ԿարևորՀասարակություն

«Շրջափակված Արցախի ձայնը»․ բացվել է արցախցի լուսանկարիչների ցուցահանդեսը

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերության նախաձեռնությամբ մայիսի 16-18–ը Երիտասարդական թատրոնի ճեմասրահում անցկացվում է Արցախում բնակվող լուսանկարիչների լուսանկարների ցուցահանդես՝ «Շրջափակման ձայնը» խորագրով։ Ցուցահանդեսի գլխավոր նպատակն է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը հանրությանը ներկայացնել արվեստի լեզվով։

Երբ դադարում են լսել մարդկային ձայնը, արվեստն է առաջ գալիս։ «Շրջափակված Արցախի ձայնը» ցուցահանդեսն արվեստի լեզվով է փորձում լսելի դարձնել արցախցիների ձայնը։

Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի նախասրահում Արցախում ապրող լուսանկարիչների գործերն են ցուցադրվում, որոնք պատմում մերօրյա իրողությունների մասին։ Տեր Սևակ քահանա Սարիբեկյանը ցուցադրվող լուսանկարներում երկու իրականություն է տեսնում՝ դառը, որի միջով այսօր անցնում է արցախցին և հույսը, որը, ինչպես ինքն է ասում՝ աստվածային է։

«Ինչքան էլ դժվար լինի, կարևորը հույսը և լույսը չկորցնելն է, ու սա մի նոր ելակետ է։ Մենք ոչ թե պետք է ողբանք ու կոծենք մեր ձեռքերը մեր ծնկներին տալով, այլ բարձրացնենք վերև, ու թող Աստված օրհնություն տա Արցախ աշխարհին»։

Թատերական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը նկատում է, որ այսօր մեր հայրենակիցները Արցախում իրենց կյանքի յուրաքանչյուր րոպեն ապրում են անպաշտպանության ու անորոշության զգացումով․

«Այս ցուցահանդեսը իրազեկում է Արցախի մասին։ Մենք պետք է խոսենք, բղավենք, որ մեր ձայնը լսելի լինի»։

Շրջափակումը նույնպես ձայն ունի։ Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի դասախոս Աննա Հեքեքյանը շնորհակալ է բոլոր այն ուսանողներին, որոնք կարողացել են իրենց ընկերների գործերը տեղ հասցնել․

«Ես շնորհակալ եմ արցախցիներին, որոնք պահում են մեր հողը, որոնք մեզ թույլ են տալիս ապրել, որոնք մեզ թույլ են տալիս լիաթոք շնչել։ Մենք հիմա կիսատ ենք ապրում։ Եվ միայն Արցախում ապրող հայերի տոկունություն է, որ մեզ տալիս մեջքը պահելու տոկունություն և հույս, որ մենք դեռ կհասնենք ամբողջական Արցախին։

Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը լուսանկարներին ծանոթ է։ Ասում է՝ անգամ մշուշապատ լուսանկարներից մեկում լույսի շող է նկատել․

«Մեր պատմության մեջ առաջին անգամ չէ, երբ որ մենք, չնայած բոլոր դժվարություններին, կարողացել ենք այն հաղթահարել։ Արցախի մեր հայրենակիցները իրենց ամենօրյա կյանքով ցույց են տվել այդ դիմադրությունը։ Վստահեցնում ենք, որ այդ պայքարը շարունակվելու է, ու հաջողություն մենք կարող ենք ունենալ համախմբվելու պարագայում»։

Սա լոկ ցուցահանդես չէ, ասում է ցուցահանդեսի կազմակերպիչ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերության ղեկավար Վովա Արզումանյանը։ Այն մեսիջ է՝ ուղղված անտարբեր աշխարհին․

«Այս ամենն ունի հստակ գաղափար՝ հասցնել աշխարհին, որ Արցախն այսօր ապրում է, Արցախում ապրում են հայեր ու Արցախը հայկական է։

Արցախն ապրում է անգամ այն ժամանակ, երբ ոտքերի տակից փորձում են հեռացնել հողը, երազող, ապրող ու սրտխփոց լսող հողը։ Այս ցուցահանդեսը տևելու է մինչև մայիսի 18-ը։ Հունիսին նախատեսվում է ցուցահանդեսը ներկայացնել Գյումրիում ու Վանաձորում։

Կարդացեք նաև

Back to top button