ԿարևորՏնտեսական

Այլընտրանք՝ Վերին Լարսին. լաստանավային բեռնափոխադրումները գործարկվել են

Կառավարությունն արդեն տևական ժամանակ քննարկում  է Լարսի այլընտրանք ունենալու և բեռնափոխադրումները նաև ծովային ճանապարհով կազմակերպելու հարցը։ «Սի Ընդ Էմ ինթերնեյշընըլ» ընկերությունը, որն այս գործընթացում գործադիրի կողմից օպերատոր էր ճանաչվել, ապրիլից սկսել է ծովային բեռնափախադրումը Նովոռոսիյսկ-Բաթումի և հակառակ ուղղությամբ։ Այս պահին ընկերությունը շաբաթական մեկ կանոնավոր փոխադրում է իրականացնում։ Պահանջարկի մեծացմանը զուգահեռ կարող է ավելանալ փոխադրումների քանակը։

Ծովային ուղին այլընտրանք է, քանի որ Հայաստանից դեպի Ռուսաստան ու հակառակ ուղղությամբ բեռնափոխադրման կազմակերպումը Վերին Լարսով ոչ միշտ է սահուն անցնում՝ ասում է Հայաստանի գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը։ Բավական են եղանակային անբարենպաստ պայմաններն ու մեքենաների հոսքի ավելացումը, և խցանումներն ապահովված են․ բեռնատարները կարող են շաբաթներով կանգնած մնալ ճանապարհին, իսկ գործարարները տուժել թե ժամանակի, թե ֆինանսական առումով։ Ակնհայտ է, որ Վերին Լարսը բեռնաթափելու խնդիր ունի՝ ասում է Գագիկ Մակարյանը։

«Քանի որ այնտեղ խցանումները, հերթերը շատ են, և շատ երկրներ են արդեն նաև Վերին Լարսից օգտվում՝ Սևծովյան ավազանի ռիսկայնության պատճառով, որն առաջացել է Ուկրաինա-Ռուսաստան պատերազմի հետևանքով, ծովային ուղին Հայաստանի համար շատ կարևոր է. առանձին ուղի է դառնում և որոշակիորեն կրճատում է Վերին Լարսով անցնելու անհրաժեշտությունը»։

Էկոնոմիկայի նախարարությունը գործարարների ու ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպված հանդիպմանը վերջիններին տեղեկացրել է՝ ծովային ճանապարհով բեռնափոխադրումների մեկնարկը տրված է։

Եթե բեռնափոխադրումների մի մասը ծովային ճանապարհով իրականացվի, ապա Վերին Լարսը կթեթևանա՝ կարծիք է հայտնել «Սի Ընդ Էմ ինթերնեյշընըլ» ընկերության տնօրեն Դավիթ Իլոյանը։ Հենց այս ընկերությունն է ապրիլի 18-ից բարեհաջող կատարել առաջին բեռնափոխադրումը։ Այսօրվա դրությամբ ընկերության լաստանավը կարող է տեղափոխել 350 կոնտեյներ՝ տեղեկացնում է ընկերության տնօրեն Դավիթ Իլոյանը։

«Նախատեսում ենք այնպես անել, որ շաբաթական մեկ կանոնավոր փոխադրում իրականացվի  Նովորոսիյսկ-Բաթումի և հակառակ ուղղությամբ։ Պահանջարկին զուգահեռ կարող ենք ավելացնել փոխադրումների քանակը 2 կամ 3 անգամ, որքան անհրաժեշտ կլինի։ Հիմա ամենակարևորը շաբաթը մեկ անգամ կանոնավոր, կայուն փոխադրում իրականացնելն է»։

Ընկերության տնօրեն Դավիթ Իլոյանը հավաստիացնում է, որ բեռնափոխադրումների այս տարբերակը բավականին ձեռնտու կարող է լինել բազմաթիվ գործարարների համար։ Բեռները տեղ են հասնում  20-24 ժամվա ընթացքում։ Ճանապարհին խնդիրներ չեն լինում, գործարարները կարող են վստահ լինել, որ իրենց գործընկերներին ապրանքը ժամանակին կհասնի։

«Մենք կարողանում ենք բեռնափոխադրումների համար երաշխավորել կայուն ժամկետներ և կայուն գներ, ինչը շատ դեպքերում հնարավոր չէ ցամաքային ճանապարհով բեռը տեղափոխելու պարագայում։ Մեծ հոսքերի ժամանակ Վերին Լարսի թողունակությունը բավարար չէ, անընդհատ ինչ-որ խնդիրներ են առաջանում։ Արտահանողները կամ ներմուծողներն իրենց ապրանքները չեն կարողանում գործընկերներին ժամանակին մատակարարել։ Ծովային ճանապարհի պարագայում նման խնդիրներ չեն լինելու ու գինն էլ կայուն կլինի»։

Պետությունն էլ նախատեսում է սուբսիդավորել, որ բեռների տեղափոխումն ավելի մատչելի լինի գործարարների համար։ «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի հիմնադիր Էմիլ Ստեփանյանը, սակայն, «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է՝  այդ ուղղությունը չի կարող մշտապես սուբսիդավորվել պետության կողմից։ Նրա խոսքով՝ Նովոռոսիյսկ-Բաթումի և հակառակ ուղղությամբ ծովային փոխադրումներն, իհարկե, չեն կարող նաև այլընտրանք լինել Վերին Լարսի ճանապարհին, քանի որ բեռնատարներով փոխադրումները շատ ճկուն են, ինչը չի կարելի ասել կոնտեյներներով փոխադրումների մասին։

«Կոնտեյներայինն ավելի շատ սահմանափակ է, մեծ ծավալի բեռներ են պետք, որ ձեռք տա։ Այսինքն՝ ամեն դեպքում Վերին Լարսին ինքը չի փոխարինում, բայց դա չի նշանակում, որ վատ է։ Դա միանշանակ օգտակար է որպես երկրորդ ճանապարհ, բայց այլընտրանք չի։ Ռեժիմային բեռներ կան, սահմանափակումներ, որոնք չեն կարող կոնտեյներով գնալ»։

Այդուհանդերձ, Էմիլ Ստեփանյանի խոսքով, ծովային բեռնափոխադրումների մեկնարկը շատ ողջունելի է, և բեռնափոխադրումների ծովային այս ուղու կայացումը՝ շատ կարևոր։ Նա նկատում է, որ մեծ արտահանողներին հատկապես ձեռնտու կլինի օգտվել Բաթումի-Նովոռոսիյսկ և հակառակ ուղղությամբ ծովային փոխադրումների ծառայությունից։

«Հույս ունեմ, որ այն կկայանա, այդ թվում նաև՝ ոչ հայկական բեռների շնորհիվ։ Ոչ հայկական բեռների փոխադրումը նաև կօգնի, որ հայկականի տաիֆներն ավելի էժան լինեն։ Այսինքն, եթե ծանրաբեռնվածությունը նորմալ լինի, բնականաբար, դա էժանացնելու ճանապարհ է ընդհանուր այդ բեռնափոխադրման»։ 

Գագիկ Մակարյանի կարծիքով՝ գործնական արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ խնդիրները դեռ կարգավորման փուլում են.  

«Դրանք կարգավորման պրոցեսում են։  Դեռ բիզնեսը պետք է լրիվ հասկանա մեխանիզմները, օգտագործի և կարողանա կիրառել արդեն։ Ժամանակի ընթացքում դա կլինի»։

Թե գործնականում  այլընտրանքը որքանով կարդարացնի իրեն, փորձագետների խոսքով՝ պարզ կլինի մեկ տարի անց, երբ հասկանալի լինեն արդյունքները  բոլոր սեզոնների ընթացքում։ Գագիկ Մակարյանը կարծում է, որ զուգահեռաբար պետք է զարգացնել նաև երկաթգծի հնարավորությունները և մտածել օդային բեռնափոխադրումների մասին, որտեղ պետության սուբսիադավորումը, նրա կարծիքով, կարող է ավելի արդյունավետ լինել։    

Կարդացեք նաև

Back to top button