ԿարևորՀասարակություն

Կառավարությունը 2.5 մլն դրամ կհատկացնի զինծառայողների հիփոթեքային վարկի կանխավճարի համար

Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում ընդունվել է որոշում՝ սպայական և ավագ սպայական կազմերի պայմանագրային զինծառայողների մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրի շրջանակում վարկերի տոկոսադրույքների և պետության կողմից սուբսիդավորման չափերը հստակեցնելու նպատակով: Վարկերի տոկոսադրույքների ավելացման միջոցով զինծառայողներին հնարավորություն է տրվում իրենց կողմից ընտրել համագործակցող վարկատու կազմակերպությանը, հստակեցվել է նաև ծրագրի իրականացման գործընթացը:

Ըստ հիմնավորման, 2020 թվականից է իրականացվում ծրագիրը՝ տարեկան 500 զինծառայողի հաշվարկով: Ծրագրի միջոցով 06.03.2023թ. դրությամբ բնակարան կամ բնակելի տուն է ձեռք բերել 1030 զինծառայող, որից 223-ը` 2020թ-ի, 249-ը` 2021թ.-ի և 558-ը` 2022թ.-ի ծրագրի շահառուներից: Ծրագրի գործողության ընթացքի, առկա խնդիրների և դրանց լուծումների հետ կապված մի շարք քննարկումներ են իրականացվել և նպատակահարմար է գտնվել՝ պետության կողմից կանխավճարի սուբսիդավորումը նախատեսել կոնկրետ չափով՝ սահմանելով 2.500.000 դրամ, անմիջապես կառուցապատողից բազմաբնակարան բնակելի շենքում կառուցված կամ կառուցվող բնակարան, կամ կառուցվող բնակելի տուն ձեռք բերելու դեպքում վարկի տարեկան տոկոսադրույքը սահմանել առավելագույնը 11 տոկոս, որից պետության կողմից սուբսիդավորվելու է 5 տոկոսային կետը:

Բացի այդ,  երկրորդային շուկայից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու, ինչպես նաև անհատական բնակելի տան կառուցապատման դեպքում վարկի տարեկան տոկոսադրույքը նախատեսվում է սահմանել առավելագույնը 13 տոկոս, որից պետության կողմից սուբսիդավորվելու է 5 տոկոսային կետը: Հստակեցվել են  անհատական բնակելի տան կառուցապատման հետ կապված վարկավորման գործընթացը, մասնավորապես՝ անհատական բնակելի տան կառուցապատման այն վարկերը, որոնք փուլային են տրամադրվում: Կատարվող փոփոխությունների համատեքստում կհստակեցվեն  նաև ծրագրի շրջանակում գործող սոցիալական երաշխիքները՝ դրանք համապատասխանեցնելով գործող օրենսդրությանը: Հաշվի առնելով նաև 2020-2022թթ. ընթացքում ծրագրից օգտված և փաստացի պայմանագիր կնքած զինծառայողների քանակը, առաջարկվում է նաև 2023թ. ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռել 2023թ. հայտ ներկայացրած և մասնակիցների ռեեստրում գրանցված թվով 1111 բոլոր դիմումատուներին:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք ի սկզբանե պլանավորել էինք, որ տարեկան 500 այդպիսի բնակարանի ձեռքբերում կարող ենք ֆինանսավորել, բայց հիմա, տեսնելով, որ հետաքրքրությունն ավելի մեծ է, որոշեցինք այնպես անել, որ ով դիմել է՝ չմերժենք»:

Վարչապետը նաև ընդգծել է՝  նկատել են, որ շատ դեպքերում «սև ցուցակում» գտնվող անձինք կան, որոնք վարկերի ուշացումներ ունեն, և եկել են այն որոշման, որ այն զինվորականները, որոնք դրական ատեստավորում կունենան, ՀՀ կառավարությունը կաջակցի, որ նրանց վարկային պատմությունը բարելավվի:

Արձագանքելով՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հավելել է, որ կան կատեգորիաներ, որոնց մասով ԿԲ-ի հետ պետք է բանակցել և սահմանվել է որոշակի շեմ, որ հենց այդ չափի պարտքի պարագայում հնարավոր կլինի նրանց թույլ տալ:

Back to top button