
Այսօր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։ Արդեն 5-րդ գարունն է, որ աշխարհն ապրում է առանց Ազնավուրի, սակայն նրա երգերը հավերժ գերել են մարդկանց սրտերը։
Հայաստանի Ազգային հերոս, դիվանագետ, շանսոնյե, կոմպոզիտոր, բանաստեղծ, գրող և դերասան Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին։
Նրա իսկական անունն էր Շահնուր Վաղինակի Ազնավուրյան։ Նա ստեղծել է մոտ 1300 երգ, նկարահանվել 60 ֆիլմերում և վաճառել ավելի քան 180 միլիոն ձայնասկավառակ։ Ըստ Time ամսագրի և CNN-ի համատեղ հարցման (1998թ.) Ազնավուրը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն զվարճացնողը։
Ահա թե ինչ էին ասում նրա մասին.
«Դուք կհաղթեք աշխարհը, որովհետև գիտեք, թե ինչպես հուզել»:
Շառլ դը Գոլ
«Շառլ Ազնավուրը դրամատիկական ամենամեծ տաղանդն է, նա միանգամից նվաճում է մարդուն, նա ամենամեծն է իր արվեստում».
Մորիս Շեվալիե
«Այս ձայնը, որը կարծես ցանկացած պահի կարող է խռպոտանալ ու մարել, շունչ քաշած, բայց խիզախ լեռնագնացի հոյակապ ձայն է, վիրավոր թռչնի խուլ ու պատռված ձայն, որը իջնում է բեմի վրա։ Նրա սիրո հրաշալի երգերը, տանջալից Ստրադիվարիուսը, հանգած թվացող հրաբխի ձայնը, որն ավելի շուտ բառերի հոսքն ուղղում է սրտին, քան ականջին… լսվում է ամբողջ աշխարհում»:
Իվ Սալ




