ԿարևորՀասարակություն

Ոստիկանների գործունեությանը միջամտելու նոր դեպքեր. մեկ անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի և Տավուշի մարզային քննչական վարչություններում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ քաղաքացիների կողմից ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հերթական դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2023 թվականի մայիսի 15-ին՝ ժամը 01:15-ին, Աշտարակ քաղաքի վարչական տարածքի Քասախի կիրճում գտնվող ռեստորանային համալիրի դիմաց ծառայություն իրականացնող պարեկները նկատել են մի քաղաքացու, ով ձեռքով մեքենան կայանելու նշան է արել: Պարեկային ծառայողներն անմիջապես կայանել են և իջել ավտոմեքենայից, որպեսզի պարզեն, թե ինչ խնդիր ունի քաղաքացին: Վերջինս հրաժարվել է ներկայանալ և սկսել է անհիմն վիճել պարեկների հետ, բողոքել, որ տարածքում նրանց կողմից ծառայություն իրականացնելուց ի վեր իր գործերը վատացել են, պահանջել, որ այդ տարածքում այլևս ծառայություն չիրականացնեն, հայհոյանքներ է հնչեցրել նրանց հասցեին, ձեռքերով հարվածել նրանց կրծքավանդակի, գլխի հատվածներին, որոնց ժամանակ քաշել և պոկել է պարեկային ծառայողին ամրակցված ծառայողական տեսախցիկը՝ վնասվելով այն, ապա դիմել փախուստի՝ մտնելով ռեստորանի տարածք։

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում վերոնշյալ քաղաքացին ձերբակալվել է՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու անմիջականորեն ծագած կասկածանքով: Նախաքննության ընթացքում զննվել է դեպքի վայրը, վերցվել են հարակից ռեստորանում տեղադրված, ինչպես նաև՝ պարեկներին ամրակցված տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Ձեռք բերված փաստերի հիման վրա նշված անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով և 297-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։

Մյուսի դեպքը տեղի է ունեցել Իջևան քաղաքում։ 2023 թվականի մայիսի 15-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները Իջևան քաղաքի Վասիլյան փողոցում մթության պայմաններում լուսարձակներն անջատած երթևեկելու համար կանգնեցրել են «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը, չենթարկվելով պարեկների օրինական պահանջին, դիմել է փախուստի և ավտոմեքենան կանգնեցրել Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի շենքերից մեկի բակում:

Այնուհետև հիշյալ մեքենայի վարորդը՝ ակնհայտ ոչ սթափ վիճակում, և ուղևորը՝ վերջինիս անչափահաս որդին, իջել են ավտոմեքենայից: Վերջինս փորձել է նստել նշված մեքենայի ղեկին, ինչը խոչընդոտվել է պարեկային ծառայության աշխատակիցների կողմից, իսկ վարորդը երկու անգամ հարվածել է պարեկի ձեռքին և դեմքին: Նրանց են մոտեցել մի խումբ քաղաքացիներ, որի հետևանքով ստեղծված խառնաշփոթ իրավիճակում հիշյալ ավտոմեքենան անհայտ անձի կողմից տեղափոխվել է տան բակ, իսկ մեքենայի վարորդը և նրա որդին դիմել են փախուստի:

Մոտ 20 րոպե տևած միջադեպի ընթացքում մեքենայի վարորդի և միջամտած քաղաքացիների կողմից պարեկային ծառայության աշխատակիցների հասցեին հնչեցվել են բարձրաձայն հայհոյանքներ, խոչընդոտվել են նրանց գործողությունները:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ հիշյալ մեքենայի վարորդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որ բավարարվել է:

Որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին, նրան հայտնաբերելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում:

Երկու քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button