ԿարևորՄիջազգային

Քըլըչդարօղլու- Էրդողան եզրափակիչ մենամարտը՝ մայիսի 28-ին․ արդյունքների հարցում փորձագիտական կարծիքները խիստ տարբեր են

Թուրքիայում քվեների 100 տոկոսի հաշվարկից հետո պարզ դարձավ, որ տեղի կունենա նախագահի ընտրության երկրորդ փուլ, քանի որ թեկնածուներից ոչ ոք 50+1% ձայն չստացավ։ Գործող նախագահ Ռեջեփ Էրդողանի օգտին քվեարկել է ընտրողների 49,35 տոկոսը, իսկ ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուին ձայն է տվել ընտրողների 45 տոկոսը։ Ո՞վ կհաղթի երկրորդ փուլով․ վերլուծաբանների կարիծքները տարբերվում են։ Նրանցից ոմանք համոզված են, որ կընտրվի ընդդիմության թեկնածուն, մյուսներն ակնհայտ են համարում Էրդողանի ընտրվելու հավանականությունը։

Էրդողանի՝ ավելի շատ քվեներ ստանալու հավանականությունն ակնհայտ է համարում ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։ Եղավ այն, ինչ սպասելի էր, «Ռադոլուրի» հետ զրույցում ասաց նա, եզրակացնելով՝ երկրորդ փուլում ամենայն հավանականությամբ կհաղթի Էրդողանը։ Նա նաև որոշիչ գործոն համարեց խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակը․

«Էրդողանը կարողացավ շատ ձայներ հավաքել և երկրորդ փուլով կհաղթի։ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթեց , այդ առումով Էրդողանը, ընտրվելու դեպքում, մեծամասնություն կունենա խորհրդարանում։ Քըլըչդարօղլուն շանս չունի հաղթելու։ Ընտրությունները ցույց տվեցին իշխող ուժի կենսունակությունը»։

Ընդդիմության թեկնածու Քըլըչդարօղլուն մի դեպքում կարող է հաղթել, ըստ ակադեմիկոսի, եթե երկրորդ փուլով ընտրություններին մասնակցեն նաև այն ընտրողները, որոնք մասիսի 14-ի ընտրություններին չմասնակցեցին։ Ընտրապայքարից դուրս եկած թեկնածու Մուհարեմ Ինջենը ստացել է ձայների 0,43%-ը։ Այդ ձայները, ըստ Սաֆրաստյանի, գուցե երկրորդ փուլում անցնեն ընդդիմության թեկնածուին, սակայն ավելի քան 5 տոկոս քվե ստացած թեկնածու, ծայրահեղ հայացքներ ունեցող, ազգայնական ու ազգությամբ ադրբեջանցի Սինան Օգանին տրված ձայները, թերևս, կանցնեն Էրդողանին։

 Թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը, մինչդեռ, տրամագծորեն այլ կարծիք ունի Թուրքիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների մասին։ Նա նախ նկատում է, որ ընտրություններն անցել են ընտրախախտումներով, զենքի կիրառմամբ․

«Ողջ Թուրքիայի պատմության մեջ  սա ամենաուղղորդված ընտրությունն էր։ Երբ տեսան, որ ընթացքը գոհացնող չէ, էրդողանի կողմնակիցները պետական ապարատից սկսեցին ուղղորդել ընտրողներին տեղամասեր։ Նման պայմաններում ընտրություններն անսպասելի չէին, սակայն անսպասելի էր ադրբեջանաբնակ Կարսում, Իգդիրում Քըլըչդարօղլուի օգտին քվեարկելու արդյունքը։ Անհասկանալի է նաև երկրաշարժի գոտում Էրդողանի օգտին քվերակությունը»։

Կարեն Հովհաննիսյանը կարծում է, որ երկրորդ փուլում Էրդողանի օգտին քվեարկածներից ոմանց ձայները կգնան Քըլըչդարօղլուին։ Խոսքը նրանց մասին է, որոնց ուղղորդել են քվեարկել Էրդողանի օգտին։ Մյուս կողմից պետք է հիշել, որ գործող նախագահը մեծ ցանկություն ունի նախագահել Թուրքիայի հիմնադրման 100-ամյակին, որը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերին և նա ամեն ինչ կանի այդ օրվան հասնելու համար, կարծում է փորձագետը․

«Ընտրակեղծիքները շատ կլինեն։ Էրդողանը ուզում է Թուրքիայի հիմնադրման 100-ամյակին  ղեկավարել և կեղծիքների միջոցով հնարավոր է հաղթի, բայց այդ դեպքում անկարգություններ կսկսվեն Թուրքիայում»։

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն այս առումով շարունակում է կարծել, որ Էրդողանը Թուրքիայի հիմնադրման 100-ամյակին` 2023 թ. հոկտեմբերին, պատրաստ չէ չլինել երկրի նախագահ: Նրա կարծիքով՝ Էրդողանի քաղաքական ժառանգ ընտրելու հարցը հրամայական է։

Ակադեմիկոս Սաֆրաստյանը երկրորդ փուլում Էրդողանի հաղթելու պարագայում անկարգությունների հավանականությունը փոքր է համարում։ Նա հիմնվում է ընդդիմության թեկնածուի մարդկային որակների վրա․ Քըլըչդարօղլուն ավելի հավասարակշռված է և անկարգություններ թուլ չի տա։ Այլ պատկեր կտեսնենք, եթե Էրդողանը չընտրվի, այդ դեպքում անկարգություններ անպայման կլինեն։

Ի՞նչ կփոխվի տարածաշրջանի համար ընդդիմադիր թեկնածուի հաղթելու դեպքում։ Կարեն Հովհաննիսյանի կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունը ժամանակ կշահի․

«Մեծ հաշվով Հայաստանի համար ոչինչ չի փոխվի, բայց ժամանակ կշահենք մինչև թուրքական ծրագրերի կյանքի կոչումը։ Նա արևմտյան թևին է հարում, և անկախ Թուրքիան, Քըլըչդարօղլուի ընտրվելով, կդառնա կախյալ՝ Արևմուտքից, իսկ Ռոսաստանը կկորցնի Թուրքիան ու չի ունենա մեր տարածաշրջանում այնպիսի գործընկեր, որի հետ կկարողանա առևտրի գնալ Սիրիայի, Ուկրաինայի ու Հարավային Կովկասի հարցերում»։

Մայիսի 28-ին նշանակված Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Էրդողան-Քըլըչդարօղլու պայքարում կհաղթի ձայների պարզ մեծամասնություն ապահոված թեկնածուն:

Back to top button