ԿարևորՀասարակություն

Բուժաշխատողների թիրախավորումն անընդունելի է․ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ

Խստորեն դատապարտում ենք Լաչինի միջանցքում և Հայաստանի սահմանին տեղի ունեցող գործողությունները, բուժաշխատողների թիրախավորումն անընդունելի է, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատվիրակության ղեկավար Մարթե Էվերարդը։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ԱՀԿ պատվիրակությունը նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպմանը նշել է, որ պատրաստ են օգտագործել դիվանագիտական բոլոր լծակները` նմանատիպ գործողությունները դատապարտելու համար:

Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել ԱՀԿ տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեի` խնդրի կարգավորման մեջ անձնական ներգրավվածության համար:

Պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանում ԱՀԿ տարածաշրջանային տնօրենի հատուկ ներկայացուցիչ Մարթե Էվերարդը:

Հանդիպմանը քննարկվել են Առողջապահության համաշխարհային 76-րդ վեհաժողովին ընդառաջ Հայաստանի և ԱՀԿ համագործակցությունը խորացնելու, ԱԱՊ օղակի, որակի ապահովման բարեփոխումներին տեխնիկական աջակցություն տրամադրելուն առնչվող հարցեր:

Նշվել է, որ ԱՀԿ ներկայացուցչի նշանակումը, ինչպես նաև գալիք Վեհաժողովի շրջանակներում Անահիտ Ավանեսյան-Հանս Կլյուգե հանդիպումը կնպաստի համագործակցության ակտիվացմանը:

Մայիսի 17-ի ժամը 16:15-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ։ Բուժակը վիրավորվել էր, իսկ վիրավոր զինծառայողը զոհվել էր հիվանդանոցի ճանապարհին։

Կարդացեք նաև

Back to top button