ԿարևորՔաղաքական

Արցախի ժողովուրդն իր որոշումը կայացրել է 1991-ին և առաջնորդվում է դրանով․ Արցախի արտգործնախարար

«Արցախի ԱԳՆ ափսոսանք է հայտնում, որ Շառլ Միշելն իր խոսքում չանդրադարձավ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին։ Ամենակարևորը՝ անգամ չնշվեց Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշման պահանջների չկատարումը», –«Ռադիոլուրի» հետ զրույցում, անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, ասել է Արցախի  արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը։

Բրուսելյան եռակողմ հանդիպումից հետո հայտարարվեց, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պարտավորվել են հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը՝ համաձայն Ալմաաթիի հռչակագրի սկզբունքների։

Անդրադառնալով հարցին, թե ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ, Արցախի արտգործնախարարը նշել է․ «Արցախի ժողովուրդն իր կամարտահայտությամբ, որը տեղի է ունեցել 1991 թ–ին, որոշումն արդեն հռչակել է։ Այս ընթացքում բազմաթիվ տեսակետներ, կարծիքներ եղել են, բայց Արցախի ժողովուրդն ու ղեկավարությունն առաջնորդվում են ժողովրդի կողմից տրված մանդատով ու այդ շրջանակից դուրս չեն կարող գալ»։

Ղազարյանը նկատել է, որ Ադրբեջանի սադրիչ քայլերի արդյունքում է այս իրավիճակը ստեղծվել։

Հակարիի կամրջի վրա անցակետ տեղադրելով՝ ապրիլի 29-ից Ադրբեջանը խոչընդոտում է նաև Կարմիր խաչի աշխատանքը՝ թույլ չտալով շտապ բուժօգնության կարիք ունեցող հիվանդներին տեղափոխել Երևան։ Արցախի ԱԳ նախարարի խոսքով՝ Կարմիր Խաչի հետ քննարկումներն այս պահին էլ շարունակվում են, հայկական կողմը հույս ունի, որ լուծումներ կգտնվեն։

Back to top button