտական աշխատանքներ։ Վերջին մրցույթում կենսաբանություն և ֆիզիկա առարկաների մասով դպրոցի սաները զբաղեցրել են առաջին տեղը։

«Հայաստանից դուրս միջոցառման ներկայացան։ Միակ բանը, որ երեխաներին մի քիչ խանգարեց, դա անգլերենով իրենց աշխատանքները ներկայացնելն էր։»

Սոնյա Հակոբյանը նշում է, որ բնագիտա–մաթեմատիկական թեքումով ավագ դպրոց աշակերտներն իրենք են գալիս։ Նրանց կողմնորոշմանն օգնում է կրթկան հաստատությունում կազմակերպվող լաբարատոր փորձերի ցուցադրությունները։

Նախորդ ուսումնական տարում ունեցել են թվով 8 տասներորդ դասարաններ՝ յուրաքանչյուրում 25–ից 30 աշակերտ։

Ստացվում է որ 2022–23 ուսումնական տարվա համար բնագիտական թեքումով դպրոց դիմել է 200–ից ավելի աշակերտ։ Նրանց մեծ մասը բարձրագույն կրթությունը կշարունակի բնագիտամաթեմատիկական ուղղվածությամբ։

Back to top button