ԿարևորՀասարակություն

ԵՊՀ–ն 104-ամյակը նշում է «Բանուգործ»–ով․ ուսանողները փնտրում են աշխատանք, գործատուները՝ աշխատողներ

Մայիսի 16-ին Երևանի պետական համալսարանը նշում է հիմնադրման 104-ամյակը։ Ավելի քան մեկդարյա պատմություն ունեցող Մայր բուհում որոշել են օրը տոնական ու օգտակար դարձնել բոլորի համար։ ԵՊՀ–ում կազմակերպված «Բանուգործ» էքսպոն հնարավորություն է տվել նույն հարթության վրա հանդիպելու ու համագործակցելու գործատուներին, ուսանողներին ու աշակերտներին։ Ավելի քան 6 տասնյակ գործատու, ԵՊՀ 20 ֆակուլտետ ու ինստիտուտ․ կազմակերպիչները վստահ են՝ բուհ–աշխատաշուկա կապը գնալով զարգանում է, լավ մասնագետի կարիք միշտ կա, պարզապես պետք է փոխադարձ ճիշտ փնտրել ու գտնել։

Դպրոցականներն ապագա մասնագիտություն, ուսանողները՝ կարիերա ու աշխատանք, իսկ գործատուները՝ ապագա գործընկերներ գտնելու հույսով Երևանի պետական համալսարան են եկել։ Համալսարանում որոշել են հենց այս կերպ՝ շահագրգիռ բոլոր կողմերին մի հարթակի բերելով տոնել Մայր բուհի հիմնադրման104-ամյակը։

Ավագ դպրոցի աշակերտուհի Էլեն Թևոսյանը, օրինակ, չնայած մասնագիտության հարցում կողմնորոշվել է, «Բանուգործ» էքսպոյում հասցրել է բացահայտումներ անել:

«Նույնիսկ բացահայտեցի, որ մեր երկրում այսքան ոլորտային նախարարություններ կան, դրանց մեծ մասին մասին չգիտեի ու այսօր իմացա։ Ես իրավաբան եմ ուզում դառնալ ու ինչ որ ինֆորացիա իմանալ այդ ոլորտի ու ֆակուլտետի մասին, բնականաբար, շատ օգտակար է»,– պատմում է աշակերտուհին։

ԵՊՀ ֆակուլտետները ներկայացնող տաղավարներից ամենամարդաշատը թերևս Ֆիզիկայի ինստիտուտի տաղավարն է․ «Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում» բաժնի ուսանող Լյուդվիգ Հովսեփյանը պատմում է՝ փորձել են աշակերտներին ու ապագա դիմորդներին ֆիզիկայի բոլոր կիրառական ու ժամանակակից ուղղությունների հետ ծանոթացնել՝ պարզ ռոբոտաշինությունից մինչև ժամանակակից ռազմաարդյունաբերություն։

«Ֆիզիկան ինքնին բարդ է պատկերացնելը, բայց երբ խորանում ու սկսում ես ուսումնասիրել, էլ ավելի հետաքրքիր է դառնում, քանի որ կյանքում ամենուր մեզ հենց ֆիզիկան է շրջապատում։ Մենք փորձում ենք ցույց տալ այն հեռանկարները, այն արդյունքը, որ հնարավոր է ստանալ ֆակուլտետում ու այն ավարտելուց հետո։ Ցուցադրված սարքավորումները հենց այդ արդյունքի կարևոր բաղադրիչներն են»,– ասում է Լյուդվիգ Հովսեփյանը։

Նոր գործընկերներ՝ ճարտարագետներ ու միջուկային ֆիզիկայի մասնագետներ գտնելու ու համագործակցելու հեռանկարով էքսպոյին մասնակցում է նաև Հայկական ատոմակայանը։ ՀԱԷԿ–ի արտադրատեխնիկական բաժնի ճարտարագետ Նաիրա Ղուլիջանյանն ասում է՝ իրենց տաղավարը շատերին է գրավել, իրենք էլ միշտ երիտասարդ մասնագետների կարիք ունեն։

«Մենք նաև հուշագիր ունենք ստորագրած ԵՊՀ–ի, Ճարտարագիտական համալսարանի հետ ու, թափուր հաստիքներ լինելու պարագայում, աշխատում ենք առավելությունը տալ հենց այս բուհերի ուսանողներին։ Բարձրագույն կրթություն ունեցող մեր աշխատակազմի ավելի քան 30 տոկոսը հենց Մայր բուհի շրջանավարտներ են»։

Բնագիտական, տեղեկատվական տեխնոլոգիաների ու մաթեմատիկական կրթություն ստացող ուսանողներ ու պոտենցիալ ապագա աշխատակիցներ գտնելու համար աշխատաշուկային մասնակցում է նաև «Դասավանդիր Հայաստան» ընկերությունը։ Հավաքագրման մասնագետ Արամայիս Սիմոնյանն ասում է՝ հետաքրքրվողները շատ են՝ թե ուսանողներ, թե աշակերտներ․

«ԵՊՀ–ից շատ հետաքրքրվողներ ու թեկնածուներ կան, որոնք գյուղական համայնքներում հենց այս պահին էլ դասավանդում են ու իրենց երկամյա առաքելությունն են իրականացնում։ Եվ շատ հույս ունենք, որ այս էքսպոյի շրջանակներում ևս կգտնենք անհատների, որոնք կգործուղվեն Հայաստանի գյուղեր՝ ուսուցիչների բացը լրացնելու համար»,– ասում է «Դասավանդիր Հայաստանի» ներկայացուցիչը։

«Բանուգործը» հարթակ է, որտեղ աշակերտները ուսանողներն ու գործատուները կարող են հաղորդակցվել, հանդիպել ու, ինչու ոչ,  նաև համագործակցել։ Բուն էքսպոյին զուգահեռ Մայր բուհում նաև թեմատիկ պանելային քննարկում ու կոնֆերանս է ընթանում։ Քննարկումների առանցքում կրթության ու աշխատաշուկայի կապերն են, բուհի մրցունակությունը և այլն։ ԵՊՀ նորարարությունների ու զարգացման գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանն ասում է՝ աշխատանքի ու կրթության տոնավաճառին մասնակցում են ավելի քան 6 տասնյակ գործատուներ։ Կազմակերպիչները փորձել են ոլորտային ընտրությունը կատարել այնպես, որ ԵՊՀ–ում պատրաստվող բոլոր ապագա մասնագետներն ունենան իրենց հետաքրքրող գործատուների տաղավարները։

«Ասել, որ կրթական համակարգը միշտ արդյունավետ արձագանքում է աշխատաշուկայի պահանջներին՝ անմտություն կլինի։ Բայց հիմա մենք մեր ջանքերը ծառայեցնում ենք հենց դրան, փորձում ենք արդիականացնել ու բարելավել մեր կրթական ծրագրերը, որ մաքսիմալ համապատասխանեն դրանք աշխատաշուկայի պահանջներին։

Դեռ ավելին, մենք փորձում ենք նաև վաղվա օրն ուսումնասիրել ու հասկանալ 5-10 տարի հետ տնտեսությունն ու աշխատաշուկան ինչ պահանջներ կարող են ունենալ, ու մենք ինչպես պետք է պատրաստենք մեր ապագա մասնագետներին»,– մանրամասնում է Միքայել Հովհաննիսյանը։

Բուհը հաճախ նաև գործատուներից հետադարձ կապի միջոցով պետք է զարգանա ու քայլի ժամանակին համընթաց։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասում է՝ բուհ–աշխատաշուկա կապը հաճախ խարխլվում է տեղեկատվության պակասի պատճառով․ միշտ չէ, որ գործատուները գիտեն՝ որտեղ փնտրել այս կամ այն մասնագետին․

«Շատ կարևոր է նաև որ գործատուներն էլ ներկայացնեն իրենց պահանջները, թե ինչպիսի հմտությունների ու գիտելիքների կարիք ունեն իրենք զարգացող ոլորտներում։ Եվ կրթությունն էլ պետք է բավարար ճկուն լինի այդ ամենին արձագանքելու համար։ Շատ կարևորում եմ նաև, որ գործատուների պրակտիկ փորձառություն ունեցող մասնագետները ներգրավվեն դասավանդման գործնական հմտությունների ուսուցման մեջ»,– ասում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

ԵՊՀ–ում այս տարի ավելի քան 10 տոկոսով ավելացել է դիմորդների թիվը։ 59 կրթական ծրագրերով հայտարարված շուրջ 2500 տեղի համար ընդունելության առաջին փուլով Մայր բուհն արդեն ավելի քան 3000 դիմորդ ունի։ Ի դեպ՝ այս ցուցանիշով 104-ամյա համալսարանն առաջատարն է Հայաստանում։

Back to top button