
Գերմանիա այցի շրջանականերում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Քյոլնի քաղաքապետ Հենրիետ Ռեկերի հետ:
Հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է հայկական սփյուռքի ընդհանուր պատկերը, ինչպես նաև գրասենյակի գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը:
Անդրադարձ է կատարվել Քյոլնի հայկական համայնքին՝ նշելով, որ համայնքի ներկայացուցիչներն ակտիվ և էական դեր ունեն երկու երկրների հասարակական կյանքում և երկու ժողովուրդների մերձեցման գործում։
Հենրիետ Ռեկերը ներկայացրել է քաղաքապետարանի գործունեությունը՝ ընդգծելով, որ Քյոլնի հայ համայնքը ներկայումս հանդիսանում է Գերմանիայի տարածքում ամենամեծ հայկական համայնքը, և բարձր է գնահատել համայնքի բազմամյա գործունեությունը:
Գլխավոր հանձնակատարը հատկապես կարևորել է հայերենի պահպանման հարցը և դիմել քաղաքապետին՝ քննարկելու Քյոլնի հանրային դպրոցներում սովորող հայազգի դպրոցականների համար հայերենի դասաժամի ներառման հնարավորությունը։

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը «Համբուրգի հայ համայնք 1965» կազմակերպության սրահում հանդիպել է Համբուրգում գործող հայկական կառույցների ներկայացուցիչների և հայազգի մի շարք անհատների հետ:
Հանդիպմանը մասնակցել է նաև Համբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոս Հայկո Հեխթը։
Շնորհակալություն հայտնելով այցելության համար՝ «Համբուրգի հայ համայնք 1965» միության ատենապետ Արսեն Համբարձումյանը նշել է, որ հանդիպումը սպասված էր և ընդգծել, որ տեղում գործող միություններն ակտիվ աշխատում են հանուն համայնքի համախմբվածության, հայ ինքնության պահպանման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ։

Գլխավոր հանձնակատարը մանրամասնորեն ներկայացրել է 2019 թվականից ի վեր գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքները, ծրագրերը, հայրենադարձության գործընթացը, Հայաստան-սփյուռք հարաբերությունների ներկայիս իրավիճակը, սփյուռքի ներուժի ներգրավմանն ուղղված նախաձեռնությունները։ Գլխավոր հանձնակատարը հորդորել է համայնքի երիտասարդներին մասնակցել օգոստոսին Հայաստանում կայանալիք Ազգային երիտասարդական համաժողովին և Համահայկական 8-րդ խաղերին։ Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով։ Հարցերը հիմնականում վերաբերել են սփյուռքի դպրոցներին դասագրքերի տրամադրմանը, ուսուցիչների վերապատրաստմանը և ընդհանուր մեթոդաբանության խնդիրներին, հայրենադարձությանը, Հայաստանի և Արցախի մարտահրավերներին, զինվորական ծառայությանը, սփյուռքում հայկական ինքնության պահպանման դժվարություններին։
Հանդիպման ավարտին Գլխավոր հանձնակատարը Համբուրգի հայ համայնքի մի շարք կառույցների և անհատների հանձնել է շնորհակալագրեր:

Համբուրգում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է «Մանթաշյանց» գործարար ակումբի ներկայացուցիչների հետ։
Գործարար հանրույթի հայազգի ներկայացուցիչները ներկայացրել են Գերմանիայում իրենց կողմից ծավալվող տնտեսական գործունեությունը ու բիզնես նախաձեռնությունները։ Գլխավոր հանձնակատարն իր հերթին հակիրճ ներկայացրել է գրասենյակի գործունեությունը և բարձր գնահատել հայ գործարարների աշխատանքը։
Զարեհ Սինանյանը հանդիպել է նաև Հայկական բիզնես ցանցի ներկայացուցիչների հետ, որոնց գերակշիռ մասը տարբեր ոլորտների հայազգի մասնագետներ և գործարարներ են։
Հանդիպման մասնակիցներին է ներկայացվել Հայաստանի կողմից առաջարկվող ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև գրասենյակի և Հայաստանի այլ պետական մարմինների կողմից իրականացվող ծրագրերը։
Հարցերը հիմնականում վերաբերել են հայրենադարձությանը, սփյուռքի ներուժի ներգրավմանը, Հայաստանի անվտանգությանը, զինվորական ծառայությանը, սոցիալ֊տնտեսական ծրագրերին և դրանց բարելավմանն ուղղված քայլերին։
Գլխավոր հանձնակատարը այցելել է նաև «Համբուրգի հայ համայնք 1965» կազմակերպության դպրոց, որտեղ գործում է նաև հայկական պարախումբ և երգչախումբ։ Զարեհ Սինանյանը շրջայց է կատարել դպրոցում, ծանոթացել դպրոցի և մշակութային խմբերի գործունեությանն ու առկա խնդիրներին։
Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել դպրոցի ղեկավարությանը և բարձր գնահատել դպրոցի և մշակութային խմբերի հայապահպան աշխատանքը։




