ԿարևորՀասարակություն

Երևանի հ.180 հիմնական դպրոցն անվանակոչվել է Զապել Եսայանի անվամբ

Երևանի հ.180 հիմնական դպրոցն այսուհետ պաշտոնապես կրելու է նշանավոր արձակագիր, հրապարակախոս, գրականագետ Զապել Եսայանի անունը: Նախագիծն ավելի վաղ ներկայացվել էր ավագանու քննարկմանն ու հավանության արժանացել:  

Կրթօջախի անվանակոչության հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը, Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը, Երևանի ավագանու անդամներ,  գրականագետներ:

«Շնորհավորում եմ բոլորիս այս նշանավոր օրվա առթիվ: Մենք այսօր չենք անվանակոչում միայն այն պատճառով, որ դպրոցները պետք է ունենան անուն: Սա կարևոր մի գործընթաց է, որով մենք նշանավորում ենք հայ կնոջ, հասարակական ու քաղաքական գործիչ Զապել Եսայանի դերը մեր պատմության և մեր ապագայի տեսանկյունից: Եվ վստահաբար կարող եմ ասել, որ մենք ունեցել ենք նշանավոր կին գործիչներ, ովքեր պետք է օրինակ ծառայեն այսօրվա սերնդին, ճանապարհ բացեն այն աղջիկների ու կանանց համար, ովքեր ավելի ակտիվ կլինեն մեր երկրի հասարակական կյանքում և ավելի մեծ պատասխանատվություն կստանձնեն մեր քաղաքի ու երկրի նկատմամբ» ,-նշել է Երևանի փոխքաղաքապետը:

«Երբ դպրոցները կրում են որևէ գործչի անուն, ապա դա առաջին հերթին պետք է դիտարկեն որպես պատասխանատվություն՝ թողած ժառանգությունը նորացնելու և առաջ տանելու համար: Նախարարությունն իր հերթին պատրաստակամ է շարունակաբար աջակցել ուսումնական  գործընթացում կանանց ավելի տեսանելի դարձնելու համար:  Զապել Եսայանը մեր պատմության ուժեղագույն կանանցից է, ով կարող է օրինակ ծառայել թե աղջիկներին և թե տղաներին և միասին ուժն օգտագործելով զորեղացնելու մեր երկիրը»,-ընդգծել է նախարարը: 

Միջոցառմանը ներկայացվել է «100 տարի անց» խորագրով բեմադրությունը, պատմելով ուշագրավ դրվագներ Զապել Եսայանի կյանքից, նաև հատվածներ 20-րդ դարի հայ բանաստեղծ Շուշանիկ Կուրղինյանի ու պետական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի 2-րդ գումարման  պատգամավոր Կատարինե Զալյան-Մանուկյանի հետ առանձնազրույցներից՝ այդկերպ ընդգծելով հայ կանանց կարևոր դերը երկրի կյանքում: 
Զապել Եսայանը աշխարհի ամենախիզախ կանանցից մեկն է:

Նա ծնվել է 1878 թվականին Կ․ Պոլսում։ Տեղի Սուրբ խաչ վարժարանում ուսանելուց հետո 1895 -ին մեկնել է Փարիզ, որտեղ իբրև խմբագիր-սրբագրիչ մասնակցել Լուսինյանի բառարանի կազմմանը, ունկնդրել Սորբոնի համալսարանի և Քոլեջ դը Ֆրանսի գրականության ու փիլիսոփայության դասընթացները։ 

1909թ. ապրիլին երիտթուրքերի՝ Ադանայում կազմակերպված հայերի կոտորածից հետո հայ մտավորականների հետ մեկնել է աղետի վայրեր։ Շուրջ երեք ամիս շրջել և լսել է կոտորածների ականատեսներին, այնուհետ դրանք շարադրել իր պատմվածքներում: 1915թ. ապրիլի 24-ի գիշերն աքսորի ենթակա հայ մտավորականներից միակ կինը, ում անունը գրված է եղել նախապես կազմված ցուցակում, Զ. Եսայանն է։ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ՝ նա մեկնել է Բուլղարիա, ապա Ռումինիա, իսկ 1915թ. վերջին՝ Կովկաս։ Այս ընթացքում ու նաև հետո նրա շնորհիվ փրկվել ու ապաստան են գտել բազմաթիվ որբեր:

1933թ. Զապել Եսայանն աշխատանքի հրավեր է ստացել Երևանի պետական համալսարանից: Ստալինյան բռնապետության տարիներին Գրողների միությունում ելույթից հետո նրան ձերբակալում են։ Նրա ողբերգական մահվան հանգամանքները մինչ այժմ անհայտ են։ Որոշ տվյալներով՝ նա մահացել է 1943թ.։ 

Դպրոցի աշակերտները նշել են, որ ոչ միայն հպարտ են անվանակոչության համար, այլև հնարավորինս հանրահռչակելու են Զապել Եսայանի հայրենանվեր գործունեությունը:

Back to top button