ԿարևորՀասարակություն

Ընդունված ռազմավարությունը դեռ քննարկվում է․ կողմերն անզիջում են

Ամենախնդրահարույց ոլորտներից մեկը՝ հանքարդյունաբերությունը, ավելի հիմնավորված ռազմավարական փաստաթղթի կարիք ունի՝ կարծում են ոլորտին առնչվող քաղհասարակության ներկայացուցիչները։ Օրերս նրանք հայտարարություն էին տարածել, որով պահանջում էին հետ կանչել կառավարության՝ ռազմավարությունն ընդունելու մասին որոշումը։

Այսօր արդեն կառավարության ներկայացուցչի հետ զրույցում ներկայացնում են՝ հատկապես ինչն են խնդրահարույց համարում։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի խոսքով՝ ընդունման գործընթացը կատարվել է առանց ՀՀ օրենսդրության պահանջներն ու միջազգային կոնվենցիայի կետերը հաշվի առնելու․

«Իհարկե, եղել են քննարկումներ, և դրանք եղել են հիմնականում Համաշխարհային բանկի պահանջով։ Մենք պետք է տարանջատենք 2 փուլ և 2 գործընթաց։ Մի փուլը մինչև ռազմավարություն գրելու գործընթացն է և, ցավոք, մեր օրենսդրությունը չի նախատեսում որևէ ընթացակարգ մինչև ռազմավարության մշակումը և շնորհակալություն Համաշխարհային բանկին, որ պահանջներ է դրել, և ՏԿԵՆ և խորհրդատու կազմակերպությունը որոշակի ներգրավում ապահովել են։ Բայց կա երկրորդ փուլ, երբ արդեն ռազմավարության նախագիծը մշակվում է, այն պետք է դրվի քննարկման։ Այդ փուլում հանրային քննարկում փաստացի տեղի չի ունենում։ Ի-դրաֆթ-ում տեղադրվում է, համարվում է բավարար և հետագա գործընթաց տեղի չի ունենում։ Եվ սա նոր պրակտիկա չի, և միայն ՏԿԵ նախարարության խնդիրը չի»։

Սոնա Այվազյանն ասում է՝ ռազմավարության 4 նախագիծ է քննարկվել։ Վերջին՝ 4-րդ նախագծի քննարկման ընթացքում, օգոստոսի վերջին, 70 առաջարկ են ներկայացրել․

«Ենթադրում եմ՝ զգալի փոփոխություններ պետք է կրած լինի, եթե չի կրել, ապա շատ վատ է, որովհետև շատ են եղել կարծիքները, եթե կրել է, ապա այն էապես այլ փաստաթուղթ է և նորից պետք է տեղադրվեր ի դրաֆթում, դինամիկան որ երևար, քննարկվեր, և հետո միայն ներկայացվեր կառավարություն։ Բայց այդքան մեծ դադարից  հետո մեզ համար անծանոթ փաստաթուղթ ներկայացվում է և ընդունվում է կառավարության կողմից»։

ՏԿԵ փոխնախարար Հովհաննես Հարությունյանն ասում է՝ 4-րդ նախածգի և ընդունված տարբերակի միջև բովանդակային տարբերություններ չկան․

«Ընդամենը համապատասխանեցվել է կառավարության կողմից ռազմավարությունների ձևաչափին, դասավորվել են նպատակները և խմբավորվել են բոլոր գործողությունները, որոնք մեկը մյուսին նման են, և խմբավորումից հետո նոր ընդունվել է փաստաթուղթը։ Բովանդակային առումով ոչ մի տարբերություն չունի այն փաստաթղթի հետ, որը դրվել է և լայն քննարկման է արժանացել»։

Մեկ այլ՝ առավել խնդրահարույց հարց քաղհասարակությունը համարում է ռազմավարության՝ ռազմավարական-էկոլոգիական գնահատական չանցնելը։ Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնի ղեկավար Օլեգ Դուլգարյան․

«Ապօրինի ձևակերպումը առաջին հերթին վերաբերում է նրան, որ օրենսդրությամբ սահմանված կարգով շրջակա միջավայրի ազդեցության գնահատման օրենքով պետք է իրականացվի նախագծի ռազմավարական էկոլոգիական գնահատում»։

Էկոլոգիական իրավունքի մասնագետ Արթուր Գրիգորյանն ասում է՝ սա Համաշխարհային բանկի ներկայացրած պահանջներում ևս կա, մյուս կողմից էլ խնդրահարույց է համարում այն, որ ռազմավարությունը կոնկրետ խնդիրների լուծման գործիքակազմ չի առաջարկում․

«Հիմնական գործիքակազմը, որի մասին խոսվում է՝ օրենսդրական բարեփոխումներ, պաշտոնատար մարմինների, փորձագետների վերապատրաստումներ, սրանք բաներ են, որոնք անընդհատ իրականացվում են, հատուկ ռազմավարության մեջ պետք չէր նշել, որ դա իրականացվելու է, քանի որ դա պարբերաբար է իրականացվում է, բայց արդյունք չի ապահովում»։

Փոխնախարար Հովհաննես Հարությունյանը վստահեցնում է՝ բոլոր դիտարկումները քննարկելի և գործընթացին նպաստող են համարում, բայց ռազմավարության օրինականությունը կասկածի տակ դնելն անհիմն է․

«Այս ռազմավարության մեջ, բացի բնապահպանական, սոցիալական առողջապահական ռիսկերի հետ կապված հարցերը լուծելուց, շատ կարևոր ուղղություն ենք որդեգել, որ պետք է դարձնենք ընդհանրապես այն ամեն ինչը, ինչ տեղի է ունենում այս ոլորտում՝ սկսած տեխնոլոգիաների կիրառումից, պաշարների շարժից, ամեն ինչը պատրաստվում ենք թվայնացնել, և ընդհանրապես, այս ուղղությունը պատարստվում ենք դարձնել ավելի բաց, ավելի հասանելի և ավելի պատասխանատու հանքարդյունաբերության ոլորտ ունենալ։ Եվ, շատ ազնիվ ասեմ, մենք ավելի շատ սպասում էինք մեծ դիմադրություն ընդերքօգտագործողների կողմից, որովհետև, եթե հարցը հնչում է, թե ում շահերն են պաշտպանվում, ես կարող եմ հստակ և պատասխանատու կերպով ասել, որ այստեղ պաշտպանվում են միմիայն ՀՀ և ՀՀ բնակչության շահերը»։

Ինչ վերաբերում է քննարկումների ծավալներին՝ փոխնախարարը դրանք բավարար է համարում։ Ասում է՝ հատկապես զարգացող ոլորտներում միշտ կարելի է քննարկումներ անել, միշտ նոր ուսումնասիրության անհրաժեշտություն կարող է լինել։ Բայց գործընթացը, Հարությունյանի խոսքով, ինչ-որ պահից պետք է մեկնարկի․

«Լավ, մեկ տարի քննարկումը քիչ է, երեք տարի պետք է քննարկել, բայց պետք է հասկանանք, որ ժամանակը գնում է, և այն կարգավորումները, որոնք պետք է գործեին այսօր, չեն գործում, որովհետև փաստաթղթերի ընդունումը ուշանում է։ Եվ մենք այս փաստաթուղթն ընդունելիս առաջնորդվել ենք նրանով, որ մաքսիմում շուտ սկսենք այն աշխատանքները, որոնք պետք է բերեն ոլորտում կարգավորումներին»։

Այնուամենայնիվ՝ քաղհասարակությունը շարունակում է հաստատակամ մնալ, հորդորելով հետ քայլ անել, իրականացնել փաստաթղթի ռազմավարական-էկոլոգիական փորձաքննություն, համապատասխանության դեպքում՝ վերջնական քննարկումներ և նոր միայն փաստաթղթին օրենքի ուժ տալ։ Ոլորտային գերատեսչությունը բաց է խնդրահարույց կետերի մասին քննարկումների համար և առաջարկում է խորացնել դրանք՝ փորձաքննության անհրաժեշտության վերաբերյալ տարակարծությունը հարթելու նպատակով։

Back to top button