ԿարևորՀասարակություն

Մեծամորը՝ Հայաստանի 2023 թ-ի երիտասարդական մայրաքաղաք

Մեծամորի՝ ՀՀ 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու առթիվ մայիսի 19-ին Մեծամորի Մշակույթի տանը տեղի կունենա «Հայաստանի Հանրապետության 2023 երիտասարդական մայրաքաղաք» միջոցառման պաշտոնական բացման արարողությունը։

Միջոցառմանը կմասնակցի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում Մեծամորին կհանձնվեն խորհրդանշական փոխանցիկ բանալին և Հայաստանի Հանրապետության 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք կարգավիճակը հավաստող վկայագիրը։

Պաշտոնական մասին կհաջորդի համերգային ծրագիրը, որը կսկսվի Մեծամորի հիմնի շնորհանդեսով։ Ծրագրի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես կգան տեղական և միջազգային մշակութային մրցույթներում հանդես եկած մեծամորցի երիտասարդները, ինչպես նաև առաջին անգամ հանրությանը կներկայանա նորաստեղծ «Մետրոնոմ» բենդը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթն անցկացվում է յուրաքանչյուր տարի։

2023 թվականի «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի համար հայտ էր ներկայացրել 2 քաղաք՝ Ծաղկաձորը (ՀՀ Կոտայքի մարզ) և Մեծամորը (ՀՀ Արմավիրի մարզ)։ Հայտերի գնահատման գործընթացի ամփոփիչ փուլի ընթացքում փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության արդյունքների համադրմամբ մրցութային հանձնաժողովը Հայաստանի 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք է հռչակել Մեծամորը:

Ամենամյա մրցույթի նպատակն է աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանը և համակողմանի զարգացմանը, խթանել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքների և ծրագրերի ծավալների մեծացմանը, նպաստել համայնքային երիտասարդական ենթակառուցվածքների ստեղծմանը և առաջընթացին (համայնքային երիտասարդական կենտրոններ/միջավայրեր, քաղաքացիական հասարակության կառույցներ), խրախուսել տեղական երիտասարդական աշխատանքի ձևավորմանն ու զարգացմանը, երիտասարդական նորարարական գաղափարների կյանքի կոչմանը և այլն։

Back to top button