ԿարևորՔաղաքական

Խաղաղության պայմանագրի ամենակարևոր հարցերից մեկը դրա իրականացումն ապահովելն է. ՀՀ փոխարտգործնախարար

Աջակցում ենք Հայաստանին և Հայաստանի տարածքային ամբողջականությանը` բրյուսելյան հանդիպումից հետո Շառլ Միշելի ամփոփիչ հայտարարությանն անդրադառնալով, ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ն հանձնառու է և պատրաստ, աջակցելու Հայաստանին ու Ադրբեջանին հարատև և խաղաղ լուծում գտնելու ճանապարհին, ինչը, նրա խոսքով, ոչ միայն խաղաղություն կապահովի, այլև կերաշխավորի կայունություն այս տարծաշրջանում:

Փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանն էլ լրագրողների հետ զրույցում նշել է, որ ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը ներառված է խաղաղության պայմանագրում։ Արդյո՞ք մինչև փաստաթուղթ ստորագրելը ադրբեջանական զորքերը դուրս կգան Հայաստանի ինքնիշխան տարածքից. ի պատասխան հարցի՝ փոխարտգործնախարարը ասել է միայն, որ սահմանների ճանաչումը ենթադրում է նման դուրսբերում։

Արցախահայության իրավունքների և անվտանգության հարցը բարձրացվել է Բրյուսելում կայացած Փաշինյան–Միշել–Ալիև հանդիպման ժամանակ։ Սակայն Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարն ավելին ասել չի կարող։ Անդրեա Վիկտորինը նկատում է՝ մի քանի անգամ ընդգծվել է, որ քննարկման առարկա են շփումները Ստեփանակերտի և Բաքվի միջև։ Շեշտվել է, որ դրանք պետք է երաշխավորվեն։ «Կարծում եմ՝ սա նույնպես ենթադրում է առաջիկայում լրացուցիչ քայլեր։ Կա նաև այդ ընկալումը, որ ինչ-որ միջազգային մեխանիզմ է պետք, բայց մենք պետք է աշխատենք այն ձևավորելու ուղղությամբ և բոլոր կողմերի հետ համաձայնեցնենք։ Հետևաբար, աշխատանք կա անելու»,– լրագրողների հետ հանդիպմանը նշել է եվրոպացի դիվանագետը։

Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը մի շարք գործընկրների կողմից՝ ԵՄ-ի, ԱՄՆ-ի, քննարկվել է, և սահմանների ճանաչումը, իհարկե, ենթադրում է նման դուրսբերում՝ ձևակերպեց Հայաստանի փոխարտգործնախարար Պորույր Հովհաննիսյանը։ Նա ասաց, որ այդ հարցը բաժանված չէ ընդհանուր քննարկումից.  

«Այդ հարցը ներառված է և՛ խաղաղության պայմանագրում, և՛ այլ գործընթացներում, որոնք ընթանում են։ Դրա համար բաժանել այդ հարցերը մեկը մյուսից՝ անհնար է»։

Խաղաղության պայմանագրում կան դրույթներ թե՛ սահմանազատման, թե՛ ճանապարհների ապաշրջափակման մասով՝ պարզաբանեց փոխարտգործնախարարը։ Ասաց, որ պայմանագիրը ներառում է սկզունքներ, որոնց հիմքի վրա փորձ է արվելու խաղաղություն հաստատել։ Հովհաննիսյանն ավելացրեց, որ ամենակարևոր և զգայուն հարցերից մեկը պայմանագրի իրականացումն ապահովելն է, ինչն էլ, նրա խոսքով, քննարկվում է ամեն առիթով։ Նա ասաց նաև, որ իրավիճակի կայունացմանը մեր տարածաշրջանում նպաստում են նաև ԵՄ դիտորդները։

Աջակցում ենք Հայաստանին և Հայաստանի տարածքային ամբողջականությանը` Բրյուսելյան հանդիպումից հետո Շառլ Միշելի ամփոփիչ հայտարարությանն անդրադառնալով, ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։ Նրա խոսքով դա հայտարարության հիմնական ուղերձն է․

«Բոլոր հարցերը պետք է հստակ քննարկվեն, ներկայացվեն բանակցությունների սեղանին և, եթե ուշադրությամբ կարդաք հայտարարությունը, ապա կտեսնեք, որ հիմնական ուղերձը հենց դա է»։ 

Մենք հասկանում ենք, որ չափազանց կարևոր է գալ համաձայնության և, հուսով ենք, որ երկու կողմերն էլ իրենց զորքերը կհանեն և կանցնեն սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին՝ կողմերից ներկայացված Ալմաթիի հայտարարության հանձնառության շրջնակներում՝ ասաց ԵՄ դեսպանը։ Դիտարկմանը, որ ադրբեջանական զորքերն են Հայաստանի տարածք ներխուժել՝ ինչո՞ւ է հավասարության նշան դրվում, ԵՄ դեսպանն ասաց, թե մեկ-երկու կետերում էլ Հայաստանի զորքերն են Ադրբեջանի տարածքում։ Դեսպան Վիկտորինը չմանրամասնեց, թե կոնկրետ որ հատվածների մասին է խոսքը, ասաց միայն, որ մանրամասներին ծանոթ չէ և դա բանակցությունների քննարկումներից է միայն լսել։ Ի՞նչ կետերի մասին է ԵՄ դեսպանի խոսքը՝ հետաքրքրվեցինք փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանից.

«Ինձ համար էլ պարզ չէ՝ ինչի մասին է խոսքը, բայց հավանաբար խոսքը վերաբերում է դեռ առաջին պատերազմին՝ Լեռնային Ղարաբաղում։ Թերևս այդ տեսանկյունից պետք է նայել։ Բայց, ես էլ եմ դժվարանում ասել ինչի մասին է խոսքը։ Ըստ երևույթին, սա նաև ընդունված ձևաչափ է՝ միշտ դիմել երկու կողմերին և այլն, բայց այստեղ ակնհայտ է բոլորի համար, որ այս շրջանում խոսքը գնում է Հայաստանի տարածքից զորքերի դուրսբերման մասին։ Դրան անդրադարձել են թե ԵՄ-ն, թե ԱՄՆ-ն, այլ գործընկերները։ Իմ կարծիքով՝ բոլորի համար ակնհայտ է ինչի մասին էր գնում խոսքը»։

Շառլ Միշելի ամփոփիչ հայտարարությունում այս անգամ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումն ընդհանրապես բացակայում էր։ Հովհաննիսյանի խոսքով՝ դա նշանակում է, որ գործընկերներն այլևս չեն օգտագործում այդ եզրույթը և ակնհայտ է, թե ինչ դիրքորոշում ունեն միջնորդները․  

«Մեր «կարմիր գծերից» մեկն այն է, որ երկաթուղին հաղորդակցությունների ապաշրջափակման շրջանակում պետք է գործի բացառապես Հայաստանի օրենսդրության իրավասության տակ։ Միայն այս հարցի վերաբերյալ հստակ երաշխիքներ ստանալուց հետո կարող ենք խոսել շինարարական և այլ աշխատանքների մասին»։

Ռուսաստանի հետ համատեղ ստեղծվել է եռակողմ հանձնաժողով, հիշեցրեց փոխարտգործնախարարը, տեղեկացնելով, որ շուտով հանդիպում կկայանա Մոսկվայում, այսինքն՝ այդ հարցը քննարկվում է և առանձին ձևաչափով․

«Բոլոր հարցերի շուրջ ջանքերը գործադրվում են զուգահեռաբար, դրանք միմյանցից առանձին բանակցություններ չեն։ Նպատակն այն է, որ մեր տարածաշրջանում ապահովվի խաղաղության գործընթացը»։

Այն, որ այդ գործընթացին ԵՄ-ն աջակցում է՝ մի քանի առիթներով ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը շեշտեց՝ գնահատելով, որ այդ ուղղությամբ աշխատանքներն առաջադիմություն են ապահովում։ Խոսելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների ու համատեղ տարբեր տնտեսական ծրագրերի մասին՝ ընդգծեց․

 «Սյունիքում 55 մլն եվրոյի աջակցություն ենք տրամադրել, որով հստակ ազդակ ենք ուղարկում, որ աջակցում ենք Հայաստանին և Հայաստանի տարածքային ամբողջականությանը»։

ԵՄ դեսպանը նաև գերիների վերադարձի խնդրին անդրադարձավ։ Այդ ուղղությամբ բավականին երկար ժամանակ է աշխատում են։ Կա ընդհանուր ընկալում, որ պահվող անձինք գալիք շաբաթների ընթացքում բաց կթողնվեն։ Կոնկրետ այդ ձևակերպումը կա հայտարարության մեջ, շեշտեց ԵՄ դեսպանը՝ արձագանքելով հարցին, թե արդյո՞ք բոլոր պահվող անձանց է վերաբերվում հայտարարության տվյալ ձևակերպումը, այդ թվում՝ վերջերս Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի երկու զինծառայողներին, որոնցից մեկը սպանություն է կատարել։

Ադրբեջանը հաճախ հրաժարվում է իր պարտավորությունների կատարումից, այդ թվում՝ գերիների վերադարձի մասով։ Ինչի՞ է պատրաստ ԵՄ-ն՝ երաշխավորելու իր միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը՝ հարց ուղղվեց ԵՄ ներկայացուցչին․   

«Ես դիվանագետ եմ ու հավատում եմ՝ բանակցություններին ի պատասխան, ասաց դեսպանը։ Նա վստահեցրեց՝ ԵՄ նախագահ Շառլ Միշելի կողմից հարցերի պատասխաններ ապահովելու և ընթացք տալու ընթացիկ հանձնառությունը կա։ Հույսով լինենք, որ հաջորդ հանդիպմանը՝ հուլիսի1-ին կարձանագրենք, թե այս համաձայնություններն ինչքանով են իրականացվում»,– եզրափակեց Հայաստանում ԵՄ դեսպանը։ 

Կարդացեք նաև
Close
Back to top button