ԿարևորՔաղաքական

ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, դա կքննարկվի՝ ըստ իրավիճակի. ՀՀ փոխարտգործնախարար

Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանը ռուսալեզու «Новая газета Европа» պարբերականին տված հարցազրույցում օրերս հայտարարել էր, որ ինչ-որ փուլում Հայաստանը քննարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը։ Նա չէր մանրամասնել, թե որ շրջանում է նման քննարկում եղել։ ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հաստատել է, որ նման քննարկում եղել է, նշելով, որ կա կազմակերպությունում մնալու որոշում։ Փորձագետները նկատում են, որ պաշտոնական Երևանը պարբերաբար ցույց է տալիս իր դժգոհությունը ՀԱՊԿ–ից, և դա արտացոլում է իշխանությունների հետևողականությունը ՀԱՊԿ-ի վերաբերյալ դիրքորոշումների առումով։

Թե կոնկրետ ե՞րբ է հստակորեն Հայաստանը քննարկել ՀԱՊԿ-ից դուրս գալու տարբերակը, փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, այսօր դժվարացավ ասել. «Ես կոնկրետ ժամկետ չեմ կարող ասել, որովհետև դա, ըստ երևույթին, քննարկվել է Անվտանգության Խորհրդում»։

Փոխնախարարը կարծում է՝ նման քննարկում եղել է սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ։ Հարցին, թե ինչու, այնուամենայնիվ, դուրս չի եկել Հայաստանը ՀԱՊԿ-ից, Մնացական Սաֆարյանն այսպես արձագանքեց. «Որոշում է ընդունվել չանել այդ քայլը, շարունակել աշխատանքները, որովհետև կան հարցեր, որոնք հետագայում քննարվեցին ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում, և այս աշխատանքները շարունակվում են։ Այդ մասին հայտարարել ենք։ Շուտով կլինեն նաև քննարկումներ Հարավային Կովկասում իրավիճակի հետ կապված»։

Փոխնախարարը նաև հայտնեց, որ այս պահին օրակարգում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չկա։ Նա, սակայն, չբացառեց, որ այդ հարցը կարող է կրկին օրակարգ մտնել՝ ըստ իրավիճակի։ Փորձագետները նկատում են, որ պաշտոնական Երևանը պարբերաբար ցույց է տալիս իր դժգոհությունը ՀԱՊԿ–ից, և դա արտացոլում է իշխանությունների հետևողականությունը ՀԱՊԿ-ի նկատմամբ դիրքորոշումներում։

Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանը խնդիրներ ունի՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը, համոզմունք հայտնելով, որ առանց ՀԱՊԿ-ի Հայաստանը շատ ավելի մեծ հնարավորություններ կստանա առաջին հերթին բանակի արդիականացման ու բարեփոխումների հարցում․ «Հայաստանի իշխանությունները կարծես թե երկչոտում են ռեալ քայլեր իրականացնել։ Դրա փոխարեն կիսաքայլեր են իրականացնում։ Հուսանք, որ գոնե այդ կիսաքայլերի միջոցով, ի վերջո, ինչ-որ մի հանգուցալուծման կգանք»։

«Հանգուցալուծում» ասելով, Ղևոնդյանը նկատի ունի նախ ՀԱՊԿ-ի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն, ինչին, սակայն, քիչ է հավատում։ Ըստ նրա՝ շատ ավելի լավ կլինի, որ Հայաստանը դադարեցնի անդամակցել ՀԱՊԿ-ին։

«ՀԱՊԿ-ը Հայաստանի համար փաստացի չգործող կառույց է։ Եթե այն չի գործում և միաժամանակ, այսպես ասեմ, Հայաստանի հնարավորությունները սահմանափակել է, ապա նրանից պետք է ազատվել»։

Իսկ ի՞նչ հետևանք կարող է ունենալ դա։ Ղևոնդյանը չի կարծում, որ կարող են լինել հետևանքներ, որոնք ավելի ծանր կլինեն Հայաստանի համար, քան եղել են մինչև հիմա տեղի ունեցած գործընթացներում։

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ռուսալեզու «Новая газета Европа» պարբերականին օրերս տված հարցազրույցում ասել էր, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության շուրջ քննարկումներ եղել են, ինչը, նրա խոսքով, բնական արձագանք է։ Արմեն Գրիգորյանը նաև նշել էր, որ 2022-ի սեպտեմբերին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի ժամանակ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից աջակցություն է ակնկալել, ինչը, սակայն, չի ստացել։

Փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի խոսքով՝ թեև անցած տարվա սեպտեմբերյան իրադարձությունների վերաբերյալ ՀԱՊԿ-ից ակնկալվող քաղաքական գնահատական չեղավ, որոշվել է, քանի որ իրավիճակը բարդ է, աշխատանքը շարունակել՝ լինելով ՀԱՊԿ-ի անդամ, ունենալով նաև պարտավորություններ։

 «Շարունակում ենք հույս ունենալ, որ մեր քայլերը, աշխատանքները կբերեն որոշակի արդյունքների։ Դեռևս այդ հույսը կա»։  

Մնացական Սաֆարյանի խոսքով՝ Ադրբեջանի ագրեսիային քաղաքական գնահատական տալու մասով ինչ-որ պահի կարող են քննարկումները վերսկսվել։ Մինչ այդ՝ այս պահին ՀԱՊԿ-ի դիտորդների տեղակայման խնդիրն է դրված։ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ից Հայաստանին օգնության տրամադրելու պատրաստակամություն կա, փաթեթը պատրաստ է, և այդ առումով սպասում են Հայաստանի արձագանքին։ Արդյո՞ք ՀԱՊԿ-ի հնարավոր օգնության փաթեթում սպառազինություն և զորք ևս ներառված է։ Փոխարտգործնախարը չցանկացավ այդ հարցին անդրադառնալ։

Պատասխանելով լրագրողների հարցերին, Սաֆարյանը նաև հաստատեց, որ Հայաստանը Ռուսաստանից չի ստացել անհրաժեշտ սպառազինություն, ինչի համար վճարել է միլիոնավոր դոլարներ․

 «Աշխատանքները ընթանում են, սպառազինությունները, իրոք, չեն հասել Հայաստան։ Փորձում ենք շարունակել աշխատանքները, ավելացնելու որևէ բան չկա»։

ԱԳ փոխնախարարը չի բացահայտում, թե ինչու սպառազինությունը չի հասել Հայաստան։ Իսկ որքա՞ն գումար է վճարվել ռուսական կողմին՝ Սաֆարյանը հորդորեց այդ հարցով դիմել  պաշտպանության նախարարություն։

Իր հարցազրույցում ԱԽՔ-ը խոսել էր նաև անվտանգության երաշխիքների փնտրտուքի մասին։ Փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանն այդ առումով ասաց միայն, որ ընդհանրապես, արտգործնախարարությունը Հայաստանի անվտանգության բաղկացուցիչները փորձում է առավել զարգացնել՝ բոլոր ուղղություններով։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն անհասկանալի է համարում, իր ձևակերպմամբ՝ չգործող կառույցին այլընտրանք փնտրելը։ Ըստ նրա՝ եթե «այլընտրանք» ասելով նկատի ունենք ՆԱՏՕ-ն կամ նման այլ կառույցներ, Հայաստանը դրա հնարավորությունն այս պահին չունի։ Մյուս կողմից չկա գնահատական, թե այդ կառույցների շահերը որքանով կհամընկնեն Հայաստանի երկարաժամկետ սպասելիքների, շահերի հետ․

 «Այնպես որ, այստեղ խնդիրը ոչ թե այլընտրանք գտնելն ու փոխարինելն է, այլ սահմանափակումներից ազատվելն է, որից հետո արդեն մենք բաց և ազատ կկարողանանք հաղորդակցվել աշխարհի այլ ռազմական համակարգերի հետ և փորձենք ինչը որ հնարավոր է, որտեղ որ հնարավոր է, տարբեր համակարգերի տարբեր տարրեր ներմուծել Հայաստան։ Ես նկատի ունեմ առաջին հերթին ռազմական տեխնիկա գնել ու բերել Հայաստան՝ հայկական բանակը վերազինելու համար, բարեփոխելու համար»։

Այդ ամենի հետ ՀԱՊԿ-ը շատ ուղիղ կապ ունի և մեծ չափով խանգարում է այս պահին՝ եզրակացնում է քաղաքագետը, հակադարձելով այն դիտարկումներին, որ կազմակերպությունն այդ ամենի հետ կապ չունի։

Կարդացեք նաև

Back to top button