Հասարակություն

Հրաչիկ Պողոսյանը գտել է Աստծո գիտության եզակի բանալին

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Լեզվի ծագման, իր հայտնագործության և Աստվածաշնչի գիտական վերծանման մասին է այսօր խոսել Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի ակադեմիկոս, տեսության հեղինակ Հրաչիկ Պողոսյանը: Հրաչիկ Պողոսյանը հայոց լեզվի ծագման վերաբերյալ նաև նոր տեսություն է մշակել` ներկայացնելով այն իր մի քանի աշխատություններում: «Լեզվի ծագումը եւ Աստվածաշունչը» գիրքն արդեն ներկայացվել է գիտնականների միջավայրում: Գիտնականների մի մասը նրա կատարած աշխատանքը համարել է հետաքրքրական, նույնիսկ առաջարկել, որ այն դասավանդվի ուսումնական հաստատություններում, մի մասն էլ այդ տեսությունը համարել է անհասկանալի: Ամեն դեպքում` Հրաչիկ Պողոսյանը հավաստիացրել է, որ իր բերած փաստերը հիմնվում են ժամանակակից բոլոր գիտությունների վրա:

Բոլոր այն գիտությունները, որոնք հիմնված չեն բնական գիտությունների վրա, ինչպես նաև մարդ-տիեզերք-երկիր միջավայրի հիմքում ու այդ գիտությունների թեզերը չեն հաստատվում մաթեմատիկական բանաձևմամբ, իրականում գիտություն չեն, և չեն էլ կարող լինել, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի ակադեմիկոս, տեսության հեղինակ Հրաչիկ Պողոսյանը: Հրաչիկ Պողոսյանը ուսումնասիրել է լեզվի ծագումը և հայոց լեզվի ծագման վերաբերյալ նոր տեսություն մշակել: Նրա խոսքով` լեզվի ծագման հետ կապված հարցերը տարիներ շարունակ փակ թեմա էին համարվում համաշխարհային մասշտաբով: Հայոց լեզուն առանձնացրել են, որպես հնևրոպական ընտանիքի մի ճյուղ, այնինչ պարզվում է, որ այդ ամբողջ ծագումնաբանության և ընդհանրապես բոլոր լեզուների հիմքը հայկական է, բայց ոչ այսօրվա հայոց լեզուն, այլ հին հայկական դասական գրաբարյան համակարգը, նշեց Հրաչիկ Պողոսյանը:

«Սույն տեսությամբ ես առաջին անգամ տրոհել եմ հնդեվրոպական բոլոր լեզուների, առաջին հերթին զուտ հայկական արմատները, ապա անցել եմ մյուս փոխառյալ արմատներին: Տրոհել եմ առանձին հնչյունների, և գնացել եմ այդ բառարմատը կազմող յուրաքանչյուր հնչյունի ձայնային, պատկերային ու քանակական ճանաչողության»:

Հրաչիկ Պողոսյանն իր տեսությունը ներկայացրել է մի քանի աշխատություններում, այդ թվում՝ վերջերս լույս տեսած
«Լեզվի ծագումը եւ Աստվածաշունչը» ուսումնասիրության մեջ: Այս աշխատության մեջ անդրադառնալով 2 առեղծվածային հիմնահարցերի` լեզվի ծագմանն ու Աստվածաշնչի գիտական վերծանմանը, հեղինակը դրանց լուծումը տալիս է մարդ-մարդ, մարդ-բնություն փոխադարձ կապի ու փոխազդեցության մեջ և այդ ամենը նա հիմնավորում է բնական գիտություններով և մաթեմատիկական օրինաչափություններով: Իսկ որպես իր տեսության ապացույց կարող են լինել իր իսկ բերած օրինակները:

«Մարդու մարմնամասերի անատոմիական կառուցվածքը: Ճանաչիր ինքդ քեզ և կճանաչես աշխարհը: Այսինքն մարդու կուռ (ձեռք)` «կ» տառն է մեր կանգնած վիճակում: Կուռը նշանակում է «Կ» x «ուռ»: Այսինքն այդ արմատական բառը ես առաջին անգամ տրոհել եմ: Դրա համար լեզվաբան ակադեմիկոս Ջահուկյանը ասում էր արմատները մի քանդիր, իսկ Աղայանը իմ տեսությունը կարդալուց հետո ինձ ասաց «գիտության շերտեր են ստեղծված, մի քանդիր»»:

Ըստ տեսության հեղինակի` անցյալ քաղաքակրթությունը սերունդներին ժառանգել է մարդ-երկիր-տիեզերք փոխկապակցված միջավայրին վերաբերող մի գիտական համակարգ, որը կոդավորված է լեզվի միջոցով` ըստ դրա թվային կառուցվածքի և կարող է լուծել գիտական աշխարհընկալման հարցերն ու գիտության այլ բնագավառներին առնչվող խնդիրներ: Հաշվի առնելով այս ամենը` Հրաչիկ Պողոսյանը կարծում է, որ գտել է Աստծո գիտության եզակի բանալին, որը թաքնված է եղել հայոց դասական գրաբարի և այբուբենի 36 տառերի մեջ:

«Մեր լեզվի աղավաղմամբ և դասական գրաբարի աղավաղմամբ ամբողջ աշխարհի քաղաքակրություն է աղավաղվել: Մեր այբուբենը եղել է մեր թվարկությունից 5400 տարի առաջ: Առանց հաստատման ես ոչինչ չեմ ասում»:

Հրաչիկ Պողոսյանը հավաստիացմնում է, որ իր բերած փաստերը հիմնվում են ժամանակակից բոլոր գիտությունների վրա և նրան վրդովվեցրել է այն, որ իր տեսությունը շատերը ներկայացնում են որպես սեփական` դրանով իսկ խախտելով Հրաչիկ Պողոսյանի հեղինակային իրավունքները:

Back to top button