ԿարևորՀասարակություն

Արցախում սոցցանցերի հասանելիությունը վերականգնվել է, բայց ինֆորմացիոն բլոկադայի սպառնալիք կա

Արցախում ինտերնետ կապի հասանելիության խնդիր այլևս չկա։ Ղարաբաղ տելեկոմ ընկերությունը հաղորդագրություն է տարածել ու հայտնել, որ խափանումները վերացվել են։ Նախօրեին արցախցիներն ու ոլորտային մասնագետներն էին հայտնել, որ Արցախի տարածքում համացանցի հետ կապված խնդիրներ կան, անհասանելի են Facebook–ը, WhatsApp-ն ու Instagram-ը։ Ղարաբաղ տելեկոմ ընկերության զանգի կենտրոնի մասնագետ Էդգար Սարգսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ խնդիրը տեխնիկական էր՝ կապված մատակարարի՝ Meta ընկերության հետ։

«Այսօր առավոտից արդեն խնդիրը կարգավորված է։ Խնդիրը վերացնելու համար աշխատում ենք նաև մատակարարի հետ։ Առավոտյան մատակարարը մեզ փոխանցեց, որ խափանումն իրենց մոտից է եղել, բոլոր ստուգումներն արել են և տվյալ պահի դրությամբ ոչ մի խնդիր չկա»,– մանրամասնում է Էդգար Սարգսյանը։

Ղարաբաղ տելեկոմի մասնագետն առանձին կայքերի հետ կապված նման խափանումների դեպքեր նախկինում չի հիշում։ Արցախի շրջափակումից հետո կապի հաճախակի ընդհատումները կամ խափանումներն էլ էլեկտրականության անջատումների ու Ադրբեջանի մյուս հանցավոր քայլերի հետևանք են՝ ասում է։ Մեդիափորձագետ Արթուր Պապյանն արդեն երկրորդ օրը գործընկերների հետ սեփական «հետաքննությունն» է վարում՝ պարզելու, թե  որն է խնդիրը։

«Մենք կապվեցինք Արցախի մեր գործընկերների հետ, խնդրեցինք, որ մեր ունեցած հատուկ ծրագիրը այնտեղ աշխատացնեն, որը կթեստավորի կապը, ու մենք կունենանք անհերքելի ապացույց, որ իսկապես ինչ-որ արգելափակում կամ խափանում կա։ Մեր ծրագիրը ցույց տվեց, որ արգելափակումը մասնակի է, այսինքն՝ արգելափակում կար միայն Ղարաբաղ տելեկոմի ցանցում։ Այս ամենից պարզ դարձավ, որ խնդիրը հենց Ղարաբաղ տելեկոմի հետ էր, ոչ թե առհասարակ կապի խափանում էր»։

Մեդիափորձագետ Արթուր Պապյան

Մեդիափորձագետը հիշեցնում է՝ 2020-ի պատերազմի ընթացքում ու դրանից հետո Ղարաբաղ տելեկոմը ու արցախյան կապն առհասարակ ադրբեջանցիների կողմից  բազմաթիվ հաքերիային հարձակումների են ենթարկվել, և վերջին խաթարումը կարող է նաև դրա, ինչպես նաև էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների հետևանք լինել։

«Խափանումների պատճառը վստահորեն նշելու կամ հասկանալու համար պետք է, օրինակ, Ղարաբաղ տելեկոմը թույլ տա, որ մասնագետները որոշակի ներքին ինֆորմացիա ուսումնասիրեն ու հասկանալի դառնա՝ որտեղից է եղել արգելափակումը և ինչու»,– ասում է Պապյանը։

Այս միջադեպը ևս մի առիթ է մեկ անգամ ևս մտածելու Արցախի տեղեկատվական անվտանգության ու անկախության մասին։ Արթուր Պապյանը հիշեցնում է՝ 2020-ի պատերազմից հետո ինտերնետի՝ Հայաստանից Արցախ գնացող կապուղիներն անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներով ու ինչպես հաճախ պատահում է գազամատակարարման կամ էներգամատակարարման հետ, ինտերնետ կապն էլ կարող է ադրբեջանական քմահաճույքից կախված լինել։

«Մեծ հաշվով, եթե Ադրբեջանը ցանկանա կարող է կապուղին, օրինակ, կտրել, մի միջանկյալ սարք դնել, դրանով սկսել վերահսկել Արցախի կապը․ դա տեխնիկապես հնարավոր է։ Մտահոգվելու տեղ կա, քանի որ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում, որ արբանյակային ինտերնետը Արցախի տարածքում հասանելի չլինի, նույնիսկ արբանյակային օպերատորների հետ ինչ-որ բանակցություններ են վարում»։ 

Ֆիզիկական շրջափակման մեջ գտնվող Արցախում նաև ինֆորմացիոն բլոկադան կիբեռանվտանգության փորձագետ Ալեքսեյ Չալաբյանն, այնուամենայնիվ, շատ հավանական չի համարում։ Շեշտում է՝ արբանյակային կապն ամբողջությամբ արգելափակելը գրեթե անհնար է։

«Բջջային կապը, այո, կարող են վնասել կամ որոշակի բնակավայրերում դժվարացնել, բայց, օրինակ, ամբողջ Արցախի տարածքով արբանյակային կապը խաթարելը, կարծում եմ, անհնար է, ու նրանք նաև այդ ռեսուրսները չունեն։ Բացի դրանից՝  եթե Ադրբեջանը Արցախը համարում է իր երկրի մաս, ապա կարծում եմ՝ վաղ թե ուշ պարտադրելու է, որ այնտեղ պետք է ծառայություններ մատուցեն իրենց երկրում լիցենզավորված օպերատորները»,– ասում է Ալեքսեյ Չալաբյանը։

Մասնագետները միակարծիք են՝ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանություններն օր առաջ պետք է գործուն քայլեր ձեռնարկեն Արցախի ինտերնետային անվտանգությունը  պաշտպանելու և տարածքում այլընտրանքային կապ ունենալու համար։

Back to top button