ԿարևորՔաղաքական

Սադրա՞նք, թե՞ կաշառք Վաշինգտոնից․ Լավրովը՝ Հայաստանից ռուսներին «վռնդելու» մասին

Արևմուտքն՝ ի դեմս Վաշինգտոնի, Հարավային Կովկասում փորձում է փոխել տարածաշրջանային դերակատարին, մասնավորապես՝ Ռուսաստանին։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, առանց դիվանագիտական բառապաշարի, այսօր ուղիղ է ասել ԱՄՆ-ի նման մտադրության մասին։ Վերջին շրջանում նաև ակտիվացել է Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալու թեման, անվտանգային նոր երաշխավորի, երաշխիքների փնտրտուքի հարցը։ Ի՞նչ են հուշում այս հայտարությանը նախորդող ու հաջորդող զարգացումները։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը չորեքշաբթի օրը հրապարակվել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության կայքում, ասել է, որ իրենց հայտնի է դարձել Հայաստանին ուղղված ԱՄՆ-ի առաջարկի մասին՝ ռուսներին «դուրս մղել, վռնդել» Հայաստանից։ Դա սադրանք է,-ասել է Լավրովը․

 «ԱՄՆ-ն Հայաստանին «խորհուրդ է տալիս» հրաժարվել ռուսական բազայի և սահմանապահների տեղակայումից՝ դրա դիմաց խոստանալով «ապահովել անվտանգությունը»։ Մենք նման տեղեկություններ ունենք, որ հայերին նրանք  ասում են՝ արի մեզ մոտ, ռուսներին քշիր քո տարածքից, հանիր ռուս սահմանապահներն և ռուսական բազան, ամերիկացիները կօգնեն ապահովել անվտանգությունը: Անկեղծ սադրանք: Սա նույնիսկ դիվանագիտություն չէ… Այլևս չկա այս դիվանագիտությունը, կա ուղիղ կաշառք»։

Նույն հարցազրույցում Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև Հայաստանի տարածքում ՀԱՊԿ առաքելության տեղակայման շուրջ քննարկումներին․

«2022 թվականի աշնանը, կազմակերպության՝ Երևանում կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ, մի փաստաթուղթ էր մշակվել, որով մեր հայ դաշնակիցների խնդրանքով նախատեսվում էր հայկական տարածքում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայել։ Փաստաթուղթն ամբողջությամբ համաձայնեցվել էր արտգործնախարարների մակարդակում։ Հետագայում, վերջին պահին՝ գագաթնաժողովի ընթացքում, մեր հայ բարեկամները խնդրեցին հետաձգել դրա ընդունումը։ Այդ նախագիծն առայժմ շարունակում է մնալ թղթի վրա և պատրաստ է կյանքի կոչվելու»։

Լավրովը համոզմունք է հայտնել, որ եթե Երևանը հաստատեր այն, ինչ արդեն իսկ համաձայնեցվել էր և պատրաստ էր ստորագրման, Հայաստանը շահեկան դիրքում կհայտնվեր և ավելի կայուն վիճակ կունենար։

Փաստաթղթի և ՀԱՊԿ դիտորդների մասին մայիսի 15-ին խոսել էր ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը, հայտնելով, որ այն օրակարգում է։Ավելին, Հայաստանի օրակարգում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց այս պահին չկա։ Փոխնախարարն, իհարկե, չէր բացառել, որ  իրավիճակով պայմանավորված, հարցը էլի կարող է մտնել օրակարգ։ Հիշեցնենք, որ Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Նովայա Գազետա-Եվրոպա» պաբերականին ասել էր, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցով եղել են քննարկումներ։ Փոխարտգործնախարարի խոսքով՝ հարցն, ամենայն հավանականությամբ, ԱԽ-ում է քննարկվել՝ անցած տարվա ադրբեջանական սեպտեմբերյան հարձակման օրերին։

 «Ես կոնկրետ ժամկետ չեմ կարող ասել, որովհետև դա, ըստ երևույթին, քննարկվել է Անվտանգության Խորհրդում։ Այդ ժամանակ սպասվում էր գագաթնաժողով, և մենք գնացինք գագաթնաժողովի այն հույսով, որ քննարկումները կբերեն արդյունքների։ Մեր սպասելիքները չարդարացան, բայց մենք շարունակում ենք աշխատել ՀԱՊԿ-ի հետ՝ լինելով դրա անդամն ու ունենալով պարտականություններ։ Հույս ունենք, որ մեր աշխատանքները կբերեն որոշակի արդյունքների»։

Սաֆարյանը չէր մեկնաբանել այն հարցը, թե արդյոք ՀԱՊԿ-ի առաջարկած օգնության փաթեթը ներառե՞լ է զորք և սպառազինություն։ Ըստ նրա՝ ՀՀ-ն փորձում է իր անվտանգության կոմպոնենտը զարգացնել բոլոր ուղղություններով։

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը, քննադատելով իշխանությունների հայտարարությունները, շեշտում է, որ չունենալով նոր անվտանգային համակարգ, պետք չէ քանդել, քայքայել այն, ինչ գոյություն ունի։ Անդրադառնալով դիտարկմանը, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ ՀԱՊԿ-ը չեն կատարում իրենց պայմանագրային պարտավորությունները Հայաստանի հանդեպ, Ռուստամյանը նշել է, որ նրանք շատ հստակ հարց են դրել՝ «մենք չենք կարող լինել ավելի հայ, քան՝ դուք»։

«Միջնորդի դերում հանդես եկող ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանը չեն կարող ոչինչ անել, եթե Հայաստանն իր իրավունքները չի պաշտպանում։ Բավական է, մենք պետք է սովորենք ուրիշնեին մեղադրելու վիճակից դուրս գալ, մենք պետք է հասկանանք՝ ո՞րն է մեր անելիքը։ Եթե մենք չփորձենք մեզ պաշտպանել, ոչ ոք չի պաշտպանելու»։

Լավրովը նաև խոսել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կենսունակության մասին, հիշեցրել 2022 թվականի հունվարին Ղազախստանին տրամադրած օգնությունը․

«Մենք արդյունավետ աշխատել ենք։ Հենց որ Ղազախստանի ղեկավարությունն ասել է, որ իրենք իրավիճակը վերահսկում են, կազմակերպությունն արագ ավարտել է իր գործունեությունը։ Մենք պատրաստ էինք նույն կերպ օգնել ՀԱՊԿ անդամ Հայաստանին»։

ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ քննարկումների մասին հայտնած ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 16-ին Բրյուսել այցի շրջանակներում աշխատանքային ճաշ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ: Ըստ պաշտոնական լրատվության՝ զրուցակիցները քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ գործընկերության զարգացմանն առնչվող հարցեր: Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, անդրադարձել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքներին, ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի վերջին զարգացումները։

Ռուսական 102-րդ ռազմաբազան տեղակայված է Գյումրիում, իսկ դրա օդային բաղադրիչը Երևանի Էրեբունի օդանավակայանում տեղակայված ավիաբազան է։

Back to top button