
Հայ փոքրիկ տեխնոսերները երազում են ռոբոտատեխնիկայի օգնությամբ մարդու առօրյան հեշտացնելու մասին։ Նրանցից ոմանք արդեն մտածում են ռազմարդյունաբերական ինժեների մասնագիտություն ձեռք բերելու մասին։ Մայրաքաղաքում գործող ռոբոտաշինական խմբակներից մեկը իր հարկի տակ տարեկան հավաքում է մոտ 100 երեխա։ Մարզերում և արտերկրում բնակվողների համար կրթությունը կազմակերպվում է հեռավար։
«Մենք չենք որոշում ինչպիսին ծնվել, բայց կարող ենք ռոբոտաշինության օգնությամբ մարդու կյանքը փոխել դեպի լավը։ Հիմա բժշկությունն էլ է օգտագործում ռոբոտներ՝ մարդկանց բուժելու համար։ Ես էլ ուզում եմ ռոբոտաշինությունը լավ սովորեմ, որ գյուտարար դառնամ և կարողանամ օգնել մեր երկրին»։
Ապագայի տեսաբանին հարիր այս խոսքերը մանկական ռոբոտաշինական խմբակի սան՝ 11–ամյա Էդուարդինն են։



Արդեն 5 տարի նրա տարերքը մարդկության կյանքը փոխել խոստացող ռոբոտների փոքր մոդելներն են։ Նա սովորում է համապատասխան դետալներից ցանկալի արտաքինով սարք ստանալ, հետո դրան շարժ ու ձև տալու համար օգտագործում ծրագրային փաթեթներ։
«Սկզբում օգտագործում ենք ավելի հեշտ ռոբոտներ`WeDo 7+։ Ծրագիր է, որ կարողանաս սովորել ռոբոտաշինություն։ Հետո գնում են ավելի բարդերը, ծրագրի գրելը բարդանում է, նաև ես էստեղ սովորել եմ Python ծրագրավորման լեզու»:
Էդուարդը ոլորտի հմտությունները դպրոցական դասերից հետո յուրացնում է Whiz Code ակադեմիայում։ Հարևան սենյակում ավելի փոքրերի դասն է։ 6-ամյա Ավետի մտքում պտտվում են բնապահպանական և սոցիալական հարցեր։
«Ես երազում եմ սարքել էն ռոբոտին, որը կօգնի բոլոր էն մարդկանց, ովքեր տուն չունեն ու ջուր չունեն։ Որ տուն ու ինչ-որ պետք լինի ունենան, խմելու են ջուրը»։
-Ընկեր Թագուհի, մի հատ մաս չկա,
-Ո՞ր մասը չկա Արա ջան,
-է՜ն երկար կլորներից։





Ընկեր Թագուհին ռոբոտաշինության և ծրագրավորման մարզիչ Թագուհի Գևորգյանն է։ Անկեղծանում է՝ նոր սերունդը տեխնոլոգիական հմտությունների սիրահար է, որպես ապացույց նշում ՝ երեխաներից շատերը ստուդիայի բացման օրվանից չեն դադարում իրենց մոտ ուսումը։
«Մի քանի դար առաջ կրթությունը դարձավ պարտադիր և ամեն մի երեխա մինիմալ պետք է իմանար կարդալ, հաշվել, գրել։ Ես համարում եմ, որ մեր դարում այդ մինիմալ հմտություններին ավելանում է նաև ծրագրավորումն ու ռոբոտաշինությունը։ Նպատակն այն չէ, որ երեխան անպայման դառնա ծրագրավորող, բայց որ ոլորտն էլ ընտրի, այսօրվա դարում պարտադիր է, որ երեխան ծրագրավորում իմանա»։



«Ապագայի սարքերով» այսօր զբաղվող հայ երեխաները նաև միջազգային հաջողություններ են գրանցում։ Այս տարվա ապրիլին Հունաստանի Հերակլիոն քաղաքում կազմակերպված ռոբոտատեխնիկայի մրցույթում 11-ամյա Էդուարդի և ընկերների պատրաստած մարզիկ– ռոբոտը գրավել է 3–րդ տեղը։ Առաջին հորիզոնականը զբաղեցրել է «Ռոբոտաշինության դրախտ» համարվող Հարավային Կորեայի թիմի սարքը։
«Մենք մասնակցել ենք մարաթոն սպորտաձևին, դա այն սպորտաձևն է, երբ ռոբոտը պետք է հետևի գծին, 2 րոպեում այն անցնի ու դուրս չգա գծից։ Սա մեր ռոբոտն է, ունի լայթ սենսորներ, որ իմանա գույնը։ Դրանք գլխուղեղին ուղարկում են հրաման, որ ռոբոտը հետևի սև գծին և եթե ուրիշ գույն է տեսնում, օրինակ` կարմիր, միանգամից կանգնի։ Ու շարժիչների մեջ կան KD-KP համակերպիչներ։ Օրինակ ես հիմա /գծի համեմատ- հեղ․/ սխալ եմ դրել ռոբոտին KD–ն էնպես է անում, որ ինքն ուղղվի ու գնա առաջ։ Իսկ KP–ն պատասխանում է նրա համար, որ պահպանի արագությունը և ճիշտ պահին այն արագացնի կամ դանդաղեցնի»։
Ծրագրավորմամբ զբաղվող 14–ամյա Լանջունի Դավիթը, ով պատասխանատու էր միջազգային մրցույթում ներկայացված նետաձիգ–ռոբոտի համար, առավել քննադատաբար է մոտենում «նետահարողների» մրցույթում 3–րդ տեղը գրավելու հանգամանքին։ Ըստ նրա՝ առաջին տեղում չհայտնվելն ունի իր տրամաբանական պատճառները։

«Շփումներից հասկացանք, որ մենք, կոպիտ ասած, հետ ենք մնացել նույն Կորեայից, որովհետև 5-6 տարեկան կորեացի երեխաներն անում են այն, ինչ 16 տարեկան հայ երեխաները։ Դա բացատրվում է նրանով, որ էնտեղ դպրոցներում են ուսուցանում ծրագրավորում, ռոբոտաշինություն։ Նույն Թումոն և այլ այդպիսի կազմակերպությունները առաջխաղացում տալիս են, բայց, կոնկրետ այս պահին ռոբոտատեխնիկան ուղղված է ռազմական տիպի խնդիրների համար»։
-Դու քո սեփական վերլուծությո՞ւնն ես կատարել այդ մասով /հեղ․/։
«Հա, հիմնականում էստեղ սարքում են դրոններ, նոր ինչ–որ սարքեր, որոնք կփոխարինեն թանկարժեք ռազմական տեխնիկան ավելի էժան տարբերակով, բայց նույն էֆեկտիվությամբ։ Ես հենց այդ ոլորտով էլ ուզում եմ շարունակեմ, ավիաինժեներ դառնամ։ Այս ամենը, որ հիմա անում եմ, ստանում եմ փորձ, որ հետագայում արդեն հեշտ լինի» ։
Թվային ապագայում հաջողելու ցանկություն ունեցող երեխաներին մեկտեղած ռոբոտաշինական ստուդիան ստեղծվել է 2017 թվականին։ Ամենասկզբում խմբակն ունեցել է 5 սան։ Այսօր արդեն տարիքային երեք խմբերում ունեն մոտ 100 աշակերտ։ Ընդհանուր առմամբ ստուդիայում ռոբոտաշինության նախնական գիտելիքներ է ստացել ավելի քան 1000 երեխա։




